Լոռու մարզի Վարդաբլուր համայնքի ղեկավար Ռուսլան Օհանյանը տեղեկացնում է աշխատանքից ազատվելու մասին։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի՛ վարդաբլուրցիներ, անհրաժեշտ եմ համարում ինձ համար կարևոր այս պահին դիմելու Ձեզ, կիսվելու Ձեզ հետ այն խնդրի մասին, որի առաջ ստիպված կանգնած եմ ես ու պետք է կայացնեմ համապատասխան որոշում: Թե՛ որպես ընտրված գյուղապետի, թե՛ որպես նշանակովի վարչական ղեկավարի պաշտոններում աշխատանքային գործունեությունս իմ կարծիքով եղել է բոլորիդ համար բաց ու հասկանալի, ոչ մի անգամ չեմ տրվել որևէ գայթակղության, միշտ ձգտել եմ հասնելու վարդաբլուրցիների միջև համերաշխության ու միասնության հաստատմանը: Որքանով է դա ինձ հաջողվել, գնահատականը կարող է տալ Ձեզանից յուրաքանչյուրը:
Ուզում եմ մեծ ցավով տեղեկացնել, որ Գյուլագարակ խոշորացված համայնքի ղեկավար Մհեր Գևորգյանն իր աշխատակազմով, ընդհուպ մինչև վարորդ, ներկայացել էր իմ աշխատասենյակ: Երկու րոպե տևող այցի նպատակը իմ աշխատանքից ազատման դիմումի պահանջն էր: Պատճառը իմ կողմից Մարզպետի կամ որոշ ֆեյսբուքյան էջերում կատարված գրառումները հավանելն է «լայքել» կամ նմանատիպ անհիմն մեղադրանքներ: Չեմ ուզում նմանվելով որևէ մեկին՝ գրառմանս միջոցով այս տիրույթում բարեկամներիս և շրջապատիս մեկնաբանությունների և հավանումների հաշվին աշխատանքս պահել և համբավ ձեռք բերել:
Չեմ էլ ուզում ամպագոռգոռ հայտարարություն անել և ասել, որ ես 100%-ով հեռանում եմ, իսկ հաջորդ օրը ներկայանալ աշխատանքի՝ ասես ոչինչ չի էլ եղել: Քանի որ հեռանալու ցանկություն ընդհանրապես չեմ ունեցել, ընդհակառակը լցված եմ եղել աշխատելու, գյուղը ծաղկեցնելու և 90-ականների բարգավաճող Վարդաբլուրի հռչակը ետ բերելու մեծ ցանկությամբ: Մինչ երեկ սեղանիս կային նոր ծրագրեր, առաջարկներ և պլաններ, որոնք արդեն որպես վարչական ղեկավար անզոր եմ իրագործել: Կփորձեմ ի նպաստ գյուղիս աշխատել և նոր ծրագրեր իրագործել նոր ոլորտներում:
Կարդացեք նաև
Այժմ մեր գյուղը թևակոխում է զարգացման նոր փուլ, որի վերջնական նպատակը էկոլոգիական զարգացած գյուղ դառնալն է իր հզոր զբոսաշրջային հնարավորություններով: Դրան հասնելու ճանապարհի մի մասն է «Վարդաբլուրի համայնք կլիմայական» քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամի /ԿՔՇՆՀ/ ստեղծումը, որը վերջերս ենք հիմնադրել: Այս հիմնադրամի միջոցով տարբեր ծրագրերի իրականացումն ու մեր գյուղի մշակութային ժառանգության պահպանումը, ճիշտ իրազեկումը կբավարարեն, որ Վարդաբլուրը դառնա Հայաստանի ամենահարմարավետ ու ճանաչված բնակավայրերի առաջատարներից:
Դա մենք կարող ենք ու իրագործելու ենք միասին, անկախ ով կղեկավարի գյուղը: Վերջին նախադասությունս իմ աշխատանքից ազատման դիմումի ակնարկը չէ, այլ ինքը ԱԶԱՏՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ, քանի որ ի սկզբանե խախտված է եղել վարչական ղեկավարի ու համայնքապետի փոխհարաբերությունը: Այդ Հարաբերությունը երբեք էլ ներդաշնակ չեն եղել, ուղղակի ամեն անգամ մտածել եմ, որ համայնքապետն իր փորձառությամբ ավելի ճիշտ եզրահանգումներ կանի: Սակայն մեր համայնքապետի փորձառությունը ուղղակի փորձանք դարձավ մեր գլխին:
Մնացե՛ք խաղաղությամբ: Աստված բոլորիս պահապան»: