Կորոնավիրուսի վարակման նոր դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել: Այս մասին այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելու առաջ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, երբ վարչապետն այս հարցով դիմեց նախարարին:
«Վատ իմաստով, երեկ ռեկորդային թիվ ենք ունեցել՝ 134 նոր դեպք: Եվ այսպիսով, ընդհանուր դեպքերի թիվը ստացվում է 2066, բուժվածների թիվը՝ հավելյալ 29-ը բուժվածներով՝ ընդհանուր 929 բուժված: Եվ այս պահին փաստացի բժշկական հսկողության տակ գտնվող անձանց քանակը 1103 է: Դժբախտաբար, ունենք մահվան 2 դեպք, այսինքն՝ մահերի ընդհանուր թիվը կազմում է 32»:
Նախարարի տեղեկացմամբ՝ արհեստական շնչառական սարքերին այս պահին միացված է 6 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 17, ծանր վիճակում՝ 59 հիվանդ:
Թորոսյանն ասաց՝ իրադարձությունների զարգացման այս սցենարի դեպքում հավանաբար շուտով կանցնեն ասիմպտոմ՝ շատ թեթեւ հիվանդներին չհոսպիտալացնելու ռազմավարությանը. «Իհարկե, մեր մոտեցումն այնպիսին է, որ այն օրը, երբ մենք պետք է կայացնենք այդ որոշումը` փորձելու ենք առավելապես ձգել, որովհետեւ դա բերելու է ապագայում հետագա տարածման: Ենթադրում եմ՝ դեռ 5-6 օր կկարողանանք այս տեմպը ձգել, չնայած այս 134 քաղաքացիների մեջ եղել են իրար հետ շատ փոխկապակցված անձինք, այսինքն՝ մենք չենք կարող վստահաբար ասել, որ այսօր էլ այդքան քաղաքացի կլինի, հնարավոր է ավելի քիչ լինի: Այդ փոխկապակցվածության հանգամանքն է շատ մտահոգում՝ մի դեպք ունենք, որից միշտ փորձել ենք խուսափել: Դա հուղարկավորությանը վարակված անձի մասնակցությունն է եղել եւ այլ անձինք են վարակվել: Դրա համար պետք է նորից կոչ անենք, որ նման արարողություններին փոքրաթիվ մարդիկ մասնակցեն, եւ չհամարեն, որ վտանգն անցել է»:
Կարդացեք նաև
Արդյոք այս նոր տվյալները պարետատան ծրագրերը կփոխե՞ն, փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց Փաշինյանը:
Ի պատասխան՝ Ավինյանն ասաց, «Դեռեւս՝ ոչ, ընդհանուր առմամբ շրջանակը կոնկրետ է եւ մենք ունեցել ենք հիվանդանոցում բավականին լուրջ խնդիր եւ այդտեղ էլ քիչ, թե շատ շրջանակը կոնկրետ է: Այնուամենայնիվ, վարակի տարածման դինամիկայից կախված՝ մեր որոշումները կարող են փոփոխվել, դեռեւս դրա կարիքը չկա: Բայց մոտակա օրերի թվերն եւ անձանց շրջանակը, ում մոտ դրական կհաստատվի, մեզ թույլ կտա վերջանական որոշումներ կայացնելու»:
Փոխվարչապետի ներկայացմամբ՝ այս պահին որոշված է՝ մայիսի 4-ից փոփոխվելու է տնտեսական գործունեության վերաբերյալ պարետի որոշումն եւ էական ոլորտներ բացվելու են՝ պարտադիր կանոնների պահպանմամբ, բայց կրթական համակարգը փակ է մնալու, զվարճանքի, ժամանցի եւ մշակութային ոլորտները փակ են մնալու, վերագործարկվելու է մշակող արդյունաբերությունը, բացվելու են որոշ տեսակի խանութներ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ