Քննչական կոմիտեն երեկ տեղեկացրեց 8 տարի առաջ կատարված մի հանցագործության բացահայտման մասին, որը վերաբերում է «Վաղարշ և Որդիներ» ՍՊ ընկերությանը։
Բանն այն է, որ 2012-ին այս ընկերության տնօրենը, որը ևս վարձակալությամբ տարածք ուներ ոսկու շուկայում և աշխատակիցներին ոսկի էր մատակարարում, հերթական անգամ բանկ էր գնացել, վերցրել էր 156 միլիոն դրամ արժողությամբ 7 ստանդարտացված ոսկու ձուլակտոր, որոնցից 4-ը կնոջ միջոցով փոխանցել է «Վաղարշ և Որդիներ» ՍՊ ընկերության տնօրինությանը: Իսկ 67 միլիոն արժողությամբ մյուս 3 ձուլակտորը, պահելով իրեն, նույն օրը հեռացել էր Հայաստանից։ Ըստ իրավապահ մարմինների՝ այդ արարքի հետևանքով «Վաղարշ և Որդիներ» ՍՊ ընկերությանը պատճառվել էր առանձնապես խոշոր չափերի՝ 67.255.500 ՀՀ դրամի գույքային վնաս:
Ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանն «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ մեծ ակնկալիք ունի, որ արդեն դատավարության ժամանակ կքննարկվի իրենց կրած վնասները փոխհատուցելու հարցը։
Ոսկու շուկայի սեփականատերը, սակայն, համաձայն չէ քննչական մարմինների կողմից իրենց կրած վնասի գնահատման հետ։ «Ինչ 67 միլիոն դրամ։ 550 հազար դոլարի ոսկի է տարել»,- ասաց Աբրահամյանը՝ հավելելով, որ այդ մարդը հեքիաթներ է պատմել 7 ձուլակտորներից 4-ը կնոջ միջոցով իրենց վերադարձնելու մասին։ «Մեզ ոչ մի բան չի վերադարձրել նա։ Նա ամեն ինչ բանկից վերցրել ու փակել է, որի համար պետք է պատասխան տա։ Կդատեն, թե չեն դատի, թող դատարանը որոշի, բայց իմ գումարները պետք է վերականգնվեն։ Չնայած՝ համ էլ պետք է դատեն։ Նա համ իմ գումարները պետք է բերի վերադարձնի, համ էլ պետք է պատասխանատվության ենթարկվի, որ մյուսների համար դաս լինի, որ ուրիշի ունեցվածքը չառնեն ու փախնեն»,- եզրափակեց Վաղարշ Աբրահամյանը։
Կարդացեք նաև
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: