Եվրահանձնաժողովի Եվրոպական հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրենի տեղակալ Կատերինա Մաթերնովան լրագրողների հետ առցանց հանդիպման ընթացքում անդրադարձավ այս ընթացքում Եվրահանձնաժողովի կատարած աշխատանքներին։
«Կարծում եմ՝ նույնիսկ համավարակի ժամանակ մենք կարողացանք արագ մոբիլիզացվել»,- ասաց նա՝ նշելով, որ որոշել են փոփոխել և վերանայել իրենց ծրագրերը՝ հարմարեցնելով կորոնավիրուսով պայմանավորված ստեղծված իրավիճակին։ Եվ նախատեսել են աջակցության երեք եղանակներ՝ անհապաղ հումանիտար և բժշկական կարիքներին, բժշկական և առողջապահական համակարգներին և տնտեսությանը։ Եվ ապրիլի 8-ին հրապարակել են ծրագիր, որի շրջանակներում հնարավոր եղավ մոբիլիզացնել մոտ 10 միլիոն եվրո։ Նա հավելեց, որ Արևելյան գործընկերության համար իրենք կարողացել են մոբիլիզացնել մեկ միլիարդ եվրո։
Կատերինա Մաթերնովան հայտնեց, որ Եվրահանձնաժողովը սերտորեն աշխատում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ, և տրամադրել է 30 միլիոն եվրո, որը սակայն ուղղված չէ Արևելյան գործընկերության երկրների բոլոր կարիքներին, այլ՝ անհապաղ կարիքներին, ինչպես օրինակ՝ անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներ ձեռք բերելը։
Նա անդրադարձավ նաև կորոնավիրուսի պայմաններում լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության աշխատանքներին, և նրանց հատկացվող աջակցությանը. «Մենք նայում ենք նաև լրատվամիջոցների վիճակին, քաղաքացիական հասարակության վիճակին և ինտենսիվորեն ավելացնում ենք լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության աջակցությունը։ Եվ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության դերը այս ճգնաժամի ընթացքում շատ կարևոր է, քանի որ մենք կարծում ենք, որ չափազանց կարևոր է, որ նրանք կառավարության տարբեր գործողությունների զգոն դիտորդները լինեն, և պետք է օգնեն տարածել փաստերը, իրականությունը և տեղեկատվությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք ուշադրություն են դարձնում նաև արագ արձագանքման մեխանիզմին, որի ընթացքում ԵՄ դեսպանությունները աջակցում են տարբեր ծրագրերի։ Հայաստանում ևս իրականացվել է այդպիսի աջակցություն՝ Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակին, որպեսզի վերջինիս աշխատակիցների համար ապահովվեն անհատական պաշտպանիչ սարքավորումներ, և նրանք կարողանան իրականացնել իրենց աշխատանքը։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ