Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտը ծանր բեռը վերցրեց իր ուսերին

Ապրիլ 30,2020 12:00

Ինչպես 2016թ. ապրիլյան պատերազմից հետո,
այնպես էլ հիմա

Ալիեւը պետք է դժգոհի, որ՝ «Ադրբեջանի վրա ճնշում է գործադրվում, որպեսզի ճանաչի Արցախը»:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանրահայտ հայտարարություններից հետո, երբ Մոսկվան հրապարակայնացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որոշ դետալներ եւ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պատասխանից հետո կարելի է արձանագրել մեկ հստակ իրողություն՝ Մոսկվան եւ Բաքուն ամեն գնով առաջ են մղելու կարգավորման փուլային տարբերակը:

Ինչո՞ւ է այսպես ստացվել, արդեն բավական խոսվեց ու գրվեց: Հիմա հայկական կողմի համար թիվ մեկ հրամայականը կարգավորման շուրջ մթնոլորտը փոխելն, ի նպաստ հայկական կողմի շրջելն է: Կա,՞ արդյոք, նման ծրագիր, կամ՝ մշակվո՞ւմ է, հստակ է: Պաշտոնական Երեւանի հրապարակային հայտարարությունները մատնացույց անելով՝ Բաքուն հայկական կողմին հիմա ինտենսիվորեն բանակցային գործընթացը տապալող կողմ է ներկայացնում, որի հնարավորությունը վերջին մի քանի տարիներին ոչ միայն չի ունեցել, այլ այնպես էր ստացվել, որ Ադրբեջանն էր ապակառուցողական կողմը: Ալիեւի անելանելիությունը, նույնիսկ մի առիթով միջնորդներից հրապարակային դժգոհելը, թե Ադրբեջանին ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղը:

Հիշեցնենք, որ 2016թ. ապրիլյան պատերազմից 6 ամիս անց՝ հոկտեմբերին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրապարակային դժգոհեց. «Փակ դռների հետեւում մեզ վրա ճնշում են գործադրում՝ նպատակ ունենալով հանգեցնել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը: Մենք չենք բացահայտում շատ մանրամասներ, քանի որ կան դիվանագիտական կանոններ»:

Հիմա պաշտոնական Երեւանը կրելով վերջին 2 տարում բանակցային գործընթացի պատասխանատվությունը, հայ-ադրբեջանական հանդիպումները համարելով թե՛ կոնսուլտացիա, թե՛ քննարկում, պարտավոր է մթնոլորտ փոխել, որպեսզի ռազմատենչ կողմը, հայատյացության քարոզչություն իրականացրած, պատերազմ սկսած հիմնական պատասխանատուն այսօր կարգավորման տարբերակներ չպարտադրի հայկական կողմին: Այսինքն՝ մերժել փուլայինը, իսկ Ադրբեջանին հետ մղել 2016-ի հետպատերազմյան շրջան:

Լավրովի հայտարարությունից, եւ ՌԴ ԱԳՆ-ի մեկնաբանությունից հետո կարգավորման վերաբերյալ հստակ դիրքորոշում անմիջապես հնչեց Ստեփանակերտից: Արցախը, կարծես, օգնության հասավ պաշտոնական Երեւանին:

Արցախի ընտրություններում հաղթած Արայիկ Հարությունյանը վերահաստատեց հակամարտության հարցում իր սկզբունքային դիրքորոշումը, որ՝ առանց պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք ու լիիրավ ընդգրկվածության, որեւէ արդյունավետ հանգրվանի հնարավոր չէ հասնել. «Որպես Արցախի Հանրապետության ընտրված նախագահ՝ ես հայտարարում եմ՝

  1. Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է լիիրավ ու լիարժեք հիմունքներով մասնակցեն հակամարտության խաղաղ եւ վերջնական կարգավորմանն ուղղված գործընթացի բոլոր փուլերին:
  2. Արցախի ժողովրդի անվտանգությունը որեւէ պարագայում չի կարող վտանգի տակ դրվել կամ սակարկության ենթարկվել:
  3. Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնահերթ ճանաչման հակամարտության կարգավորման որեւէ տարբերակ չի կարող կողմերի միջեւ բովանդակային քննարկման առարկա դառնալ:
  4. Պետք է հստակ երաշխիքներով բացառվեն հակամարտության կարգավորման գործընթացում ուժի ու դրա սպառնալիքի կիրառման փորձերը, քանի որ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներն արժանի են խաղաղության մեջ ապրելու. այլապես Արցախի Հանրապետությունը պատրաստ է անհամաչափ հակահարված տալու նախահարձակ Ադրբեջանին՝ ռազմական գործողությունները նաեւ տեղափոխելով նրա տարածք:
  5. Հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակում բացառվում են Արցախի իշխանությունների կողմից միակողմանի զիջումներ կամ անհամաչափ ու անհամարժեք փոխզիջումներ:
  6. Հակամարտության կարգավորման եւ դրա հարակից գործընթացներում հայ փախստականներն ու ներքին տեղահանված անձինք պետք է իրավահավասար ներգրավվածություն ունենան ադրբեջանցի փախստականների ու ներքին տեղահանված անձանց հետ միասին, իսկ նրանց հիմնախնդիրները՝ միանման ու միաժամանակյա լուծումներ ստանան:
  7. Միջազգային հանրությունը (առաջնահերթորեն՝ ԵԱՀԿ-ն եւ համանախագահ երկրները) պետք է բացառեն Արցախի բնակիչների իրավունքների՝ հակամարտությամբ ու ԱՀ միջազգային կարգավիճակով պայմանավորված խախտումներն ու սահմանափակումները, ներառյալ՝ մարդու իրավունքներին առնչվող ու մարդասիրական միջազգային ծրագրերից փաստացի մեկուսացումը, որոնք Ադրբեջանը փորձում է կիրառել առնվազն որպես ճնշման միջոց՝ ի հեճուկս միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքների»:

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին Սերգեյ Լավրովի մեկնաբանությանն ի պատասխան փաստեց, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում համառ ջանքեր են գործադրվում հերթական փակուղային՝ փուլային տարբերակի վերակենդանացման ուղղությամբ: «Իրոք, ՄԱԿ-ի ԱԽ հիշատակված բոլոր չորս բանաձեւերն ընդունվել են 1993թ.՝ պատերազմի ժամանակ։ Այդ բանաձեւերում, որպես առաջնահերթ եւ կարեւորագույն պայման, պահանջվում էր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում, հաղորդակցության ապաշրջափակում եւ անցում բանակցությունների։ Արդյո՞ք հակամարտության մյուս կողմը՝ Բաքուն, կատարել է բանաձեւերի գլխավոր պայմանը։ Եթե կատարեր, պատերազմը չէր շարունակի մինչեւ 1994 թվականի մայիս, երբ ադրբեջանական կողմը ստիպված եղավ ստորագրել «Հրադադարի մասին» Երեւան-Բաքու-Ստեփանակերտ եռակողմ համաձայնագիրը, իսկ 1995 թվականի փետրվարին՝ «Հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին» համաձայնագիրը։ Պետք է ընդգծել, որ նշված երկու համաձայնագրերը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ողջ ընթացքում ստորագրված եզակի փաստաթղթերն են, որոնք, մեկ անգամ եւս շեշտենք, ձեռք են բերվել եռակողմ ձեւաչափով։

Դրանցից հետո կարգավորմանն ուղղված բազմաթիվ տարբերակներ են քննարկվել, որոնք մերժվել են  կա՛մ Բաքվի, կա՛մ էլ Ստեփանակերտի կողմից եւ մնացել են թղթի վրա։ Հատուկ ուշադրություն եմ ուզում հրավիրել այն փաստի վրա, որ պաշտոնական Ստեփանակերտի կողմից մերժված կարգավորման նախագիծը (1997թ. հոկտեմբեր) հետագայում ստացել է փուլային տարբերակ անունը: Եթե նույնիսկ փորձենք հասկանալ համանախագահների հետեւողական ջանքերը կարգավորման նոր ուղիներ որոնելու գործում, ապա մնում է ափսոսալ, որ այդ փնտրտուքների արդյունքում նրանք հասել են 23 տարի առաջ մերժված հայեցակարգին։ Ինչպիսի առաջարկներ էլ մշակվեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից եւ ինչ անուն էլ դրանք կրեն՝ Լիսաբոնյան, Քի-Վեսթյան, Մադրիդյան, Կազանյան, թե մեկ այլ տեղանվամբ, մեզ համար անընդունելի են լինելու բոլոր այն տարբերակները, որոնք մշակվելու եւ քննարկվելու են առանց հակամարտության անմիջական կողմի՝ Արցախի Հանրապետության մասնակցության: Իսկ վերջին այս հայտարարությունը, թե սեղանին փուլային տարբերակով կարգավորման պլանն է, մեզ նորից է համոզում Արցախի մասնակցության պարտադիր լինելու մեջ, ընդ որում՝ բանակցային գործընթացի բոլոր փուլերում»։

Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանն իր հերթին ընդգծեց, որ ԱՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջնորդվում են Արցախի ժողովրդի համար երկու բարձրագույն արժեքներով. դրանք են՝ անկախություն եւ անվտանգություն: «Ցանկացած առաջարկներ, որոնք կարող են նույնիսկ աննշան չափով սպառնալ այդ արժեքներին, Արցախի համար անընդունելի են: Արցախի ժողովուրդն իրացրել է իր ինքնորոշման անքակտելի իրավունքը 1991թ. անկախության հանրաքվեի ժամանակ եւ այնուհետեւ առնվազն երկու անգամ արտահայտել իր կամքը 2006 եւ 2017թթ. կայացած Սահմանադրության ընդունման հանրաքվեների ժամանակ: Արցախի իշխանություններն ու հասարակությունը հավատարիմ են իրենց ընտրած ուղուն եւ այսուհետ եւս հետեւողական ջանքեր կգործադրեն՝ ուղղված իրենց անկախ եւ ժողովրդավարական պետության ամրապնդմանն ու զարգացմանը, որն իր պատասխանատու քաղաքականությամբ կայունացնող դեր է խաղում տարածաշրջանում: Առկա իրականությունն անտեսելու փորձերը միայն հեռացնում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման հեռանկարները, որն անպայմանորեն պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչման վրա»:

Մայիլյանն արձանագրել էր, որ Արցախի կողմից տարածքային զիջումների հիման վրա հիմնախնդրի լուծման հնարավոր ուղիներ փնտրելն անհեռանկարային է, քանի որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տարածքային վեճ չէ: «Ինչ վերաբերում է տարածքային զիջումներին, ապա դա ուղիղ ճանապարհ է դեպի ոչ միայն Արցախի Հանրապետության, այլ նաեւ ՀՀ անվտանգության համակարգի կործանում։ Այդ պարագայում իր պատմական հայրենիքում բնիկ բնակչության գոյությունն իսկ սպառնալիքի կենթարկվի»: Արցախի ԱԳ նախարարը նաեւ ընդգծել էր, որ հենց եռակողմ, այլ ոչ թե երկկողմ ձեւաչափով է արձանագրվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում միակ իրական արդյունքը՝ 1994թ. մայիսի 12-ի հրադադարի մասին անժամկետ համաձայնագիրը. «Համոզված ենք, որ բանակցային գործընթացում Արցախի ժողովրդի շահերը պետք է ներկայացնեն Արցախի Հանրապետության պաշտոնատար անձինք, ովքեր ժողովրդի կողմից համապատասխան մանդատ են ստացել»:

Այնուհետեւ Լավրովի կողմից հնչեցված առաջարկներին գալով, Մայիլյանը հիշեցրել էր, որ «մադրիդյան սկզբունքների» հիմնական տարրերի հրապարակումից անմիջապես հետո՝ 2009թ. հուլիսի 15-ին, Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ խաղաղ կարգավորման մեջ շահագրգիռ դերակատարներին կոչ անելով թույլ չտալ տարածաշրջանի ստատուս քվոյի խախտում` որպես կարգավորման առաջարկվող բանաձեւի հիման վրա բանակցային գործընթացի արագացման հետեւանք։ «Ինչ վերաբերում է այս փուլում քննարկվող հարցերին, ապա կողմերը կարգավորման որեւէ կոնկրետ պլան չեն քննարկում: Դա նշանակում է, որ սեղանին չկան, այսպես կոչված, մադրիդյան կամ այլ առաջարկներ: Ակնհայտ է, որ այժմ առավել հրատապ խնդիրներն են հրադադարի ռեժիմի ամրապնդումը, զինված ուժերի շփման գծում ռիսկերի նվազեցման մեխանիզմի ներդնումը եւ վստահության ամրապնդման միջոցառումների իրականացումը: Հենց այս հարցերի շրջանակներում են քննարկումներ ընթանում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումների ժամանակ, ինչի մասին են վկայում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները: Պաշտոնական Բաքվի հայտարարությունները, որը բազմիցս դժգոհել է առարկայական բանակցությունների բացակայությունից, նույնպես փաստում են, որ կարգավորման որեւէ կոնկրետ պլան չի քննարկվում»:

Նկատենք, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւն անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությանը՝ դժգոհելով, որ «Հայաստանն իր հայտարարություններով տապալում է բանակցային գործընթացը»:

Նկատենք, որ Մոսկվան համառորեն պնդեց Լավրովի ներկայացրած դիրքորոշումը, ապրիլի 24-ին պատասխանելով ադրբեջանական «Թրենդ» գործակալության հարցմանը: «Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր` մեր դիրքորոշումը բազմիցս ներկայացվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարության համատեղ հայտարարություններում: Դրա հիմքում ընկած են հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները, ներառյալ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքները: Այդ հայտարարություններում պարունակվող կարգավորման տարրերի թվում են Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքների վերադարձը, ինչպես նաեւ բնակչության կամարտահայտության միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը: Ինչ վերաբերում է փաստաթղթերին եւ առաջարկություններին, որոնք քննարկվել եւ քննարկվում են, ապա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դրանք թվարկել է»:

Հավելենք նաեւ, որ անցյալ շաբաթ ռուսաստանյան «Կոմերսանտի» հարցին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ն փաստացի հերքել է Լավրովի խոսքերը` հայտարարելով. «Հայկական կողմերի համար ընդունելի չէ կարգավորման որեւէ տարբերակ, որը չի նախատեսում Արցախի ինքնորոշման իրավունքի առանց որեւէ սահմանափակման իրականացումը եւ կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Հայաստանի համար ընդունելի չեն դեռեւս մինչեւ 2018թ. ներկայացված եւ ղարաբաղյան խաղաղ կարգավորման փուլային տարբերակ ենթադրող առաջարկները: Ավելին, 2018թ.-ից ի վեր Հայաստանը չի վարում բանակցություններ, որոնք հիմնված կլինեն փուլային կարգավորման վրա: Հայաստանն ունի հստակ տեսլական հավասարակշռված, փոխզիջումների եւ հավասարարժեք հանձնառությունների վրա հիմնված այն մոտեցումների վերաբերյալ, որոնք հնարավոր կդարձնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար եւ տեւական կարգավորումը»:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 29.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930