Aravot.am-ի զրուցակիցն է «Ազգային օրակարգ» կուսակցության «Կրթություն, գիտություն, մշակույթ» հանձնախմբի նախագահ, խորհրդի անդամ Նունե Ամիրյանը
– Նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը եւ հայտարարված արտակարգ դրությունը ստիպեցին նաեւ կրթական ոլորտում լուծումներ գտնել: Արդեն մեկ ամսից ավելի դասապրոցեսը հեռավար կարգով է կազմակերպվում, ինչը միանշանակ չի ընկալվում հանրության շրջանում: Իբրեւ ոլորտի մասնագետ`ի՞նչ կարծիք ունեք:
– Ինչպես յուրաքանչյուր դժվար պահի՝ ուսուցիչները համախմբվեցին, հանուն սովողների, ու արեցին ամեն ինչ, որ կորուստները գիտելիքների ձեռքբերման գործընթացում, հասցնեն նվազագույնի, որ սովորողները չկորցնեն սովորելու մղումն ու ցանկությունը: Ու ստացվեց. ստացվեց, քանի որ կար մեկ խնդիր և մեկ նպատակ, դրանք իրագործելու կամք ու, որ ամենակարևորն է` համախմբում դրանց շուրջ: Դեռ մինչև ԿԳՄՍ նախարարության կողմից որևէ հրահանգավորում ստանալը, դասերի շարունակականությունը ապահովելու համար, ՏՀՏ գործիքների կիրառմամբ շատերը սկսել էին առցանց ուսուցումը (առցանց հանդիպումները): Այն ընդգծեց ուսուցչի կարևորությունը կրթության գործընթացում: Ունենալով բազմաթիվ խնդիրներ, կարող ենք հաստատապես ասել, որ կրթության համակարգը կայացած է և, որ պատվով ենք դուրս գալու այս ճակատամարտից:
– Ձեր ասածից տպավորություն է, որ ամեն բան կատարյալ է եւ ոչ մի խնդիր չկա:
Կարդացեք նաև
– Արտակարգ դրությունը հատկորոշեց ոլորտում առկա բացերը: Անհրաժեշտ է լուծումներ գտնել կապված հեռավար ուսուցման գործընթացի հետ: Այս պահին կարելի է նշել մի քանի բարդություններ՝ ըստ պաշտոնական տվյալների, առնվազն 24,000 սարքավորման անհրաժեշտություն կա, աշակերտների և ուսուցիչների շուրջ 10%-ին հեռավար առցանց ուսուցման գործընթացում ներառելու համար: Որոշ շրջաններ ունեն անբավարար ինտերնետ հասանելիություն: Դեռևս սույն թվականի հունվարի 30-ին վարչապետի որոշմամբ ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով, համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով: Համաճարակի տարածման դեմ պայքարի միջազգային փորձը հաշվի առնելով, հնարավոր էր նախաձեռնել միջոցառումներ, գործընթացը ավելի սահուն կազմակերպելու համար: Օրինակ՝ պետական աջակցություն ցուցաբերել բոլոր բնակավայրերում ինտերնետի հասանելիության բավարար որակ ունենալու համար, կազմակերպել անհրաժեշտ սարքավորումների տրամադրում (ինչը մասամբ արվեց արդեն արտակարգ դրություն հայտարարելուց, այսինքն` մոտ 1,5 ամիս հետո):
Հաճախ դասերը տեսանկարահանվում են, և դա հարցականի տակ է դնում անձնական տվյալների գաղտնիության անվտանգությունը: Չկա որևէ առողջապահական չափորոշիչ, թե ո՞ր տարիքում և որքա՞ն ժամանակ կարելի է օգտագործել համակարգիչ: Ըստ ուսուցիչների պնդումների, ունենում ենք չափազանց հոգնած աշակերտներ: Սովորողը (նաև հանրությունը) գտնվում է աննախադեպ իրավիճակում և կարիք ունի հոգեբանական աջակցության:
– Հեռավար ուսուցումը հնարավորություն է տալիս ինչ-որ առումով գիտելիքներ ձեռքբերել, իսկ արդյոք հնարավո՞ր է հմտություններ, արժեքներ, ավանդույթներ և սովորություններ ձեռքբերել առցանց շփումներով: Նաեւ`այժմ առկա է ծնողների բարձր ներգրավվածությունը երեխաների կրթական գործընթացին: Կարո՞ղ ենք նման ներգրավվածություն ակնկալել արտակարգ դրության ավարտից հետո: Եվ այսպիսով արդյո՞ք հարցականի տակ է դասական դպրոցը:
– Ծնողի բարձր ներգրավվածությունը երեխայի կրթական գործընթացին շատ դրական երևույթ է: Ի վերջո` ծնողն է երեխայի կրթության պատասխանատուն: Սակայն, կարծում եմ, որ արտակարգ դրության ավարտից հետո, ծնողի զբաղվածության պատճառով նման ներգրավվածություն չենք ունենա: Դպրոցը, որպես կրթության և դաստիարակության գլխավոր համակարգ, իրենից ներկայացնում է մատաղ սերնդի համակողմանի զարգացումն ապահովող գործոն, որի բոլոր բաղադրամասերը սերտորեն կապված են իրար:
Այս փորձառությունը շատ հետաքրքիր է, չպետք է կորցնել այն, այլ հաշվի առնել արդյունքները: Կրթությունը չպետք է դառնա առցանց, այլ` հիբրիդային: Վաղվա մարդը պետք է տիրապետի առցանց գործիքներին: Համավարակից հետո աշխարհն այլևս նախկինը չի լինելու: Կրթությունը ևս նախկինը չի լինելու, և այլընտրանք չկա, քան անցնել նոր մակարդակի: Կրթության գործընթացում կարևոր է ուղիղ սոցիալական շփումը, կենդանի հաղորդակցումը: Դպրոցի շենքը՝ ընդհանուր տարածքը, համատեղ աշխատանքը մտերմացնում է մարդկանց:
Անհրաժեշտ է շուտափույթ ստեղծել պետական կառույց, ինչպիսին էր Կրթության ազգային ինստիտուտը (որն անցյալ տարի լուծարեց նախարարությունը), հավաքագրած միջոցները գիտական մակարդակով ուսումնասիրելու, տեղայնացնելու, մասշտաբայնացնելու համար: Հարկավոր է նաև այս ճգնաժամը օգտագործել կրթության ոլորտը զարգացնելու և արդիականացնելու, առողջությունը և սոցիալական պաշտպանվածությունը բարելավելու, մրցունակ անձ ձևավորելու, կրթական մասնագիտական ներուժը զարգացնելու, և կրթությունը 21-րդ դարի սովորողի հետաքրքրություններին ու պահանջներին հարմարեցնելու համար: Անհրաժեշտություն կա ծավալուն և խորքային մասնագիտական քննարկումների, վերլուծությունների, վիճակագրության:
Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը՝ ՅՈւՆԵՍԿՕ-ն հրապարակած հաղորդագրության մեջ ընդգծում է՝ ստեղծված աննախադեպ իրավիճակն ուսուցիչներին, ուսանողներին, աշակերտներին և ընտանիքներին սթրեսի տակ է դնում: Ուսուցիչների մեծ մասն այս օրերին զբաղված են որակյալ ուսուցման գործիքներն ինքնուրույն յուրացնելու գործով, որոնց համար կամ չեն վճարվել կամ էլ շատ փոքր աջակցություն են ստացել։ Պայմանագրային հիմունքներով շատ ուսուցիչներն էլ ահազանգում են՝ աշխատանքը կորցնելու վտանգի առաջ են։ Կազմակերպությունը հրապարակել է ուսուցիչների կոչը՝ ուղղված կառավարություններին, այն է մեծացնել կրթության ոլորտի նկատմամբ ուշադրությունը, աջակցությունը՝ ապահովելու համար հավասար ու ճկուն մեխանիզմներ։
– ՀՀ Կառավարությունում ասում են, որ գնահատում են ուսուցիչների տիտանական աշխատանքը, վերջերս աշխատավարձերն էլ բարձրացրեցին:
– Երկար ժամանակ անց, աննշան բարձրացվել է ուսուցիչների աշխատավարձը: Այն կարելի է համարել դրական շարժ: Իհարկե, ուսուցիչն իր գործի նվիրյալ է, սակայն շատ դժվար է նման աշխատավարձով աշխատելը, ապրելը: Նրանք, ինչպես պետական պաշտոնյաները ունեն ընտանիքներ, պարտականություններ, շատերը ունեն վարկեր և չգիտես ինչու ուսուցչին միշտ շրջանցում են պաշտոնական բարձր շրջանակներում արդեն ավանդական դարձած ամենամսյա 100% և ավել պարգևավճարները կամ հավելավճարները, որի արդյունքում պետական պաշտոնյայի վարձատրությունը ստացվում է անգամներ բարձր ուսուցչի վարձատրությունից (համեմատության համար՝ Շվեդիայում պետպաշտոնյայի ամսեկան աշխատավարձը կազմում է մոտ 3300 եվրո, իսկ ուսուցչինը՝ 3500 եվրո): Իսկ որպես պարգևատրում կատարած լավ, այս պահին շատ ծանրաբեռնված աշխատանքի դիմաց ստացել են միայն շնորհակալական խոսքեր:
– Հայտնի դարձավ, որ դպրոցներում դասապրոցեսը չի երկարացվելու, անցումային եւ ավարտական քննություններ էլ չեն լինելու, նաեւ ընդունելության քննությունները կրճատվեցին: Վիճելի չե՞ն նման մոտեցումները:
– Ապրում ենք արտակարգ դրության պայմաններում, այն թելադրում է արտակարգ լուծումներ: Նախարարությունում քննարկում և նախատեսում են, որ հաջորդ ուստարում սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին կունենանք շաբաթ օրերի պահուստային օրեր: Քննարկում են նաև ուստարին մեկ շաբաթով շուտ սկսելու հնարավորությունը: Ներկայացված մոտեցումները արդեն ընդունել են աշխարհի շատ երկրներ: Ավարտական քննություններ չեն իրականացվելու, իսկ միասնական քննությունները իրականացվելու են խիստ սահմանափակումներով, ինչը համավարակի պայմաններում ընդունելի է:
Նախարարությունն որոշում է կայացրել կիսամյակի ամփոփման համար հաշվի առնել միայն մինչև մարտի 13-ը ընկած ժամանակահատվածում դասամատյանում դրված գնահատականները: Նախարարությունն այս որոշման հիմքում դրել է «սոցիալական» արդարության սկզբունքը (ըստ պաշտոնական տվյալների աշակերտների 20%-ը հնարավորություն չեն ունեցել մասնակցել հեռավար ուսուցմանը): Սա որևէ կերպ սոցիալական արդարության հետ կապ չունեցող որոշում է: Ավելին, դա անարդարացի է այն սովորողների նկատմամբ, ովքեր այդ օրերին ունեցել են աննախադեպ հաջողություններ: Կարելի է պատկերացնել մեկուսացումից հոգնած և ընկճված սովորողին, թե ինչպիսի դժկամությամբ ու իներտ է մասնակցելու դասերին, երբ արդեն գիտի, որ չի գնահատվելու՝ ինչն իր աշխատանքի արդյունքն է: Անտեսվում է մեծամասնություն կազմող աշակերտների շահերը: Եվ վերջապես, ինչի համար էր էլեկտրոնային մատյաններում հեռավար կրթության օրերին ստացած գնահատականների անցկացման պահանջը: Ուսուցիչները, տնօրեններն արդեն արձագանքում են նման որոշման հետ կապված տարատեսակ խնդիրներին: Ստացվում է հակասություն: Փաստորեն, նախարարությունը թերահավատորեն է մոտենում իր կողմից նախաձեռնած հեռավար կրթության գործընթացին: Չի գնահատում և չի վստահում ուսուցիչների, տնօրինության, ծնողների, աշակերտների համատեղ աշխատանքը: Դրանով իսկ կասկածի տակ է դնում հետագայում հեռավար կրթության արդյունավետությունը: Կարծում եմ, անհրաժեշտ է վերանայել որոշումը, հեռավար ուսուցման դասընթացին մասնակցած 80% աշակերտներին չզրկել իրենց տարեկան գնահատականները բարելավելու հնարավորությունից և իրավունքից, տարեկան գնահատականներն ամփոփել մինչև մայիսի 22-23-ը, իսկ դասընթացին չմասնակցած աշակերտներին՝ մինչև մարտի 13-ն ունեցած և էլեկտրոնային մատյաններ փոխադրած գնահատականների հիման վրա:
Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ