Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փոփոխված էկոհամակարգերը ծնում են վիրուսների փոփոխված շտամներ, ինչով և բացատրվում է նոր հիվանդությունների հարուցիչների անընդհատ ​​առաջացումը. առաջարկ կառավարությանը` դառնալ ՄԱԿ-ում համատեղ նախագիծ մշակելու նախաձեռնող

Ապրիլ 30,2020 12:20

ՀՀ Մտավորականների խորհրդից
ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին

 Դ Ի Մ ՈՒ Մ

 Բնապահպաններից շատերի, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության մասնագետների կարծիքով, ներկայիս COVID-19 համավարակը պատահականություն չէ, այլ օրինաչափություն։

Դեռ ավելի քան կես դար առաջ հռոմեական ֆուտուրոլոգների աշխարհահռչակ ակումբը ներկայացրեց ժամանակակից քաղաքակրթության հավանական զարգացման կանխատեսումը, ընդ որում, առավել հոռետեսական սցենարը բնութագրում էր շրջակա միջավայրի նկատմամբ հակաբնապահպանական մոտեցման գերակայությունը և, համապատասխանաբար, բնության բացասական արձագանքը: Ներկայումս Ակումբի հիմնադիրներից մեկը՝ Դենիս Մեդոուզը, հանդես է եկել այդ սցենարի ժամանակակից իրականացումն արդարացիորեն հաստատող հոդվածով։

1971թ. աշխարհի 2000 գիտնականներ դիմել էին մարդկությանը՝ շրջակա միջավայրի վերահաս աղետի մասին նախազգուշացումով, և այս ենթատեքստում սեփական դիրքորոշումը արմատապես վերանայելու կոչով:

1992թ, ըստ էության, նմանատիպ, բայց շատ ավելի տագնապալի կոչ` «Աշխարհի գիտնականների նախազգուշացումը մարդկությանը» ստորագրեցին 1600 գիտնականներ աշխարհի 71 երկրներից, ներառյալ՝ Նոբելյան մրցանակակիրների կեսը: Ահա կարճ մեջբերում․ «Մարդկային հասարակությունն ու բնությունը մտել են հակասության մեջ: Մարդկանց գործունեությունը ծանր և, հաճախ, անդառնալի վնաս է հասցնում շրջակա միջավայրին և արժեքավոր ռեսուրսներին: Անհրաժեշտ են հիմնարար փոփոխություններ, եթե մենք ուզում ենք խուսափել այն աղետից, ինչին տանում է մեզ մեր ներկայիս ընթացքը»:

Ցավոք, պետք է փաստենք, որ քննարկվող ենթատեքստում քաղաքակրթության ձեռքբերումները քիչ հուսադրող են:

Եվ, վերջապես, 2019-ի նոյեմբերին 150 երկրների 11 հազար գիտնականներ միացան ավստրալացի հետազոտող Թոմաս Նյասոմայի զեկույցին,  որում ասվում է. «Գիտնականների բարոյական պարտքն է նախազգուշացնել մարդկությանը վերահաս վտանգի մասին: Ըստ մեր տվյալների ՝ մենք գտնվում ենք կլիմայական աղետի շեմին»:

Ի պատասխան գիտնականների առաջին հայտարարության ՝ ՄԱԿ-ում 1972 թ. ստեղծվել է հատուկ կառույց` UNEP (ՄԱԿ-ի շրջակա միջավայրի պահպանման ծրագիր), որի շնորհիվ ծավալվել է հսկայական գործունեություն, մասնավորապես` ՄԱԿ-ի այլ կառույցների հետ համատեղ, մշակվել և հաստատվել են միջազգային ծրագրեր, կոնվենցիաներ, ինչպես նաև բնապահպանության և կայուն զարգացման (ԿԶ) ոլորտի այլ նախագծեր ու համաձայնագրեր: ՄԱԿ-ը պարբերաբար անց է կացնում համաշխարհային գագաթաժողովներ՝ քննարկելու վերը նշված գործողությունների իրականացման ընթացքն ու արդյունքները, և ամեն անգամ արձանագրվում է հետևյալը. աշխարհում հսկայածավալ աշխատանքներ են տարվում շրջակա միջավայրի խնդիրների լուծման և դեպի կայուն զարգացում փոխակերպման ուղղությամբ, բայց ակնհայտ է, որ այդ գործողությունները ի վիճակի չեն ամբողջությամբ չեզոքացնել այն բացասական փոփոխությունները, որոնք զարգանում են Երկիր մոլորակի վրա, ավելին, գլոբալ աշխարհակարգում սրվում են մարդածին քայքայիչ գործընթացները: Ըստ այդմ, ամեն անգամ նման բարձր համաժողովները երկրներին և միջազգային կազմակերպություններին կոչ են անում ակտիվացնել իրենց համակողմանի ջանքերը կայուն զարգացման անցնելու ուղղությամբ: Այսպես` օրինակ, այսօր նմանատիպ, գիտականորեն բավականին հիմնավորված կոչ է ընդունված ՄԱԿ-ի UNEA-ի կողմից (ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի պահպանության ասամբլեա) համաշխարհային «Կայուն զարգացման 2030 օրակարգ» ծրագրի տեղայնացման և իրականացման ոլորտում, որը կներկայացվի այս տարվա հուլիսին HPF-ի (ՄԱԿ-ի Բարձր քաղաքական ֆորում) նիստին:

Համոզված ենք, որ ներկայիս համավարակը օրինաչափ երևույթ է ըստ քանակի և ըստ բացասական ազդեցության աճող վնասաբեր տարերային աղետների շարքում, որպես Երկիր մոլորակի արձագանք ժամանակակից գերսպառող հասարակության կործանարար գործունեության, ինչի մասին բնապահպանները վաղուց ահազանգում էին: Հատուկ պետք է նշենք, որ փոփոխված էկոհամակարգերը բավականին արագ ծնում են վիրուսների և բակտերիաների փոփոխված շտամներ, ինչով և բացատրվում է նոր, նախկինում անհայտ հիվանդությունների հարուցիչների անընդհատ ​​առաջացումը):

Մեր երախտագիտությունն ենք հայտնում նաև Հռոմի Ֆրանցիսկոս Պապին, ով նմանատիպ կարծիք հայտնեց այս ճակատագրական հարցի վերաբերյալ:

Գտնում ենք, որ խնդիրը վաղուց հասել է համընդհանուր քաղաքակրթական անվտանգության մակարդակի և պետք է դիտարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից:

Կոչ ենք անում գումարել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստ (հնարավոր է` Arria բանաձևով, ինչպես որ դա իրականացվել է «կլիմայի փոփոխության պատճառով հակամարտությունները կանխելու» նպատակով): Վերջինս իսկապես չափազանց կարևոր է, սակայն մեր կողմից քննարկվող հիմնախնդիրը շատ ավելի լայն է և ենթադրում է մարդկության գործունեության և մտածելակերպի արմատական ​​փոփոխություն բոլոր մակարդակներում՝ սոցիալ-տնտեսական, բնապահպանական, հոգևոր-կրթական:

Համոզված ենք, որ ժամանակի հրատապ պահանջը հետևյալն է. «Homo sapiens»-ը պետք է փոխակերպվի «Homo sapiens and Moral»-ի, ընդ որում բարձր բարոյականությունը պետք է դրսևորվի ոչ միայն իր տեսակի ներսում մասնավորապես, այլ, նախևառաջ, բնության հետ բազմակողմանի հարաբերություններում ընդհանրապես:

Նախատեսվում է ՀՀ պատվիրակության մասնակցությունը ՄԱԿ-ի Բարձր քաղաքական ֆորումի առաջիկա հանդիպմանը: Մենք առաջարկում ենք Հայաստանի Կառավարությանը դառնալ «Համաշխարհային բնապահպանական պակտ՝ հանուն կայուն զարգացման» անվանումով համատեղ նախագծի մշակման վերաբերյալ առաջարկի նախաձեռնող: Նախագիծը պետք է ներկայացվի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի հաստատմանը: Այն կոչված կլինի արմատապես բարելավել մարդկության հետագա զարգացումը և, հետևաբար, կանխել հնարավոր վերահաս աղետները:

Մտավորականների խորհրդի անունից՝

 ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ – Կենսաբանական գիտ. թեկնածու, Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ – Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, «Քաղաքակրթությունների երկխոսություն»ազգային կենտրոն ՀԿ ղեկավար

 Մտավորականների խորհրդի անդամներ՝

 ԱԶԱՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ – Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆ – ԳԱԱ թղթակից-անդամ, պրոֆեսոր

ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ – Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ – Արտակարգ ու լիազոր դեսպան, Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ

ՎԱՀԱՆ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ – Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխ.գիտությունների դոկտոր

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ – «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն

ԱՐՄԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ  – Պատմաբան-քաղաքագետ, ՌԴ հումանիտար գիտ. ակադեմիայի անդամ, պրոֆեսոր

ԺԱՍՄԻՆԱ ՂԵՎՈՆԴՅԱՆ – Ներուժ ՀԿ նախագահ

ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ – Հրապարակախոս

ԵԼԵՆԱ ՄԱՆՎԵԼՅԱՆ – Բժշկական գիտ.թեկնածու

ԵԼԵՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ – «Խաչմերուկ»ՀԿ Ադրբեջանի հայության ցեղասպանության իրավական ճանաչման երևանյան խմբի համակարգող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930