Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ տարածքում դեռ շարունակվում է պահվել նվազագույնը 12-18 գորշ արջ՝ ռեստորաններում ու հանգստյան տներում. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 30,2020 11:24

Մի շարք կենդանասերներ ահազանգել են մեզ, որ արտակարգ դրության այս պայմաններում վտանգի մեջ են գտնվում Հայաստանում, մասնավորապես ռեստորաններում եւ հանգստյան գոտիներում պահվող գորշ արջերը:

Կենդանասերներն անհանգստացած են, քանի որ կորոնավիրուսային վարակի հետեւանքով արդեն ամսից ավելի է՝ չեն գործում Հայաստանի ռեստորանները, ուստի արջերի տերերն այլեւս ունակ չեն լինի սննդով ապահովել վանդակներում պահվող արջերին:

Գորշ արջը սակայն գրանցված է Կարմիր գրքում՝ չափորոշիչներով գնահատվում է որպես «խոցելի», ինչը նշանակում է, որ տեսակը պահպանվում է ՀՀ օրենսդրությամբ, իսկ վերջինիս որսալը կամ ազատությունից զրկելը քրեորեն պատժելի արարք է:

«Այս օրենքների առկայությունը, սակայն հետ չէր պահել որոշ անհատների շարունակելու կենդանիների հաշվին շահույթ ստանալու մոլուցքը, հատկապես որ օրենսդրությունը թերի էր, իսկ կենդանուն կարելի էր պահել փոքր վանդակներում եւ սննդի մնացորդներով կերակրելով»,- նշեցին կենդանասերները: Նրանց վստահեցմամբ՝ թերի սնման, ոչ պատշաճ խնամքի՝ ավելի ճիշտ դրա բացակայության հետեւանքով արջերը ձեռք են բերում մտավոր եւ ֆիզիկական խեղումներ, մի շարք վտանգավոր հիվանդություններ եւ դառնում ագրեսիվ, այլեւս անպիտան բնության ու մարդկության համար:

Կենդանասերները մեզ են տրամադրել ցանկ, որտեղ նշած է, թե Հայաստանում քանի ռեստորան կամ հյուրատուն կա, եւ ընդհանուր քանի արջ է պահվում որպես մասնավոր սեփականություն: Նրանց խոսքով՝ մինչեւ այսօր փրկվել է թվով 32 արջ, որոնք մասնագիտացված խնամք ու պատշաճ կենդանաբուժական խնամք են ստանում, իսկ իրազեկվածության բարձրացման քարոզարշավի արդյունքում անազատության մեջ պահվող արջերի թիվը սկսել է նվազել: Այդուհանդերձ, վստահեցնում են՝ ՀՀ տարածքում դեռ շարունակվում են պահվել նվազագույնը 12-18 գորշ արջ՝ կրկին մասնավոր հավաքածուներում, ռեստորաններում ու հանգստյան տներում:

Կից ներկայացնում ենք այն տարածքները, որտեղ, ըստ կենդանասերների, դեռ պահվում են գորշ արջեր՝

«Աշտարակի ձոր» ռեստորան Աշտարակում՝ 3 գորշ արջ

«Նաիրի սպա ռեզորթ» հանգստյան տուն Հանքավանում՝ 2 գորշ արջ

MJA resort հանգստյան գոտի Սիսիանում՝ 3 գորշ արջ

Ք. Երեւան, Բանգլադեշ թաղամաս՝ մասնավոր հավաքածու՝ 1 գորշ արջ

Ք. Մասիս, «Մեյմանդարի» շուկային կից գործարան՝ 1 գորշ արջ

«Իմ գյուղը» ռեստորան Տավուշում՝ 2 գորշ արջ

Քանի որ Հայաստանում որեւէ ռեստորան դեռեւս չի գործում, մեզ հաջողվեց կապ հաստատել եւ մեկնաբանություն ստանալ նրանցից միայն երկուսից: MJA resort հանգստյան գոտու տնօրեն Արմենը (ազգանունը չնշեց) ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց, որ այս պահին ունեն 3 գորշ արջ, սակայն վստահեցրեց, որ արջերն ամենակեր են եւ չնայած իրենց օբյեկտը չի աշխատում, կենդանիներին կերակրելն իրենից խնդիր չի ներկայացնում:

«Աշտարակի ձոր» ռեստորանից ՀԺ-ին հայտնեցին, որ իրենց մոտ պահվող արջերն այնքան հարմարավետ եւ լավ պայմաններում են, որ անգամ կենդանաբանական այգիներում այդքան ապահով չէ:

Վերը նշված մյուս ռեստորաններ եւ հանգստի գոտիներ չհաջողվեց կապվել, սփյուռ տեղեկատվական համակարգում տեղադրված հեռախոսահամարներին պատասխանող չեղավ:

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930