Այսօր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ուշագրավ հայտարարություն արեց: Նա ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում հաղորդում ներկայացրեց 2019-ին կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ: «Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հարցրեց՝ կա՞ն մարդիկ, որ ձեր այցելություններից ոգեւորվել են ու եկել են Հայաստան:
Զարեհ Սինանյանը պատասխանեց, որ գնալով արտերկիր ու այցելելով սփյուռքի համայնքներ՝ հայրենադարձություն խթանելը իրենց համար առաջնային խնդիր չեն դնում. «Որ գնանք ՌԴ, ասենք՝ ժողովուրդ, ի՞նչ եք անում, հետ եկեք այստեղ, մենք պիտի իմանանք՝ ունե՞նք պայմաններ այդ մարդկանց աշխատանքով ապահովելու համար: Նույնիսկ այն պրոցեսները, որոնք գոյություն ունեն հայրենադարձվողների համար, նորմալ սահմանե՞լ ենք, ներգաղթի համար միջավայրը ապահովե՞լ ենք: Ես ասեմ՝ մեծ ներգաղթին մենք պատրաստ չենք եւ եթե նման բան տեղի ունենա, հնարավոր է, որ նման բան իրոք տեղի ունենա համավարակի արդյունքում, եկեք անկեղծ լինենք, մենք դրան պատրաստ չենք: Եթե վերադառնան Հայաստան, հարց է ծագում՝ կարողանալո՞ւ ենք իրենց պահել: Մենք մեր առջեւ խնդիր ենք դրել բացատրել ավելի շատ Հայաստանի իրականությունը, որ եթե մարդիկ ուզենան գալ, իսկ մենք շատ կուզենանք, որ գան, բաց աչքերով գան, հասկանան, թե ուր են գալիս ու ինչ է այստեղ իրենց սպասվում»:
Զարեհ Սինանյանն ընդունեց, որ ծրագրում ունեն նման կետ՝ ապահովել ներգաղթ Հայաստան, բայց դա անելու համար պետք է նախ պայման ստեղծեն: Դրա պայմաններից մեկը տնտեսության աճն է, տնտեսական աճի համար անհրաժեշտ են ներդրումներ, իսկ ներդրողներին պահելու համար պետք է պայման ստեղծենք, որ այդ մարդիկ կարողանան աշխատել, արհեստական խոչընդոտներ չստեղծենք:
Սոֆյա Հովսեփյանն արձագանքեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում տեսնում է, որ մարդիկ գալիս են Հայաստան ու դժվարությունների են հանդիպում, իրենց ավելի հեշտ է գտնել պատգամավորի, քան իրեն՝ Սինանյանին, մինչդեռ հենց նա պետք է լինի իրենց առաջին պաշտպանը: Ի պատասխան՝ Զարեհ Սինանյանն ասաց. «Այո, մենք դրսից եկող ներդրողների համար հենց առաջին գիծն ենք ու մարդիկ ավելի ու ավելի շատ են մեզ դիմում որոշ հաջողություններից հետո: Այս գերատեսչության դուռը ծեծելով, այն գերատեսչության հետ կոնֆլիկտի մեջ մտնելով՝ մենք կարողանում ենք հարցը լուծել, բայց դա համակարգային լուծում չի: Հարցերը շատ դժվար են լուծվում ու հաճախ հարցերը հասնում են այնպիսի ինստանցիաների, որոնց չպիտի հասնեին ու հարցերն էլ մեծամասամբ տարրական են, հեշտ լուծվող, բայց արի ու տես, որ Հայաստանում այդ հարցերը չեն լուծվում հեշտ ու սա մեծ խոչընդոտ է ներդրումների համար»:
Կարդացեք նաև
Զարեհ Սինանյանը մի օրինակ բերեց. «Ես թիվ չեմ կարող ասել, թե քանի մարդ է մեր հանդիպումից ոգեւորվելով՝ եկել Հայաստան, բայց եղել են նման մարդիկ: Հիմա դրա բացասական կողմի մասին նշեմ: Դուք գիտեք, որ մեր՝ Ուկրաինա այցելությունից հետո մի մեծ շինարարական գործով զբաղվող եկավ Հայաստան, եկան իրենց ուկրաինացի գործընկերների հետ, ներկայացրեցին ծրագիր, մենք միջնորդել էինք, որ իրենք գան, ոգեւորել էինք, եկան, նախարարությունների հետ հանդիպեցին ու ծանոթանալով մեր տենդերային օրենքին, պայմաններին, համարյա հայհոյելով մեզ՝ հեռացան, մեզ էլ ասեցին՝ դուք մեզ խայտառակ արեցիք: Մեզ չէիք ասել, որ պետք է գանք, 110 տոկոսի գրավ դնենք, ֆինանսավորենք մեր շինարարությունը, հլը մի բան էլ չիմանանք՝ մեզ վճարելո՞ւ են, թե՞ ոչ»:
Սոֆյա Հովսեփյանն էլ տեղեկացրեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարել ու հիմա հույս ունի, որ Ուկրաինայի շինարարական այդ խումբը նորից կգա:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ