Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը քիչ առաջ ներկայացրեց չորեքշաբթի Արթուր Դանիելյանի հետ տեղի ունեցած միջադեպի մանրամասները:
Նա նշեց, որ մինչև միջադեպը քայլում էր դեպի տուն, և իրեն ընդառաջ տեսնում է երեք երիտասարդի, որոնցից մեկը և Արթուր Դանիելյանն էր:
«Քայլում էինք, եկանք ընդառաջ, ինքը շատ երկար, բավականին երկար և անհասկանալի ձևով նայեց ինձ վրա, ես ասացի` բարև, Արթուր, որին ի պատասխան, ես ներողություն եմ խնդրում, լսեցի հետևյալը` բարև, բ..ի տղա»,- մանրամասնեց Ալեն Սիմոնյանը` հավելելով, որ այնուհետև ինքն ասել է, որ նույն կարծիքն ունի իր մասին ու գլխով հարվածել է Արթուրի քթին:
«Նրանք երեքով փորձեցին ինձ քաշքշել ու հարվածելով կանգնեցնել: Ես հիմնականում փորձում էի հասկանալ, թե ինչ է կատարվում, և այդ պահին ինձ ով է փորձում հարվածել: Եվ փոքր ծեծկռտուք տեղի ունեցավ այդ նույն վայրում, որից հետո փողոցում անցնող մարդիկ սկսեցին բղավել, խառնվել, կանգնեցնել, որից հետո, այդ երիտասարդները 3-ով շտապեցին հեռանալ այդ վայրից»,- մանրամասնեց նա:
Կարդացեք նաև
Ալեն Սիմոնյանը ներկայացրեց նաև նախապատմությունը. «2016 թվականին նույն երիտասարդը, որը Քաղաքացիական պայմանագիր էր փորձում անդամագրվել, ես այն ժամանակ աշխատում էի «Արարատնյուզ» լրատվականում, մի նյութի հետ կապված բավական կոպիտ ձևով պահանջեց իմ գործունեության հետ կապված, որ ես հեռացնեմ որևիցե նյութ:
Ես իրեն ասացի, որ դա իր գործը չէ, որովհետև նախևառաջ ինքը որևիցե կապ չի կարող ունենալ այդ կայքի հետ, թեև նա այդ ժամանակ հանդիսանում էր կայքի սեփականատեր Խաչատուր Սուքիասյանի, Սարիբեկ Սուքիասյանի փեսան: Եվ ես ասացի, որ նույնիսկ ինձ հետ աշխատող Սուքիասյանները նման կերպով ինձ պահանջներ չեն ներկայացնում և նման կերպ ինձ հետ չեն խոսում: Որին հետևեց այն բանը, որ ես իջնեմ ներքև, ես իջա նույն վայրը, և նա եկել էր ինձ վրա հարձակվելու ու ինձ ծեծելու: Ծեծելու փորձը չստացվեց, որովհետև նախևառաջ գալիս էր ընդառաջ, և ես տեսնում էի նրա աչքերի մեջ, որ մարդը եկել ինձ հարվածի»:
Այս ամենին, ըստ Ալեն Սիմոնյանի՝ հետևեց հայհոյանքներ և հարվածներ: Սակայն, իր խոսքերով` այդ ժամանակ Արթուր Դանիելյանին չի հաջողվել իրեն ծեծի ենթարկել. «Ես ցավում եմ, որ ստիպված եմ եղել նման ձևով արձագանքել, բայց ես այլընտրանք չեմ ունեցել: Ես չէի կարող ձև անել, որ իմ երեսին, բարևին ասած վիրավորանքը ես չեմ լսել: Ես ոչ ինձ կհարգեի, ոչ հարգանք կկարողանայի պահանջել որևիցե մեկից»:
Նա հավելեց, որ իր արարքի համար պատրաստ է պատասխան տալ. «Ես գնահատում եմ ինքնապաշտպանություն, եթե քեզ վրա նույն մարդը գիշերով քեզ տնից դուրս կանչելով հարձակում է գործում: Հետո նույն վայրում երեքով քո բարևին ի պատասխան քեզ ամենավերջին հայհոյանքն է տալիս, ես կարող եմ մտածել, որ այդ խոսակցությունը կարող է ավարտվել նույն բանով, որը եղել է նախկինում: Եվ բնական է` ես իրավունք ունեմ ինքնապաշտպանվելու»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ