Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քանի անգամ վիրահատություններ տարածի նկատմամբ դատարանը մեկ միլիոն դրամ գրավ է կիրառել, փոխել կալանքը

Ապրիլ 30,2020 14:30

«Առավոտը» բազմաթիվ բողոքներ է ստանում համավարակի հետ կապված քրեական գործերով կալանքի տակ գտնվողների նկատմամբ դատարանների կողմից կիրառվող այլընտրանքային խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Դրան հիմնականում ընդդիմանում է տուժող կողմը: Սակայն մեր ներկայացրած դատական գործերով նկատելի է առավել ծանր սոցիալական, առողջական խնդիրներ ունեցողների նկատմամբ դատարանների որդեգրած մարդասիրական մոտեցումները: Ա. Հովակիմյանի գործով կներկայացնեմ պաշտպանական կողմի իրավական հիմնավորումները, եւ դատարանի դիրքորոշումը, որով պարզ կդառնա, թե, արդյոք, ոչ մեծ եւ միջին ծանրության արարքներ կատարելու համար մեղադրվողի նկատմամբ դատարանը ճի՞շտ է կիրառել գրավը:

Ապրիլի 13-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթեւոսյանը, Եվրոպայի խորհրդի խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման Եվրոպական կոմիտեի մարտի 20-ին հրապարակած զեկույցին համահունչ,  բավարարեց թիվ ԵԴ/0287/01/19 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով եւ 185-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Արթուր Հովակիմյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու մասին պաշտպանի միջնորդությունը։ Դատարանը Ա. Հովակիմյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց կալանավորման այլընտրանքային միջոց՝ գրավը եւ գրավի գումար նշանակեց 1.000.000 ՀՀ դրամը։

ՓՊ Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ առաջադրված մեղադրանքում Արթուր Հովակիմյանն իրեն մեղավոր է ճանաչել, խոստովանական ցուցմունք է տվել, օժանդակել է հանցագործության բացահայտմանը: Ըստ պաշտպանի, այս տարվա մարտի 14-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ բավարարվել էր մեղադրյալ Արթուր Հովակիմյանի նկատմամբ 2 ամիս ժամկետով կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը։ Դատարանն այդ ժամանակ  մերժել էր Արթուր Հովակիմյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ կիրառելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը։

Արթուր Հովակիմյանը որպես մեղադրյալ ներգրավվել է ոչ մեծ եւ միջին ծանրության հանցավոր արարքներ կատարելու համար: Դատվածություն չուներ:

Պաշտպանն իր միջնորդությամբ դատարանի ուշադրությունն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ Արթուր Հովակիմյանն ավտովրաերթի հետեւանքով կոնք-ազդրային շրջանում ստացել է բազմաթիվ վնասվածքներ, մասնավորապես` պոլիտրավմա, աջ ազդրոսկրի միջին ստորին երրորդականի փակ բեկորավոր կոտրվածք տեղաշարժով, թեւի կոտրվածք տեղաշարժով… Միզուկի մեմբրանոզ հատվածի վնասում: Մեղադրյալը 2019թ. մայիսի 13-ից մայիսի 27-ն ընկած ժամանակահատվածում բուժվել է «Էրեբունի»  բուժկենտրոնում,  մի քանի անգամ վիրահատվել, այդ թվում եւ՝ Վլ. Ավագյանի անվան բժշկական կենտրոնում 2019թ. հոկտեմբերի 8-ից 21-ն ընկած ժամանակահատվածում՝ միզուկի պլաստիկ վիրահատություն, քանի որ բնական ճանապարհով չի կարողանում միզել:

Պաշտպանը տեղեկացրել էր դատարանին, որ Հովակիմյանի հայրը մահացել է երկու տարի առաջ, ընտանիքը բնակվում է սոցիալական ծայրահեղ անապահով պայմաններում: Այս ընտանիքի միակ կերակրողը հանդիսանում է 2-րդ խմբի հաշմանդամ մայրը:

Արթուր Հովակիմյանը նոր էր ամուսնացել եւ դեռեւս չի գրանցվել: Պաշտպանն ասում է, որ իր պաշտպանյալի անձը հայտնի է եւ պարզված, որ նա հաշվառված եւ բնակվում է Երեւանում` Սարի թաղի տներից մեկում: Նախորդ անգամ, երբ մերժել էին պաշտպանին, պատճառ էին բերել, թե Արթուր Հովակիմյանը, հայտնվելով ազատության մեջ, «կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել գործի քննությանը՝ անօրինական ազդեցություն գործադրելով դատավարությանը մասնակցող անձանց վրա եւ թաքցնել գործի համար կարեւոր նշանակություն ունեցող առարկաներ»: Լ. Ավետիսյանը հարցնում է. «Հատկապես ի՞նչ առարկաների մասին է խոսքը, երբ գործով թաքցնելու ենթակա առարկաներ չկան»: Ըստ պաշտպանի, դատարանը նախորդ անգամ որոշում կայացնելիս հաշվի չէր առել ոչ անձի կողմից կատարված արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, ոչ մեղադրյալի անձը, ոչ նրա ընտանեկան դրությունը՝ ամուսնացած լինելու հանգամանքը, ոչ նրա առողջական վիճակը եւ դրա համատեղելությունը կալանավորման միջոցի հետ, ոչ գույքային դրությունը, ոչ բնակության մշտական վայր ունենալու հանգամանքները:

Պաշտպանական կողմի համոզմամբ՝ երիտասարդ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու եւ նրա նկատմամբ գրավ կիրառելն անթույլատրելի ճանաչելու մասին դատարանի թիվ ԵԴ/0164/06/20 որոշումը հիմնավորված եւ պատճառաբանված չէր,  գրավի կիրառությունն անթույլատրելի ճանաչելը հիմնավորված չէր գործի փաստական տվյալներով, ինչպես նաեւ գրավը մերժելու հիմնավորումները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքերի համատեքստում չեն վերլուծվել ու չեն հիմնավորվել:

Լ. Ավետիսյանը խնդրել էր քննության առնել իր միջնորդությունը նաեւ Եվրոպայի խորհրդի՝ խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման Եվրոպական կոմիտեի այս տարվա մարտի 20-ին հրապարակած զեկույցի լույսի ներքո, որում կորոնավիրուսի համավարակի համատեքստում անդրադարձ կա անազատության մեջ գտնվող անձանց։ «Նշված զեկույցում, կարեւորելով ազատության մեջ գտնվող անձանց կյանքի եւ առողջության իրավունքը, նշվում է, որ հաշվի առնելով, որ միջանձնային շփումը նպաստում է վարակի տարածմանը՝ բոլոր իրավասու մարմինները պետք է համակարգված ջանասիրություն ցուցաբերեն, միջոցներ ձեռնարկեն՝ ազատությունից զրկելու այլընտրանքներին դիմելու համար։ Այս մոտեցումն առաջնահերթ պարտադիր է անազատության մեջ պահելու վայրերի գերբնակեցվածության դեպքում։ …Կորոնավիրուսը նոր մարտահրավեր է ազատությունից զրկման տարբեր վայրերի աշխատակիցների, ինչպես նաեւ այն նորաստեղծ հաստատությունների համար, որտեղ անձինք գտնվում են կարանտինի մեջ. «COVID 19»-ի տարածումը կանխելու նպատակով ազատությունից զրկված անձանց նկատմամբ կիրառվող ցանկացած սահմանափակող միջոց պետք է ունենա իրավական հիմք, լինի անհրաժեշտ, համաչափ, հիմնված լինի մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի վրա եւ կիրառվի սահմանափակ ժամկետով: Հաշվի առնելով, որ անձնական շփումները խթանում են հիվանդության տարածմանը՝ ԵԽ-ն արձանագրել է, որ համապատասխան բոլոր մարմինները պետք է ջանքեր գործադրեն՝ կիրառելու ազատությունից զրկման այլընտրանքային միջոցներ»,-նշել էր Լ. Ավետիսյանը:

Այս գործով հղում էր կատարվել  Վճռաբեկ դատարանի` Ասլան Ավետիսյանի գործով 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշմանը, Վճռաբեկ դատարանի՝ Դավիթ Վարդանյանի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԱՔԴ/0056/06/14 գործով որոշմանը, որով արձանագրվել է. «Մեղադրյալին կալանքից գրավով ազատելու հարցը քննարկելիս դատարանները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն այն հանգամանքին, թե մեղադրյալի նկատմամբ ինչ հիմքով է կալանավորումը կիրառվել որպես խափանման միջոց, եւ արդյոք տվյալ դեպքում գրավը՝ որպես կալանավորման այլընտրանք, կարող է գործուն երաշխիք հանդիսանալ տվյալ հիմքի չեզոքացման համար: …Գրավը քրեական վարույթն իրականացնող մարմնից մեղադրյալի թաքնվելու վտանգը չեզոքացնող երաշխիք է, եւ համապատասխան հիմքերի առկայության դեպքում իրավասու դատարանի կողմից կարող է կիրառվել վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով»: Ինչ վերաբերում է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին, որին նույնպես անդրադարձ կատարվել էր, ապա ըստ նշված մասի,  անձի կալանավորման հարցը լուծելիս դատարանները լիազորված են քննարկել դատաքննությանը մեղադրյալի ներկայանալը երաշխավորող այլընտրանքային միջոցների կիրառման հնարավորությունը, որը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաեւ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ իրավասու դատարանները, անկախ անձին մեղսագրված հանցագործության ծանրության աստիճանից եւ անձանց շրջանակից, լիազորված են քննարկել մեղադրյալին գրավի կիրառմամբ կալանքից ազատ արձակելու հնարավորության հարցը, այնպես, ինչպես «Էս Բի Սի-ն ընդդեմ Միացյալ Թագավորության» գործով է` «կալանավորումը քրեական գործի քննության ընթացքում կիրառվող խափանման միջոցներից ամենախիստն է: Այն պետք է ընտրվի միայն այն ժամանակ, երբ խափանման մյուս միջոցները քրեական գործի վարույթի ընթացքում չեն կարող ապահովել անձի պատշաճ վարքագիծը եւ պետք է կիրառվի միայն այն դեպքում, երբ խափանման մյուս միջոցներով հնարավոր չէ կանխել մեղադրյալի ապօրինի դիմակայությունը եւ իրականացնել քրեական դատավարության խնդիրները»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29
.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930