Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանների պալատը հույս է հայտնում, որ կառավարությունը շահագրգիռ է Հայաստանում անկախ փաստաբանական ինստիտուտի զարգացման հարցում

Ապրիլ 29,2020 20:00
pastaban

Փաստաբանների պալատի պատասխանը՝ Արդարադատության նախարարության հայտարարությանը

Նախորդ օրը՝ 28.04.2020թ., ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարությամբ  արձագանքել է ՀՀ փաստաբանների պալատի նույն օրվա հաղորդագրությանը, որը վերաբերում էր փաստաբանի լիազորությունների իրականացման ժամանակ նրա մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, ինչպես նաև կապված նրա լիազորությունների իրականացման հետ վերջինիս վիրավորելու և զրպարտելու արարքները քրեականացնելու օրենքի նախագիծը Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն չստանալուն:

Մասնավորապես, նախարարությունը հակադարձել է, որ ՀՀ կառավարության ներկայացուցիչ, արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի կողմից նախագծի դեմ ներկայացված փաստարկները Փաստաբանների պալատի հաղորդագրությամբ ամբողջությամբ չեն ներկայացվել և նույն հայտարարությամբ նախարարությունը շարադրել է իր փաստարկները՝ 3 կետից:

Նախ, հարկ է նկատել, որ Փաստաբանների պալատը հաղորդագրությամբ նպատակ է հետապնդել  հայտնել փաստաբաններին և հանրությանը երկու հիմնական  տեղեկություն՝

  1. վերը նշված նախագիծը չի ընդունվել.
  2. Կառավարության ներկայացուցիչը առարկել է նախագծի փաստաբանին վիրավորելու և զրպարտելու արարքը քրեականացնելու նախաձեռնությանը:

Փաստաբանների պալատի հաղորդագրության մեջ ներկայացվել է նաև նախագծի քննարկման մասնակիցների ընդհանրական դիրքորոշումները (հակափաստարկները)՝ նախագծի առարկված հատվածի վերաբերյալ:

Արդարադատության նախարարության պարզաբանումների 1-ին կետում որպես փաստաբանների պալատի հաղորդագրության տարընկալում առաջացնելու փաստարկ ներկայացվել է այն, որ կառավարության ներկայացուցիչը դեմ չի եղել օրենսդրական նախագծի՝ փաստաբանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու և սպառնալու արարքները քրեականացնելուն: Ինչպես հետևում է Փաստաբանների պալատի հաղորդագրությունից, Փաստաբանների պալատը հակառակը չի պնդել և այդ հարցին չի անդրադարձել այնքանով, որքանով նախագծի ընդունումը մերժվել է, իսկ մերժման պատճառը հանդիսացել է փաստաբաններին վիրավորելու և զրպարտելու արարքները քրեականացնելու նախագծի մասի հետ անհամաձայնությունը:

Փաստաբանների պալատի հաղորդագրությամբ նշվել էր, որ արդարադատության նախարարի տեղակալի առարկության հիմնական փաստարկը կայանում էր նրանում, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2007թ. հոկտեմբերի 4-ի 1577(2007) բանաձևի համաձայն պետք է ապաքրեականացվեն զրպարտանքը և վիրավորանքը:

Նշված ընդհանրացումը որակելով որպես տարընկալում առաջացնող՝ դրան զուգահեռ Արդարադատության նախարարության հայտարարության մեջ ներկայացված պարզաբանումների մյուս երկու փաստարկների հիմքում մի դեպքում ուղղակիորեն, մյուս դեպքում անուղղակիորեն դրել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պահանջները: Մասնավորապես, 2-րդ կետում անմիջականորեն վկայակոչվել է նշված բանաձևը և որպես առարկության փաստարկ նշվել, որ եվրոպական երկրները, փոփոխելով իրենց վարած քրեական քաղաքականությունը, հրաժարվել են զրպարտության դեպքերին քրեաիրավական հարթությունում արձագանքելու գործիքակազմից: Որպես հակափաստարկ նշելով, որ այլ սուբյեկտների նկատմամբ զրպարտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսված լինելը ինքնին չի հիմնավորում դրա գոյության անհրաժեշտությունը նաև փաստաբանների մասով, 3-րդ կետում ներկայացված փաստարկը նախարարությունն ի վերջո ամփոփում է այն պնդմամբ, որ քրեական նոր օրենսգրքի նախագծով որևէ սուբյեկտի նկատմամբ զրպարտության համար քրեական պատասխանատվություն չի նախատեսվել՝ որպես հիմք հղում կատարելով Եվրոպայի խորհրդի փորձագետների ուղղակի պահանջներին: Պետք է փաստել, որ նախարարության պարզաբանումների 3-րդ կետի փաստարկի առանցքում այն պնդումն է, որ պետության քաղաքականությունը զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացումն է, որը բխում է Եվրոպայի խորհրդի առաջ պետության ստանձնած պարտավորություններից:

Ամփոփելով վերոգրյալը՝ պարզ է դառնում, որ կառավարության ներկայացուցչի դիրքորոշումը՝ փաստաբանին վիրավորելու և զրպարտելու արարքը քրեականացնելու վերաբերյալ, Փաստաբանների պալատի հաղորդագրությամբ ընդհանրացվել է բարեխղճորեն, ուստի Արդարադատության նախարարության «մեղադրանքները» կատարված ընդհանրացման տարընկալում առաջացնելու վերաբերյալ ընդունելի չեն:

Անկախ հաղորդագրությունների և դիրքորոշումների տարընկալումներից և տարբերություններից, Փաստաբանների պալատը հույս է հայտնում, որ փաստաբանությանն առնչվող հարցերում Կառավարությունը բացասական նախատրամադրվածություն չունի և շահագրգիռ է Հայաստանում անկախ փաստաբանական ինստիտուտի զարգացման հարցում:

 

Հ.Գ. Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Եվրոպայի խորհրդի անդամ մի շարք պետություններում այս պահին էլ վիրավորանքը և զրպարտությունը քրեականացված են (մասնավորապես՝ Գերմանիա, Իտալիա, Լատվիա, Սլովակիա), իսկ որոշ երկրներում քրեականացված են հատկապես փաստաբաններին վիրավորելու (զրպարտելու) արարքները՝ Պորտուգալիա, Ալբանիա, Մալթա):

Առդիր՝  Կառավարության ներկայացուցչի ելույթից հատվածների սղագրությունը՝ ամբողջական տեսանյութի հղումով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930