«Վան Արյան» հրատարակչությունը լույս է ընծայել երկու գրքերիցս մեկը՝ «Արտաժամանակը»: Փաստորեն հաղթեցի կորոնավիրուսին, քանի որ գիրքը տպարան մտնելու հաջորդ օրն արտակարգ դրություն հայտարարվեց, ու այն չավարտված էլ՝ տպվեց: Գրքում ներառված են տարբեր ժամանակներում գրած չորս վիպակ, վերջին շրջանում գրածս միստիկ պատմություններից մի քանիսը, մանր պատումներիս մի մասը (դրանք մեր օրերի տրամադրությունները փոխանցելու հնարավորություն են), երկու տասնյակի չափ բանաստեղծություն, որոնք համոզված արձակասերիս՝ ինքս ինձ թույլատրած քմահաճույքների թվին կարելի է դասել:
Մինչեւ այժմ վիպակներս գրքով չներկայացնելու պատճառն այն է եղել, որ երկարամյա լրագրողս միշտ էլ հրապարակվելու, ընթերցողի հետ շփվելու հնարավորություն ունեցել է, վիպակներից երեքն էլ վիրտուալ տարածքում առկա են եղել ու ընթերցողների մեծ թիվ գրանցել: Սակայն ի վերջո գրքով ներկայացված լինելու գայթակղությունը հաղթեց:
Ժանրային առումով հատկապես վիպակներում, եւ ինչու չէ՝ մանր պատումներում վավերագրականության տարրը բավական մեծ է՝ գործող անձանց անունների եւ արարքների մի մասը վավերական է, ընթերցողները կարող են ճանաչել մեր ժամանակի տարբեր մարդկանց, անկախ նրանից՝ անունը ճիշտ է նշված, թե հորինովի է: «Ինչու «Արտաժամանակ», որովհետեւ մեր մանկությունը, մեր անցյալը ժամանակից դուրս են եւ մշտապես ներկա մեր ներսում, մինչեւ մեր կյանքի վերջին օրը, եւ անգամ դրանից հետո՝ գեղարվեստական պատում որպես», գրել եմ գրքի մուտքի խոսքում: Գիրքը դեռ գրախանութ չի մտել՝ սպասում է արտակարգ դրության ավարտին:
Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.04.2020