Լրահոս
Օրվա լրահոսը

Կամավորական խմբերի կազմում հիմնականում ապագա բժիշկներն են

Ապրիլ 30,2020 13:00

«Սկզբում ընտանիքիս անդամները դեմ էին, սակայն բազմաթիվ խնդրանքներից հետո թույլատրեցին»,- ասում է 2-րդ կուրսի ուսանող Ալեն Նալբանդյանը:

Ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ Հայաստանում տարածված կորոնավիրուսի  կանխարգելման  շրջանակներում Հայաստանի պետական եւ ոչ պետական հիմնարկներում եւ  հաստատություններում իրականացվում են պաշտպանական մի շարք միջոցառումներ: Երկրի համար օրհասական իրավիճակում ստեղծվել են մի շարք կամավորական խմբեր, որոնց կազմում հիմնականում ապագա բժիշկներն են:

Երեւանի  պետական բժշկական համալսարանի քոլեջի ատամնատեխնիկական ֆակուլտետի 2-րդ կուրսի  ուսանող Ալեն Նալբանդյանը, ում նպատակը համալսարան ընդունվելն ու բժշկի մասնագիտության մեջ խորանալն է,  մի քանի շաբաթ շարունակ մասնակցել է համավարակի դեմ իրականացվող կամավորական աշխատանքներին:

«Սկզբում ընտանիքիս անդամները դեմ էին, քանի որ տանը փոքր եղբայր ունեմ, սակայն բազմաթիվ խնդրանքներից հետո, իհարկե, թույլատրեցին: Առաջարկը ստացել էինք քոլեջի կողմից: Ես եւ ընկերներս մոտ 2-3 շաբաթ կամավորական աշխատանքներ էինք տանում կրթության, գիտության, մշակույթի եւ  սպորտի նախարարությունում: Բոլոր աշխատակիցներին  օրվա մեջ մի քանի անգամ՝ շենք մտնելուց եւ դուրս գալուց հետո,  պարտադիր ջերմաչափում էինք  եւ հետեւում, որ ախտահանեն իրենց ձեռքերը»:

Ալենը նշեց, որ քոլեջում  չէին պարտադրում մասնակցել կամավորական աշխատանքներին.  չցանկացողները կարող էին հրաժարվել, բայց իր համար դա նախեւառաջ հետաքրքիր եւ պարտավորեցնող էր. «Թեեւ ծնողներս վախենում էին առողջությանս համար, սակայն դա ինձ այնքան էլ չէր մտահոգում. ես ուրախ էի, քանի որ կարծում էի՝ այս քայլով փոքր ներդրում եմ  ունենում երկրում տարածված կորոնավիրուսի դեմ  պաշտպանական միջոցառումների շրջանակում»:

Ալենը մասնակցել է նաեւ թիվ 1 համալսարանական հիվանդանոցում իրականացվող կամավորական աշխատանքներին, որտեղ, ինչպես ինքն է նշում, ամեն ինչ ավելի բարդ եւ պարտավորեցնող էր. «Հիվանդանոցում արդեն թիմով էինք աշխատում: Բացի ելումուտ անողներին պարբերաբար ջերմաչափելը՝ հետեւում էինք, որ նրանք  առաջանան  դիմակով, եւ քանի որ արգելված էին բոլոր  տեսակցությունները, մեզ վստահված էր հետեւել նաեւ կանոնների պահպանմանը»:

Ալենը նշեց, որ նախարարությունում ձեռնոց եւ դիմակ էին կրում, իսկ հիվանդանոցում արդեն համապատասխան հանդերձանքով էին: Աշխատանքներն իրականացնելու ընթացքում, Ալենի խոսքերով, դժվարություններ, իհարկե, եղել են, որոնք հիմնականում կապված են բուժզննումներից խուսափող քաղաքացիների հետ. «Կային մարդիկ, ովքեր հրաժարվում էին՝ ասելով՝ զզվում են ապարատներից  եւ ջերմաչափերից, բայց դրանք ամեն անգամ  սպիրտով ախտահանվում էին: Հանդիպում էին նաեւ մեր աշխատանքը գնահատող եւ մեզ ոգեւորողներ, որոնց շարքում առանձնացնեմ նախարարին ու հիվանդանոցի տնօրենին, ովքեր խիստ էին վերաբերվում պարտադիր ջերմաչափմանը»:

Ալենի փոխանցմամբ՝ ջերմաչափումներն իրականացվում էին  հատուկ սարքով  եւ սնդիկով ջերմաչափով. եթե սարքը  ցույց էր տալիս 37 աստիճան, այդ դեպքում սնդիկով ջերմաչափն էին օգտագործում. «Երկու եղանակներով ստուգումներից հետո բարձր ջերմություն գրանցելու արդյունքում  պետք է անմիջապես  շտապօգնություն կանչեինք, սակայն, բարեբախտաբար, նման դեպքեր չենք ունեցել: Հանդիպել են իրավիճակներ, երբ սարքով ջերմաչափման արդյունքում ստուգվող անձը  37 աստիճան ջերմություն է ունեցել, բայց սնդիկով ջերմաչափման արդյունքում՝ ոչ»:

Բացի հմտություններ ձեռք բերելը՝ կամավորության ընթացքում Ալենն ունեցել է նաեւ հուզական լարվածություններ. «Առաջին անգամ նախարարությունում  հերթական ջերմաչափման ժամանակ մի կնոջ մոտ սարքը ցույց տվեց 37, որից հետո, անկեղծ ասած, սկսեցի լարվել՝ տեսնելով նաեւ նրա լարվածությունն ու աստիճանաբար սկսվող խուճապը, բայց սկսեցի ինքս ինձ հանգստացնել, հետո՝  նրան, ապա դրեցինք սնդիկով ջերմաչափն ու մի քանի րոպե անց ստուգեցի ու համոզվեցի, որ ամեն ինչ կարգին է, եւ բոլորս հանգստացանք»:

Անուշիկ ՅՈԼՉԻՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29
.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930