Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք շարունակում ենք պնդել մեր տեղեկության հավաստիությունը». «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիրը՝ Գավառի իրադարձությունների մասին

Ապրիլ 29,2020 21:05

«Մենք շարունակում ենք պնդել մեր տեղեկության հավաստիությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Գավառում տեղի ունեցած իրադարձություններին և «Ժողովուրդ» օրաթերթին ապատեղեկատվություն տարածելու մեջ մեղադրանքներին, հայտարարեց «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանը:

Հիշեցնենք՝ երեկ ArmLur.am–ը գրել էր,  որ «իրենց հասած նախնական տեղեկությունների համաձայն՝ այսօր Գավառի ճանապարհին հնչած կրակոցներից հետո Նորատուսի բնակիչները չեն հանդարտվել: Ճշտվող տեղեկությունների համաձայն՝ վերջիններս երկաթյա ձողերով մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ հսկողություն են իրականացնում ոստիկանները։ Այնտեղ է եղել անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը, սակայն իրավիճակը չի կարողացել վերահսկել: Ձողերով և դանակներով զինվածները սկսել են ջարդուփշուր անել հիվանդանոցի գույքը, որից հետո, հրելով, քանդելով հիվանդանոցում հսկողություն իրականացնող ոստիկանների կազմած պատնեշը, մուտք են գործել այն սենյակ, որտեղ պառկած են եղել կրակոցների արդյունքում վիրավորված երկու անձինք եւ դանակով կտրել են նրանց երկուսի վիզը: Այդպես վրեժ լուծելուց հետո հեռացել են»:

Այսօր ՀՀ ոստիկանությունը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ Գավառի հիվանդանոցում ոչ մեկը չի սպանվել և հորդորեց լրատվամիջոցներին չճշտված տեղեկություններ չհրապարակել: Երեկվանից շատ լրատվամիջոցներ, հղում կատարելով «Ժողովուրդ»-ին, տեղեկություն տարածեցին, թե մարդիկ մուտք են գործել Գավառի ԲԿ և հաշվեհարդար տեսել: Այսօր այս առիթով իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց նաև Պետրոս Ղազարյանը՝ արծարծելով ներողություն խնդրելու հարցը:

Քնար Մանուկյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք «Ժողովուրդը» պատրաստվո՞ւմ է ներողություն խնդրել, խմբագիրը գրավոր պատասխանեց. «Ձեզ ասեմ, որ մեզ համար սովորական երեւույթ է դարձել, երբ աղմկահարույց իրադարձություններ են տեղի ունենում հանրապետությունում, եւ «Ժողովուրդ» օրաթերթը կամ Արմլուր լրատվականը ամենաօպերատիվ կերպով արձագանքում են իրավիճակին եւ հրապարակում կոնկրետ փաստեր աղմկահարույց դեպքերի մասով, դա սկսում է դուր չգալ, ինչպես լրատվական դաշտի մեր շատ գործընկերներին, այնպես էլ իրավապահ մարմիններին եւ իհարկե իշխանության որոշ թևի ներկայացուցիչներին: Պետք է ասեմ, որ նորմալ ենք վերաբերվում, թող քննարկեն, քննադատեն. որեւէ մեկը չի կարող որեւէ մեկի կարծիք արտահայտելու իրավունքը կասկածի տակ դնել կամ փորձել արգելափակել նրա՝ կարծիք հայտնելու իրավունքը։ Բայց մենք շարունակելու ենք մեր գործունեությունը այն բարեխղճությամբ, ինչով առաջնորդվել ենք միշտ»:

Քնար Մանուկյանը նշեց՝ չի ցանկանա կոնկրետ անձանց անդրադառնալ, բայց կարծում է՝ որեւէ հայտարարություն անելուց մարդիկ պետք է պատասխանատվություն զգան իրենց արտաբերած խոսքերի համար, այնպես, ինչպես իրենք են պատասխանատվությամբ վերաբերվում իրենց գրած յուրաքանչյուր նախադասությանը: Եվ հավելեց. «Ես ցանկանում եմ Ձեզ հիշեցնել. այո, «Ժողովուրդ» օրաթերթն է առաջինը հրապարակել,  որ Գավառում տեղի ունեցած  կրակոցներից հետո իրավիճակը դարձել է  անվերահսկելի, ինչի արդյունքում տեղի է ունեցել մի զարհուրելի պատմություն. մի խումբ մարդիկ, հրելով, քանդելով ոստիկանական պատնեշը, մուտք են գործել Գավառի բժշկական կենտրոն եւ կտրել երկու քաղաքացու վիզը, այնուհետեւ անարգել դուրս են եկել հիվանդանոցի տարածքից: Ի դեպ, եթե նկատեցիք ոստիկանությունը փորձեց մանիպուլյացիա անել, այլ ոչ թե հերքել մեր տեղեկությունը, նրանք ասացին, որ հիվանդանոցում մարդիկ չեն սպանվել, բայց ոստիկանությունը չասաց, որ մարդկանց չեն մորթել: ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ նրանք սուր կտրող ծակող գործիքներով ստացել են վնասվածքներ իրենց  հատուկ որոշ տերմինոլոգիա օգտագործելով՝ փորձելով այս ճանապարհով հասարակությանը մոլորեցնել, թե մարդկանց չեն մորթել հիվանդանոցում»:

Քնար Մանուկյանը պնդեց. «Ես շարունակում եմ պնդել մեր լրատվական կայքի հրապարակման մեջ տեղ գտած բոլոր տեղեկությունները, որ իրականում Գավառի հիվանդանոց են ներխուժել մի խումբ նորատուսցիներ, ջարդուփշուր են արել հիվանդանոցը, գնացել, հասել են հիվանդասենյակ եւ կտրել են երկու հոգու կոկորդը, ու այդ անձանց մասին մինչեւ հիմա որեւէ տեղեկություն չկա: Ցանկանում  եմ ընդգծել, որ մենք մեր ձեւակերպումներում շատ զգույշ ենք եղել եւ գրել ենք, որ նախնական տեղեկություններով՝ նրանք սպանվել են, բայց քանի որ իրավապահ համակարգ մեզ որեւէ տեղեկություն չէր տրամադրում, որպեսզի հասկանայինք, թե կոկորդները կտրված անձինք սպանվել են, թե վիրավոր են, նախնական գրեցինք, որ սպանվել են, որովհետեւ  մի փոքր դժվար է պատկերացնել՝ ինչպես մարդը կարող է ապրել, երբ նրա կոկորդը կտրում են»:

Քնար Մանուկյանն ասաց՝ ականատեսները պնդում են կոկորդ կտրելու փաստը նաև արդեն լրատվամիջոցների հետ զրույցում։ Հետո էլ շեշտեց. «Այնուամենայնիվ, ես պահանջում եմ, որ նաեւ Ձեր միջոցով ոստիկանությունը հայտնի, թե ովքեր են այդ անձինք։ Մեր տեղեկություններով՝ նրանք եղբայրներ են, ամենակարեւորը՝ ինչ վիճակում են նրանք այս պահին գտնվում, որտեղ են եւ ի վերջո ո՞ղջ են, թե՞ սպանված»:

«Ժողովուրդ»-ի խմբագրի պնդմամբ՝ ոստիկանությունը իրենց չի հերքել. ընդամենը լրացրել է իրենց տեղեկությունը պաշտոնական որոշակի ձեւակերպումներով՝ կտրող, ծակող գործիքով հասցված վնասվածքներ, ուրիշ ոչինչ և եզրափակեց. «Իսկ ինչ վերաբերում է ոստիկանապետի՝ դեպքի վայրում լինել կամ չլինելուն, ես նորից շարունակում եմ պնդել. մեր ստացած տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետը եղել է հիվանդանոցում, որի հետ հիվանդանոցում են եղել ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Գեղարքունիքի մարզպետը, որոնց ներկայությունը չի զսպել նորատուսցիներին մտնել հիվանդանոց եւ վենդետա իրականացնել: Եթե նույնիսկ ոստիկանությունը պնդում է, որ ՀՀ ոստիկանապետը չի եղել այնտեղ, ապա էլի իրավիճակը չի մեղմվում , քանի որ դեպքի  վայր կոչվածը մի քանի հարյուր մետր հեռու է գտնվել հիվանդանոցից, եւ երբ ոստիկանապետը լսել է հիվանդանոց ներխուժման, մորթված անձանց մասին, ինչո՞ւ չի շտապել հիվանդանոց , եթե անգամ շտապել է ի՞նչ է տեղի ունեցել՝ զրո արդյունք»:

Մեղադրանքների մասին խմբագիրն ասաց. «Այսքանից հետո լրագրողներին ինչ-որ բանի մեջ մեղադրելուց առաջ՝ առավել ևս մեզ ապատեղեկատվություն տարածելու մեջ մեղադրելուց առաջ, լավ կլինի մարդիկ իրենց եւս մեկ անգամ հարց տան՝ արդյոք իրենք ազնիվ ե՞ն իրենց պնդումների մեջ: Մենք շարունակում ենք պնդել, որ, ցավոք սրտի, Գավառում տեղի է ունեցել դաժան հաշվեհարդար, ոստիկանական ուժերի աչալուրջ  հսկողության ներքո եւ ենթադրյալ հանցագործները մտել են, իրենց հաշվեհարդարը տեսել են ու անարգել կերպով դուրս են եկել հիվանդանոցից ու դիմել փախուստի: Սա է իրականությունը, որը խայտառակում է Հայաստանի իրավապահ համակարգը, եւ սրա մասին բարձրաձայնելով՝ լրագրողները չեն մեղավորները, այլ մեղավորներին պետք է փնտրել ուրիշ տեղ եւ կոնկրետ պատժի ակնկալիքներով։ Թերևս, տեղին կլիներ ներողություն խնդրելու ակնկալիք ունեցողները իրենք ներողություն խնդրեին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930