Երկու օրվա ընթացքում տեղի են ունեցել մի քանի մանր, ընթացիկ իրադարձություններ, ինչպես նաեւ մեկ լուրջ միջադեպ:
Նախ՝ մանրերի մասին: Վարչապետի մամուլի խոսնակը քրեական մեղադրանքներ է առաջ քաշել նախկին իշխանավորների ներկայացուցիչների դեմ, Երրորդ նախագահի գրասենյակը պատասխանել է, որից հետո խոսնակը երկու անգամ պատասխանել է պատասխաններին:
Ազգային ժողովում պատգամավորները վիճեցին՝ օգտագործելով ոչ պառլամենտական արտահայտություններ, իսկ հետո ներողություն խնդրեցին, բայց ոչ թե իրարից, այլ՝ լսարանից:
Երեկ փողոցում կռվեցին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը եւ «Ադեկվադներ» խմբի անդամները, որից հետո իրար մեղադրեցին հարձակման համար:
Կարդացեք նաև
Ինքնին սովորական, մեկ-երկու օրում մոռացվող իրադարձություններ են: Բայց «վերնախավի»՝ մեզ արդեն 30 տարի ծանոթ վարքը շարունակում է օրինակ ծառայել շարքային քաղաքացիների համար, եւ առաջացնում է, ինչպես առաջ էին սիրում ասել, «կումուլյատիվ էֆեկտ», երբ մանր կաթիլները կուտակվելով եւ «իրար ուժ տալով» վերածվում են հորդառատ անձրեւի:
Լուրջ միջադեպ էր, իհարկե, Գավառի բժշկական կենտրոնի վրա մի քանի տասնյակ (ասում են նույնիսկ՝ մի քանի հարյուր) հոգով հարձակվելը, ավերածություններ պատճառելը, վիրավոր մարդկանց նկատմամբ բռնություն կիրառելը: Բռնությունն իրականացնողներն ու արդարացնողները, բնականաբար, առաջնորդվում են «թասիբի» եւ «դուխի» մասին իրենց պատկերացումներով, բարեկամների սպանության համար «արդար վրեժ լուծելու» ցանկությամբ: Հիմքում՝ պետության եւ իրավունքի հանդեպ թերահավատությունն է:
Եկեք ազնվորեն արձանագրենք, որ Հայաստանի քաղաքացիների մեծամասնության մտածելակերպը նույնն է մնացել: Ընդ որում, այն ձեւավորվել է ոչ «նախորդ», ոչ էլ «նախորդի նախորդ» իշխանությունների օրոք: Կարող եմ վկայել, որ այդ նույն արժեքային համակարգը գոյություն ուներ նաեւ անկախությունից առաջ եւ, ենթադրում եմ, կար անգամ 20-րդ դարում պետություն կառուցելու մեր փորձերից առաջ: 30 տարում, առավել եւս՝ մեկ կամ մի քանի հեղափոխություններով այդ մտածելակերպը հնարավոր չէ փոխել:
Իսկ ի՞նչ է հնարավոր անել: Այստեղ անելիք ունեն մի կողմից մտավորականները (ինչպես էլ նրանց անվանենք), մյուս կողմից՝ պետական եւ քաղաքական վերնախավը: Առաջինները պետք է մերժեն օրինազանցությունը եւ բռնությունը, այդ թվում՝ ոչ պատշաճ բառապաշարը՝ անկախ նրանից, թե ով եւ ինչու է դրանք կիրառում, պիտի քարոզեն այն արժեքները, որոնք ընկած են մեր ազգային ինքնության հիմքում: Իշխանությունները նախ պարտավոր են կատարյալ վերահսկողություն սահմանել իրավիճակի հանդեպ, որպեսզի ոչ մեկի մտքով այլեւս չանցնի անկարգություններ հրահրել: Իսկ իշխանավորները եւ քաղաքական վերնախավը պետք է խստորեն սահմանափակեն իրենց «տղայական» դրսեւորումները, իրենց խոսքը եւ վարքը՝ գիտակցելով, որ դրանք կարող են «մոդել» հանդիսանալ մնացած հասարակության համար:
Եվ բոլորս պետք է մտքում ունենանք արտաքին մարտահրավերները:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
՝1. Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա:՝
Պետք չի հրապարակել ոչ միայն մեկնաբանություններ, որոնք ՝անհարիր են քաղաքակիրթ բանավեճին՝, այլեւ պետք չի հրապարակել տեղեկատվություն, որոնք անհարիր են քաղաքակիրթ վարքին, ե՛ւ անմակարդակ մեկնաբանությունը, ե՛ւ անմակարդակ վարքը ձեւավորում են անմակարդակ մշակույթ երեխաների ու հասունացող երիտասարդների միջավայրում:
Պ. Աբրահամեան,ձեր գրութեան մէջ ,կը համարիմ որ ամէն բան ըսուած է,կը բաւէ որ իշխանութիւնը քիչ մը աւելի կարեւորութիւն տայ այս և նման վերլուծումներուն որ լուրջ անձերէ կ՛արտայայտուին և իր համակիրներուն հանդէպ ալ արմատական խստութիւն բանեցնէ։ Իմ կարծիքով տնտեսական հարցերով կլանուած է ,մի քիչ անտեսելով ընկերայինը .։
Թոյլ տուէք որ ՛՛երկու խօսք՛՛ ալ աւելցնեմ վերնագրի
«Կումուլյատիվ էֆեկտ» բառի մասին … ինչու ֆրանսերէն /կամ ամերիկերէն / … որպէսզի Գաւառցիներն ալ հասկնան ?
© 1998 – 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից