Գավառի բժշկական կենտրոնում տեղի ունեցած հարձակման հետեւանքով տուժած բուժաշխատողներ չկան, միջադեպի հետեւանքով ոստիկաններն են որոշակի քերծվածքներ ստացել, լուրջ վնասվածքներ չեն:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ նշելով, որ հիվանդանոցն է կրել գույքային վնասներ. «Հիվանդանոցում ջարդված են բավականին շատ պատուհաններ, դռներ, պատերի այնպիսի հատվածներ, որտեղ գիպսակարդոն է, հիվանդասենյակներում գույք է կոտրված, բժշկական սարքավորումների վնաս չի եղել»:
Գնել Սանոսյանի խոսքով՝ կատարվածը կապ չունի Նորատուսի եւ Գավառի միջեւ տեւական ժամանակ շարունակվող թշնամանքի հետ, սա մոտ 20 օր առաջ երկու երիտասարդների միջեւ տեղի ունեցած վեճի շարունակությունն է. «Հիմնական վարկածը այն է, որ օրեր առաջ երիտասարդներ են իրար հետ վիճել, ծեծկռտուք է տեղի ունեցել, որը, ավելի խորանալով, հանգեցրել է հրաձգության, կենցաղային վեճ է եղել, ինչքան հասկացա, առանձնապես լուրջ բան չի եղել, ուղղակի երիտասարդներ են՝ 18-20 տարեկան, իրենց վեճն է այսպես վերաճել»:
Գնել Սանոսյանի խոսքով՝ հիվանդանոց ներխուժելով՝ դանակի հարվածներ են հասցրել երկու հոգու, որոնց առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են Երեւան: Հարցին՝ նրանք ինքնակա՞մ են հեռացել դեպքի վայրից, թե՞ ոստիկանների գործողությունների արդյունքում, Սանոսյանը պատասխանեց. «Ե՛ւ նա, ե՛ւ նա. մի կողմից գտնելով վիրավորներին եւ նրանց այնտեղ նորից վնասելով՝ հավանաբար հոգեբանորեն հանգստացել են, մյուս կողմից ոստիկանների, բուժաշխատողների, մարզպետարանի աշխատակիցների աշխատանքի արդյունքում է, որ դուրս են եկել հիվանդանոցից»: Նշենք, որ հիվանդանոցի տարածքը տեսանկարահանվում է, եւ, ըստ մարզպետի, դեպքերի հիմնական մասը ֆիքսված է. «Դրանք տրամադրվել են իրավապահներին, նրանք աշխատում են այդ տեսաձայնագրությունների հիման վրա»:
Կարդացեք նաև
Սանոսյանը տեղեկացրեց, որ մարզում իրավիճակը հիմա բավականին կայուն է, Ոստիկանության մեծաթիվ ուժեր են կենտրոնացած ե՛ւ Գավառում, ե՛ւ Նորատուսում. «Ոստիկանության աչալուրջ աշխատանքի արդյունքում այժմ իրավիճակը վերահսկելի է, ըստ իրավական ցուցումների՝ աշխատանքներ են տարվում, ինչպես գիտեք, կան բաժին տեղափոխվածներ, ձերբակալվածներ, գործընթացը անընդհատ պրոցեսի մեջ է»: Թե կոնկրետ ովքեր են ձերբակալվածները, որ կողմից, Սանոսյանը չգիտեր, ասաց՝ անձնական տվյալների չի տիրապետում:
Ինչ վերաբերում է մամուլի այն հրապարակումներին, թե գիշերը հարձակում է եղել Նորատուսի բնակիչների տների վրա, մարզպետն ասաց, որ, իր ունեցած տեղեկություններով, վեճի հետ կապված շարունակություն գիշերը չի եղել. «Հավանաբար նկատի են ունեցել այն, որ Ոստիկանությունը գիշերը Նորատուսի բնակիչների է բերման ենթարկել: Իրավապահ համակարգը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի կատարվածը ոչ միայն շարունակություն չունենա, այլ նաեւ դեպքով անցնող անձանց հայտնաբերի եւ ըստ իրենց արարքների՝ պատժի»,- եզրափակեց Սանոսյանը:
Միլենա ԽԱՉԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում