Երեխայի համար անհոգ մանկություն ապահովելը ծնողի մեծագույն պարտականություններից է: Այսօր, ցավոք, շատ ու շատ երեխաներ ուղղակիորեն զրկված են ծնողական հոգատարությունից: Հանգամանքների բերումով մանկատներում եւ խնամքի կենտրոններում հայտնված երեխաներն ամենաշատն են զգում ջերմության կարիք, եւ անգամ ամենափոքր ուշադրության ժեստը կարող է երջանկացնել նրանց:
Տեղեկացանք, որ նման կենտրոններից մեկը 6-18 տարեկան ծնողազուրկ երեխաներին ապահովում է խնամքով, կացարանով, սնունդով, հագուստով, բուժսպասարկմամբ, նախադպրոցական եւ դպրոցական դաստիարակությամբ: Կենտրոնում ընդգրկվում են ինչպես սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, այնպես էլ նրանք, որոնք անօթեւան են կամ կարգապահության հետ կապված խնդիրներ ունեն: Կենտրոնի աշխատակցի խոսքով, կան նաեւ երեխաներ, որոնց ծնողները չեն ցանկանում, որ երեխան դրսում գտնվի այն ժամանակ, երբ իրենք աշխատանքի են: Ամեն դեպքում, յուրաքանչյուր երեխայի հետ անհատական աշխատանք է տարվում:
Ըստ նրա՝ երբեմն բարդ իրավիճակում են հայտնվում. «Երեխաները չեն ունենում անձնագիր, ծնողը չկա. սրանք արդեն բարդ դեպքեր են եւ ավելի են բարդանում, երբ երեխայի հետ կոնտակտը չի ստացվում: Նրանք ունենում են լքվածության զգացում, չեն հարմարվում, դժվար են մտերմանում այլ երեխաների ու աշխատակիցների հետ, օրերով չեն խոսում, ոչինչ չեն ուտում…Օրինակ, մի անգամ 6-7 տարեկան երեխա էինք ընդունել, որն այնքան ժամանակ ոչինչ չեր կերել, որ ուտելուն պես սկսել է իրեն վատ զգալ: Կամ՝ մեկ այլ դեպք. երեխան ամիսներ շարունակ գտնվել էր նկուղային տարածքում , ինչի պատճառով մարմինը պառկելախոցերով էր պատվել»:
Թինա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ