Լրահոս
Օրվա լրահոսը

«Սաղ Սերժի մարդիկ են նստած, համայնքապետը մնացել է փողոցներն առնի, պրծնի»․ Կառնուտի ֆերմերներ

Ապրիլ 29,2020 21:44

Շիրակի մարզի Կառնուտի ֆերմերներից մի քանիսն այսօր մեկնել էին մայրաքաղաք՝ կառավարության դիմաց նստացույց անցկացնելու, սակայն ոստիկանները չէին թույլատրել՝ հորդորելով բողոքը ներկայացնել վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին։

Ինչպես մանրամասնեց ֆերմեր Յուրա Գրիգորյանը, բողոքի պատճառն Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանի խտրական վերաբերմունքն է, որն արտահայտվել է Կառնուտում ամռան ամիսներին տեղացած կարկտահարության դիմաց իրենց վնասի փոխհատուցում չհաշվարկելով ու չտալով։ Ֆերմերները դեռ հունվար ամսին, ի նշան բողոքի, ճանապարհներ փակեցին, այնուհետ բողոք հղեցին վարչապետին, դատախազին, սակայն, հարցն, ըստ նրանց, այդպես էլ չլուծվեց։

«Կարկուտը երեք անգամ տեղաց, լրիվ ոչնչացրեց ցանքատարածքները․ Ախուրյան խոշորացված համայնքի դաշնակցական ղեկավար Արծրուն Իգիթյանն իր մոտիկներին, համախոհներին, ազգ ու երամին, բարեկամներին գրեց, իսկ մնացածը, որոնք իրեն ընտրությունների ժամանակ ձայն չէին տվել, անտեսեց։ Պատկերացրեք, հենց Արծրուն Իգիթյանի կարտոֆիլի ցանքատարածությունները 30 սանտիմետր հեռավորության վրա են իմինից, ինքն իրեն վնասի չափ հաշվարկել, ստացել է, իմը չի հաշվարկել։

Մենք ճանապարհ փակեցին, բողոքի ակցիա անցկացրեցինք, դատախազություն դիմեցինք։ Մեզ ասել է՝ որտեղ ուզում եք գնացեք բողոքեք՝ դատախազությունն էլ է իմը, միլիցիան էլ է իմը, սաղ իմն է։ Հիմա էլ 44 հոգու էլ դատի է տվել հարկեր չմուծելու համար։ Հերիք չէ մենք չկանք վնասի փոխահատուցման ցուցակում, հիմա էլ գնում ես անտոկոս վարկ վերցնելու, չեն տալիս, թե հարկադիրի տակ ես։ Ախուրյանում մարդիկ կան, որ 500 հազար դրամից ավելի կազմող հարկերը չեն մուծել, բայց Կառնուտում 100 հազար դրամի համար հարկադիրի տակ են մտցնում։

Արծրուն Իգիթյանը Երևաններով, Փարիզներով տներ է առել, էդ որտեղի՞ց, սաղ Ախուրյանի շենքերը ՝ փոստի, Սանէպիդի, մոտիկ հարազատների անուններով վերցրել է, մնացել է փողոցներն առնի, պրծնի։

Երկու անգամ նամակ ենք գրել Նիկոլ Փաշինյանին, տարածքային կառավարման նախարարություն, բոլոր տեղերը նամակ ենք գրել, գալիս, նամակը հասնում է մարզպետարան ու անհետանում է։ Այդպես էլ չենք հասկանում՝ ինչո՞ւ մեր վնասը չեն հատուցում, դատի էլ ենք տվել, դեկտեմբերի 15-ից դատ ենք տվել, առ այսօր դատավորը հետ է ուղարկում գործը»։

29 հոգով դիմում ենք գրել դատախազություն, դատախազին հանդիպեցինք, մակագրեց քննչական, վրան թոզ է նստել արդեն»,- բողոքեց Յուրա Գրիգորյանը։ Նա ասաց, որ իրենց գյուղի բանջարաբոստանային կուլտուրաների 10 տոկոսը իրենք են արտադրում, Ախուրյանի և հարակից գյուղերի թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք իրենց մոտ են աշխատում, սակայն այժմ ֆինանսական խնդիր կա ու հնարավոր է աշխատակիցներն անգործ մնան։

«Մեզ ասում է՝ չե՞ք վախենում գողականից, չե՞ք վախենում ինձանից, դու ո՞վ ես , որ վախենանք, ի՞նչ գողական։ Ոչ մի բան չի փոխվի մինչև Նիկոլին չտեսնենք, սաղ Սերժի մարդիկ են նստած, մի ձեռը ծափ չի տալիս»,- նեղվեց Յուրա Գրիգորյանը։

Կառնուտի մեկ այլ ֆերմեր՝ Գաբոյան Արզրումանն էլ ասաց, որ իր 14 հեկտար կարտոֆիլի, սխտորի ցանքատարածությունները իսպառ ոչնչացվել են, իր վնասը մեկ միլիոն դրամ է կազմում։

«Ամեն օր հեռուստատեսությամբ ասում են՝ գյուղացիներին աջակցում ենք, որ իրենց հողերը մշակեն, բայց մեզ իրենց աջակցությունը պետք չէ, բերեն մեր փողերը տան, մենք կորոշենք վարկ կվերցնենք, թե մասնավորից կվերցենք պարարտանյութը, դա մեր խնդիրն է, ուղղակի մեր աշխատողներն այս պահին անգործ են մնում։

Թազա տարվա կարկուտն է գալիս, բայց մենք մեր հին կարկտի փողերը չենք կարող ստանալ։ Եթե մեր բողոքը ընթացք չունենա, քանի շուտ է , մեր պասպորտները կտանք, թող գրանցումից հանեն, գնանք Ռուսաստան, հող մշակենք, մենք միայն այդ գործը կարող ենք անել։ Քանի որ Կառնուտ գյուղը դաշնակցականներին ձայն չի տվել, վնասի փոխհատուցում ընդհանրապես չեն նախատեսել։ Մի բան էլ դատ է տալիս, ինձ էլ է դատի տվել, 100 հազար դրամի համար, երաշտ տարի էր, չհասցրեցինք փողը մուծելու, ինքը դրել 44 ընտանիքի դատի է տվել։ Էսօրվա օրով պետությունն աջակցություն է տալիս, ինքը դրել է հարկադիր տակ, չենք կարող անգամ վարկ վերցնել ։ Ոչ մեկը չհարցրեց՝ համաձա՞յն եք համայնքների խոշորացմանը, դրեցին, խոշորացրեցին, հիմի էս գյուղը ճորտ է դարձել իրենց ձեռքը։ Այսինքն` պիտի գնամ յալվար ընկնեմ, ասեմ դաշնակին ձայն կուտամ, որ վնասի փոխհատուցումը հաշվե՞ն», -ասաց Արզրուման Գաբոյանը։

Ֆերմերներն ասացին, որ  Նիկոլ Փաշինյանի օգնականը խոստացել է խստորեն հետևել բողոքի ընթացքին։

Մենք պարտադիր կլսենք Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանի պարզաբանումները ևս։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930