Լրահոս
Օրվա լրահոսը

«2018թ.-ից առաջ և դրանից հետո Հայաստանում մեծ պրոգրես տեղի չի ունեցել». «Փաստ»

Ապրիլ 30,2020 11:13

Կառավարման համակարգի, քաղաքական տեխնոլոգիաների ազդեցության, քաղաքական երկխոսության մակարդակի ու այժմեական՝ ճգնաժամային հարցերից բխող մի շարք խնդիրների շուրջ զրուցել ենք քաղաքագետ Կնյազ Սարոյանի հետ: Անցած երկու տարիների ու արդեն ներկա փուլի իրողությունների միջև զուգահեռներ անցկացնելով՝ քաղաքագետը նախ ընդգծեց. «Երբ սկզբնական փուլում էյֆորիկ տրամադրություններն ավելի դոմինանտ էին, այդ ժամանակ կառավարման որակի և համընդհանուր սպասելիքների մասին պատկերացումները մի քիչ ավելի աղոտ էին:

Այդ ժամանակ հիմնականում գերակշռող էին հին համակարգից հրաժարվելու վերաբերյալ մարդկանց պատկերացումներն ու ցանկությունները: Ժամանակի ընթացքում որոշ ոլորտներում դրական փոփոխություններ եղան, նաև կարևոր էր այն գիտակցումը, որ իշխանության լեգիտիմության հարցը բացառապես քաղաքացիների որոշելիքների խնդիրն է: Բայց այդ ամենի հետ մեկտեղ, կառավարման տեսանկյունից որոշակի խնդիրների ականատես եղանք:

Երկու տարիների ամենամեծ թերացումն այն էր, որ մենք Հայաստանում կառավարման և քաղաքականության իրականացման էական որակական փոփոխություններ չտեսանք: Մի շարք ոլորտներում տարվող քաղաքականությունները, շատ այլ հարցերի վերաբերյալ կառավարության կողմից ընդունված, ինչպես նաև բացառապես քաղաքական նպատակներ ու շահեր հետապնդող որոշումները, ըստ էության, ցույց են տալիս, որ որակական տեսանկյունից 2018թ.-ից առաջ և դրանից հետո Հայաստանում մեծ պրոգրես տեղի չի ունեցել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ նկատելով, որ այսօր առաջարկվող լուծումներում զարմանքի տարրեր չկան՝ դրանք կարող էին առաջարկվել նաև նախորդ իշխանությունների կողմից:

«Մյուս բացթողումը, որը տեղի ունեցավ, վերաբերում է քաղաքական երկխոսության մշակույթին. 2018թ.-ից հետո իշխանության կողմից մեծամասամբ այն չորդեգրվեց որպես քաղաքականության կերտման կարևոր մեթոդ: Երբ թվում էր, թե մի շարք հարցեր կարելի է լուծել քաղաքական երկխոսության, համաձայնության, կառավարման նոր տեխնոլոգիաների միջոցով, այնուամենայնիվ, այդ բոլոր հանգամանքներն անտեսվեցին: Փոխարենը՝ իշխող ուժին խանգարեց նախորդներից կառչած մնալու իդեա ֆիքսը, ըստ որի՝ նախորդներին փնտրում են ամենուրեք և ցանկացած ձախողում փորձում են պայմանավորել նախորդներով:

Եթե մի կողմ թողնենք այդ թեմային անընդհատ հղում անելու զուտ քաղաքական շարժառիթները, ապա զուտ մասնագիտորեն սա կարելի է բացատրել ընդամենը հաջող փորձարկված կառավարման տեխնոլոգիայի տրամաբանությամբ, ինչը սկզբնական շրջանում ցույց տվեց իր արդյունավետությունը, որից աստիճանաբար սկսեցին ավելի շատ օգտվել»,-ընդգծեց նա՝ նկատելով, որ այս տեխնոլոգիայի կիրառմանը հաջորդում է հանրության որոշ հատվածի դրական արձագանքը, որը կապված է այդ պահի էմոցիոնալ փուլի ֆոնի հետ:

«Բայց քանի որ ներկա փուլում ամեն ինչ ծնվում է մի օրում ու արդեն երեկոյան մահանում թե՛ սոցիալական ցանցերում, թե՛, ցավոք, նաև իրականության մեջ, հետևողականության ու շարունակականության խնդիրը կորչում է այս անվերջության մեջ:

Այս պարզ քաղաքական տեխնոլոգիան կարճաժամկետ տեսանկյունից իր ազդեցությունն ունենում է, բայց երկարաժամկետ առումով կորցնում է իր արդյունավետությունը: Ինչո՞ւ, որովհետև հանրությունն է այդ տեխնոլոգիայի սպառողը, որը աստիճանաբար հոգնում է այդ իրավիճակից ու կոնկրետ քայլեր է պահանջում: Երբ այդ քայլերը չեն արվում, որոշակի լուծումներ չեն տրվում, չի բացառվում, որ այդ առումով խնդիրներ կան:

Կ. Սարոյանը մատնանշեց նաև այլ խնդիրների մասին, որոնց թվում նաև հասարակության և իշխանության միջև աստիճանաբար առաջացող խզվածքն է: Նա հավելեց՝ սուպերվարչապետական համակարգից հրաժարում ևս չեղավ. «Ինչպես տարբեր փուլերում, այս պահին, ցավոք, քաղաքական կառավարման մեջ կրկին դոմինանտ է մեկ անձի տեսակետը: Մեծ հաշվով, եթե համադրում ենք զուգահեռ իրականությունները և տեսնում նաև այն դրական փոփոխությունները, որոնք եղել են, ամեն դեպքում, դրանք այն սպասվածը չէին, որի ակնկալիքն ունեին շատերը թե՛ 2018թ. ապրիլ յան իրադարձությունների ժամանակ, թե՛ դրանից հետո ընկած ժամանակահատվածում»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930