Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ամբողջ Հայաստանում խնդիրներ առաջացան, իսկ մենք փորձությունն անցանք»

Ապրիլ 30,2020 15:00

ՊԵԿ պաշտոնյան՝ արտակարգ դրության օրերին էլեկտրոնային գործարքների մասին

COVID-19 համավարակի ու մեկուսացման այս պայմաններում պետական կառավարման մարմինների գործունեությունը փորձում են կազմակերպել օնլայն տարբերակով: Ոմանց մոտ դա ստացվում է, ոմանց այնքան էլ չի հաջողվում:

«Առավոտն» այս առնչությամբ զրուցեց Պետեկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Աշոտ Մուրադյանի հետ՝ պարզելու, թե այս օրերին ՊԵԿ-ում էլեկտրոնային կառավարման համակարգերն ինչպե՞ս, ի՞նչ ծանրաբեռնվածությամբ են գործում, էլեկտրոնային ի՞նչ հարթակներ, հնարավորություններ են ստեղծվել հարկ վճարողների համար եւ ի՞նչ խնդիրներ են առաջանում:

Աշոտ Մուրադյանը պատասխանեց. «Մեր բախտն այդ առումով բերել է, որովհետեւ ՊԵԿ-ը դեռ 2008-ից սկսել է նախաձեռնել ավտոմատացում ու 2010-2011-ից արդեն բոլոր հաշվետվությունները կամաց-կամաց էլեկտրոնայնացվել են: Հիմա որեւէ հաշվետվություն որեւէ հարկման դաշտի համար՝ կլինի շրջանառության հարկ, ԱԱՀ, թե եկամտահարկի հաշվարկ, շահութահարկ, բոլորը  բացառապես էլեկտրոնային են: Ստացվում է, որ մենք COVID-19-ի մարտահրավերին ավելի պատրաստված էինք: Հարկ վճարողները մեր սպասարկման բաժիններ այցելելու  որեւէ անհրաժեշտություն չունեն: Արտակարգ իրավիճակն այդ առումով հարկ վճարողների կյանքում բան չի փոխել: Իրենք ինչպես այն ժամանակ էին հանձնում իրենց հաշվետվությունները, նույն կերպ շարունակում են՝ էլեկտրոնային տարբերակով: Էլեկտրոնային համակարգերի հզորությունները մենք պարբերաբար մեծացնում ենք, որովհետեւ  2013-ից նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման գործընթացն է սկսվել, որը ենթադրել է, որ փուլ առ փուլ ավելանալու են դրանից օգտվող հարկ վճարողները: Մենք ամեն տարի նոր համակարգերի, ենթահամակարգերի ներդրում ենք նախատեսել»:

Աշոտ Մուրադյանն ասաց, որ արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ մեծ սպասելիքներ ունեին ՊԵԿ-ից տեղեկատվության ապահովման մասով: Կառավարությանը պետք էր ամենօրյա ռեժիմով իմանալ, թե առաջնային նշանակության ապրանքների գները արտակարգ դրության ժամանակ ինչպես են փոխվել. «Մենք, որպես պետական համակարգում ՏՏ առումով ամենաառաջադեմերից, նաեւ ամենամեծ ինֆորմացիոն բազային ենք տիրապետում: Քանի որ մենք ունենք ներդրած մեծ տվյալների վերլուծության համակարգ, մենք պարետատանը, կառավարությանը ամենօրյա ռեժիմով տեղեկատվություն ենք ապահովել, հաշվետվություններ ենք ստեղծել, օրինակ, սպառողական զամբյուղի վերաբերյալ, ինչպես վաճառքների գների, այնպես էլ ներմուծման-արտահանման մասին»:

Աշոտ Մուրադյանն ասաց, որ էլեկտրոնային համակարգերից կարող են օգտվել ոչ միայն գործատուները, այլեւ շարքային քաղաքացիները՝ որպես ֆիզիկական անձ: Օրինակ, քաղաքացին եթե ունի ՀՀ-ում չձեւավորված եկամուտ, կամ ՀՀ-ում ձեւավորված եկամուտ, որի մասով եկամտահարկը հարկային գործակալի կողմից չի պահվել, այդ ամենը նույնպես արտացոլվում է համակարգում. «Եթե ես աշխատում եմ, իմ գործատուն եկամտահարկը պահում է ու փոխանցում պետբյուջե, բայց եթե ես, օրինակ, տուն ունեմ ու վարձով եմ տվել, ստացած եկամուտը պետք է ինքս հայտարարագրեմ ու եկամտահարկ տամ: Այս դեպքում եւս հարկ վճարողը, որպես ֆիզիկական անձ, ամբողջությամբ կարող է օգտվել էլեկտրոնային համակարգերից, այսինքն, եկամտահարկի հաշվարկը կարող է հանձնել, իր անունով կձեւավորվի հարկային պարտավորություն, հետո կվճարի»:

Մենք հետաքրքրվեցինք՝ ՊԵԿ-ի էլեկտրոնային կառավարման համակարգում այս ծանրաբեռնված օրերին ոչ մի խնդիր չի՞ առաջանում, այսպես ասած՝ «չեպեներ» չկա՞ն, ամեն ինչ հա՞րթ է ընթանում՝ Աշոտ Մուրադյանը պատասխանեց. «Ոչինչ իդեալական չէ, իհարկե, երբեմն առաջանում է: Էլեկտրոնային ցանկացած համակարգ անընդհատ բարելավման կարիք ունի: Օրեր առաջ հաշվետվությունների, այսպես ասած, պիկ օրերից էր՝ նախորդ տարվա շահութահարկի հաշվետվության հաշվարկի վերջին օրն էր, ԱԱՀ-ի ու շրջանառության հարկի առաջին եռամսյակի վերջին օրն էր, եկամտային հարկի հաշվետվության երրորդ ամսվա վերջին օրն էր, տարեկան եկամտահարկի վերջին օրն էր ու, բնականաբար, շատ ծանրաբեռնված էր համակարգը: Այդ օրը մեր հեռախոսները, մեր ներքին համակարգն, այսպես ասած, վառվում էր, կարմրել էր: Դուք ինքերդ էլ լավ գիտեք, որ մենք սիրում ենք ամեն ինչ թողնել  վերջին օրվան: Որպեսզի մեզ պաշտպանենք, մենք նույնիսկ ժամը մեկ ներկայացնում էինք, թե վերջին ժամվա ընթացքում ինչքան փաստաթուղթ, ինչքան հաշվետվություն,  ինչքան ՀԴՄ գործարք, հաշվարկային հաշիվ ենք ստացել: Բնականաբար, սերվերները ծանրաբեռնված էին, բայց մի օր էր, հաղթահարեցինք: Իսկ  տարվա ընթացքում, իհարկե, լինում են: Մարդն իդեալական չի, ուր մնաց էլեկտրոնային համակարգերն իդեալական լինեն: Մենք այս առումով պետական գերատեսչությունների շրջանում միանշանակ առաջիններից ենք, որ պաշտպանվածության բարձր  մակարդակ ունենք: Տեսեք, մենք ունենք տեղեկատվության մշակման երկու կենտրոն, մեկը՝ Երեւանում, մեկը՝ Դիլիջանում: Ամերիկյան ստանդարտներով մենք համապատասխանում ենք ամենաբարձր ստանդարտին, ինչը նշանակում է, որ եթե մի բան խախտվում է, ընդհանուր գործընթացի վրա դա չի անդրադառնում, գործը չի տուժում: Պատկերացրեք, ամեն կենտրոնում ունենք հոսանքի  սնուցման 4 այլընտրանքային աղբյուր, ամեն սերվեր իր հերթին ունի իր «բեք ափը»: Եթե հիշեք, անցյալ տարի ՀԷՑ-ում խնդիր առաջացավ ու Երեւանի 60-70 տոկոսը հոսանքազրկված էր: Այդ ժամանակ հոսանքազրկված էր նաեւ մեր Երեւանի տեղեկատվության մշակման կենտրոնը ու բոլոր աղբյուրները միաժամանակ: Մենք ընդամենը 5-6 րոպեի ընթացքում ամբողջ հոսքերը տեղափոխեցինք Դիլիջան ու ոչ մի հարկ վճարող իր վրա չզգաց դա: Այդ օրը ամբողջ Հայաստանում բավականին խնդիրներ առաջացան, իսկ  մենք այնքան գոհ էինք, որ կարողացանք այդ փորձությունն անցնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930