Ապրիլի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:
Զրուցակիցները քննարկեցին նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված մարտահրավերները և դրանց հասցեագրմանն ուղղված քայլերը:
Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային վերջին զարգացումներին: Արցախում անցկացված նախագահական և խորհրդարանական ընտրությունների համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծեց Արցախում ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրությունների կարևորությունը մարդու իրավունքների իրացման, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման և խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետ զարգացման տեսակետից:
Հանդիպմանն անդրադարձ եղավ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ ապրիլի 21-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև տեղի ունեցած տեսակոնֆերանսին, որի արդյունքում ընդունվեց համատեղ հնգակողմ հայտարարություն։
Կարդացեք նաև
Այս առնչությամբ երկուստեք առանձնահատուկ ընդգծվեց նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող գլոբալ պայքարի պայմաններում հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման և ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը:
ՀՀ ԱԳՆ