Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչ են պատմում Գավառի բուժկենտրոնի վիրաբույժն ու Նորատուսի գյուղապետը

Ապրիլ 29,2020 20:20

«Ընդունարանի բժիշկը զանգեց եւ ասաց, որ ընդունել ենք հրազենային վնասվածքներով բժիշկներ: Ցուցաբերել ենք առաջին բուժօգնությունը, զբաղվել ենք հիվանդներով, այդ ընթացքում, ամենայն հավանականությամբ, հակառակորդ կողմերից մեկի հարազատները, ճեղքելով ոստիկանության պատնեշը, մտել են հիվանդանոց եւ սկսել են դռները, պատուհանները կոտրելով՝ ման գալ մյուս կողմի ժողովրդին, որպեսզի վրեժ լուծեն»,-այսօր լրագրողների հետ զրույցում, այսպես ներկայացրեց Գավառի հիվանդանոցում տեղի ունեցած միջադեպի մանրամասները Գավառի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Արամ Ավետիսյանը: Բժշկի խոսքով, հիվանդանոց տեղափոխվածների վիճակը գնահատվել է ծանր, նրանք ունեցել են հրազենային բազմաթիվ վնասվածքներ ու կոտրվածքներ: Ըստ բժշկի, հիվանդանոց տեղափոխված երկու քաղաքացու մոտ էլ գրանցվել է կենսաբանական մահ:

Բաժանմունքի վարիչն ասաց, որ ոստիկանական ուժերը ժամանել են անմիջապես՝ հիվանդներին ընդունելուց հետո: Բժշկի խոսքով, հակառակորդ խումբը հիվանդանոցից հեռացել է, երբ հիվանդասենյակներից մեկում գտել է իր փնտրած անձին. «Արդեն հիվանդասենյակում հարձակում գործեցին հիվանդի վրա, դրանից հետո արդեն իրենց կամքով հեռացան հիվանդանոցից»:

Արդեն հիվանդանոցում գտնվող վիրավորներին, բժշկի ներկայացմամբ, հասցրել են մարմնի տարբեր հատվածներին ծակող, կտրող վերքեր, սալջարդ. «Բոլոր վիրավորները ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Երեւան»:

Բժիշկ Ավետիսյանը նաեւ նշեց, որ հիվանդասենյակների մոտ եղել են ոստիկանական ուժեր, բայց հակառակորդը կարողացել է ներս մտնել, անգամ վիրավորվածներից մեկի խնամակալին է վնասվածքներ պատճառել, որը նույնպես ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Երեւան: Բժշկի խոսքով, հիվանդանոցի վրա հարձակում գործածները մի քանի հարյուր մարդիկ են եղել:

Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի ղեկավար Մուրադ Հարությունյանը պատմեց, որ ինքը դեպքի մասին երեկոյան է տեղեկացել՝ չնայած, որ գյուղում է եղել: Սակայն թե ինչի պատճառով է վեճը ծագել, գյուղապետն ասաց, որ տեղյակ չէ: Նրա խոսքով, վեճի ամեն կողմը մի պատճառ է նշում: Նրա խոսքով, հիվանդանոցի վրա հարձակում գործած անձիք ոչ միայն Նորատուսից, այլեւ Գավառից էլ են եղել: Ասաց, որ սպանվածի ընտանիքը  գյուղատնտեսությամբ է զբաղվում, նաեւ արտագնա աշխատանքի են մեկնում:

Համայնքի ղեկավարի խոսքով, գյուղում այս պահին ոստիկանները հսկողություն են իրականացնում: Միջադեպը շարունակություն կունենա թե ոչ, գյուղապետն ասաց, որ չի կարող ասել, սակայն կարծում էր, որ կրքերը կհանդարտվեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930