armtimes.com. Այսօր «Մալիբու» այգում հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Նաիրի» ԲԿ է դիմել ժամը 19:00-ի սահմաններում, անցել է բոլոր հետազոտությունները, գտնվում է ընդհանուր բաժանմունքում, բժիշկների հսկողության ներքո: Սիմոնյանը որևէ վիրահատական միջամտության կարիք չունի: Ընդհանուր վիճակը կայուն է: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց «Նաիրի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին:
«Անցկացվել են հետազոտություններ, ոսկրատրավմատիկ ոչ մի փոփոխություններ՝ գլուխ, պարանոց, կրծքավանդակ, որովայն և նաև փափուկ հյուսվածքների կողմից, օրգան-համակարգերի կողմից ոչ մի փոփոխություն չկա: Կա ձախ քունքային հատվածում սալջարդ և փոքր արյան զեղում: Ուղեղի ցնցում հարցականով: Այդ դիագնոզն է դրված»,-ասաց Գնունին:
Ալեն Սիմոնյանին առաջարկվել է այսօր մնալ հիվանդանոցում: Նա համաձայնել է: Վաղը ևս կմնա, թե՝ ոչ, այս պահին, ըստ Անատոլի Գնունու, ասել հնարավոր չէ: Ամեն ինչ կախված է վաղվա հետազոտությունների արդյունքներից եւ Ալեն Սիմոնյանի ցանկությունից: «Վաղը մենք կնայենք վիճակը կգնահատենք և իհարկե, իր ցանկությունն էլ հաշվի կառնենք ուզում է մնալ, թե գնալ տուն»,-ասաց «Նաիրի» ԲԿ-ի գործադիր տնօրենը:
Հիշեցնենք, որ այսօր «Մալիբու» այգում հարձակման էր ենթարկվել ՀՀ ԱԺ փոխնախագահը: Վեճը սկսվել է Արթուր Դանիելյանից, որը այգում զբոսնող Սիմոնյանին սեռական հայհոյանքներ է տվել, վերջինս հարվածել է նրան, սկսվել է ծեծկռտուք։
Կարդացեք նաև
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հարձակման դեպքով 3 անձ բերման է ենթարկվել։ Բերման ենթարկվածներից «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը նույնպես տեղափոխվել էր հիվանդանոց եւ հետազոտություններից հետո դուրս գրվել:
Ալեն Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալենը Նաիրի բժշկական կենտրոնում ա, բժիշկների հսկողության տակ ա: Հեռախոսիս մարտկոցը նստում ա, կներեք, որ չեմ պատասխանում»:
« Վեճը սկսվել է Արթուր Դանիելյանից, որը այգում զբոսնող Սիմոնյանին սեռական հայհոյանքներ է տվել, վերջինս հարվածել է նրան, սկսվել է ծեծկռտուք։ »
Շնորհակալութիւն ՀԺ-ին, հիմնական իրողութիւնների այս պարկեշտ ներկայացման համար: (Երեւի մի քիչ օգնեց այն հանգամանքը որ հաւատալի վկաներ կան, նոյնիսկ հաւանական պատկերներ…)
Իսկ նորմա՞լ կը համարէք որ, որեւէ պարագայի, երկու տարիներէ ի վեր երկրի մը Խորհրդարանին փոխ-նախագահը պաշտօնը ստանձնած անձ մը, բերանացի վիրաւորանքին պատասխանէ՝ բռունցքի հարուածներով…
Անցած ըլլայ ուրեմն Պարոն Սիմոնյանին: Բայց նաեւ, յուսանք՝ դաս:
(ինքնութիւնս շատ հեշտ է տեսնելը, սեղմելով «Հ.Շ.» ին վրայ, ապա՝ About. ամէն տեղ սակայն անվերջ անունս պիտի չտարածեմ)