Արտակարգ դրությունը և ճգնաժամային իրավիճակը հանրության հետ լուրջ աշխատանք է ենթադրում, որպեսզի հնարավոր լինի իրավիճակը պահել վերահսկողության տակ։ Իսկ զարգացումները վերահսկելու համար անհրաժեշտ է պայմաններ ստեղծել հանրության համախմբման համար, որպեսզի կարողանանք սահուն կերպով հաղթահարել ճգնաժամը։ Տրամաբանական կարող էր թվալ, որ արտակարգ դրության ռեժիմի պայմաններում քաղաքական գործընթացների որոշակի պասիվացում պետք է նկատվեր, և հասարակության ու իշխանությունների ուշադրությունը սևեռվեր միայն առկա խնդիրները լուծելու և ստեղծված իրավիճակից դուրս գալու հարցերի վրա։ Սակայն մենք ականատես ենք լինում մի երևույթի, որ երբ քաղաքական գործընթացների ակտիվություն է նկատվում, հանրության տարբեր հատվածների միջև թշնամանքը շարունակում է խորանալ և խորը արմատներ գցել։ Իսկ հասարակության համախմբման վերաբերյալ ակնկալիքներն այդպես էլ իրականություն չեն դառնում։
Եվ այս իրավիճակի մեջ ամենամեծ պատասխանատվության բաժինն ունի հենց իշխանությունը, որը իրավիճակից դուրս գալու ուղղությամբ ելքեր փնտրելու փոխարեն, պրիմիտիվ բանավեճերի մեջ է ներգրավվել և փորձում է հանրության հետ անհրաժեշտ աշխատանք տանելու հարցում իր անգործությունը շեղել արդեն երկու տարի խոսակցության առարկա դարձած թեմաներով՝ թալանվածը հետ բերելու, սաբոտաժից ազատվելու, հեղափոխությունը ավարտին հասցնելու մասին խոսակցություններով։
Այսօր շատ ավելի կարևոր է կենտրոնանալ երկարատև ճգնաժամի առավելագույն հաղթահարման խնդիրների վրա: Իսկ այս ճգնաժամային իրավիճակում ուղղակի անհրաժեշտություն է, որ իշխանությունները իրենց ձեռքի տակ ունենան իրավիճակի զարգացման համապատասխան սցենարներ, աշխատեն միջազգային գործընկերների հետ և պատրաստ լինեն իրավիճակի զարգացման ամենավատ տարբերակին, այլ ոչ թե զբաղվեն քաղաքական ճղճիմ հարցերով և էժանագին դիվիդենտներ շահելով։
Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: