Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Նախկին ռեժիմի հետ կապված ՌԴ գործարարներն այլեւս փող չեն տալիս ՀՀ-ին. Զարեհ Սինանյանը բացատրում է՝ ինչու նվիրատվությանը շատ մարդ հավաքվեց, բայց քիչ փող

Ապրիլ 29,2020 18:50

Այսօր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում հաղորդում ներկայացրեց 2019-ին կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ:

ԲՀԿ պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ խնդիրների են առերեսվել ու բյուջեով նախատեսված գումարը ինչո՞ւ չեն կարողացել մինչեւ վերջ իրացնել, հետ եք վերադարձրել բյուջե:

Զարեհ Սինանյանը պատասխանեց. «Ես բավական հստակ պատկերացում ունեմ, թե ինչ տեսք պետք է ունենա մեր գրասենյակը կառուցվածքի, աշխատակիցների իմաստով եւ մինչ այսօր մենք վերջնականորեն կազմավորված չենք: Դա պայմանավորված է բազում պատճառների հետ, որոնք մեզ հետ կապված չեն»:

Նա ասաց, որ ֆինանսական խնդիր չեն ունեցել մինչեւ այս պահը, բայց չեն իրագործել որոշ ծրագրեր, որովհետեւ նախարարությունից գրասենյակ դառնալու հատվածում կաթվածահար վիճակ էր. «Օրինակ, կառույցի պաշտոնական հաստատումը տեղի ունեցավ հունիսի կեսերին ու առնվազն մեկ ամիս «Քայլ դեպի տուն» ծրագրից կորցրեցինք»:

«Իմ քայլի» պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը հարցրեց՝ 2019-ին Համահայկական հիմնադրամի նվիրատվությունների ժամանակ մասնակիցների թիվը շատացավ, բայց հավաքված գումարը քիչ ստացվեց 2018-ի, 2017-ի համեմատ, թվում էր, որ պետք է շատ լիներ, վերլուծություն արե՞լ եք:

Զարեհ Սինանյանը պատասխանեց, որ իհարկե, դա իրեն մտածելու տեղիք է տվել ու ընդունում են, որ անհրաժեշտ է դրանից եզրակացություն անել. «Եթե համեմատում ենք նախկինում հավաքված գումարների հետ, այդ գումարների մեծ մասը հավաքվել է մեծ հնչեղություն ունեցող գործարարների կողմից գոյացած գումարներն են եղել, հիմնականում՝ ՌԴ գործարարներից, որոնք առնչվել են նախկին ռեժիմի հետ: Ձեւաչափը, որով արել են, իրենք հավաքվել են, ասել են՝ ամեն մեկդ այսքան տալիս եք եւ տվել են գումարը: Այդ մեխանիզմն այլեւս չի գործում, այդ մարդիկ նույնիսկ չեն մասնակցում այս դրամահավաքին, որը ցավալի է, որովհետեւ մենք ունենք լուրջ նպատակներ ու ծրագրեր, մանավանդ ենթակառուցվածքային, որին արժե աջակցել: Երկրորդ պատճառն այն է, որ մենք անընդհատ նույն բանն ենք առաջարկում մեր հայրենակիցներին, անընդհատ ասում ենք՝ դե, ջրատարներն են, ճանապարհներն են, սփյուռքում ինչ-որ հոգնածություն կա՝ կապված նույն ծրագրերի, նույն ձեւաչափի հետ եւ ոգեւորություն այլեւս չկա: Դա էլ է դեր խաղում, մենք  պետք է մի քիչ ուրիշ ձեւ մոտենանք սփյուռքին: Երբ մարդկանց ասում ենք՝ տվեք, պիտի ասենք նաեւ, որ սա ընդմիշտ չի լինելու, 3 տարի հետո նորից չենք գալու ջրատարների համար փող ուզենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Չէ հասկացած, կամ չի ուզում բացատրել:
    …………………………………………………………………………
    Կեցցէ՛ հակայեղափոխական Սփիւռքը՝
    https://haytougchamlian.blog/կեցցէ-հակայեղափոխական-սփիւռքը/

    Հատուած՝
    Ամէն պարագայի, դրամէ, նիւթական ներդրումէ զատ, այժմու Հայաստանը երբեք ուրիշ բանով հետաքրքրուած չէր, Սփիւռքի կապակցութեամբ: Մնացեալը, երբ որ կար, տարբեր աստիճանների՝ ձեւակերպութիւն էր: Յաճախ, այդ նիւթական ներդրումը խթանելու միտումով:

    Իսկ այժմու վարչակարգը այդ ձեւակերպութեան տարրական ճիգն ալ այլեւս չի կատարում, ոչ իսկ որպէս քաղաքավարութիւն: Երեւի, ապազգային կամ նոյնիսկ հակաազգային մօտեցումները աւելի հասոյթաբեր կը նկատեն, դրամական այլ, դեռ աւելի յորդառատ աղբիւրների ուղղութեամբ…

    Սակայն Դասական Սփիւռքի համայնքներն ալ իրենց նիւթական կարիքները ունին: Ժամանակը հասաւ որ այլեւս ըստ այնմ չափաւորուին, ազգային նկատառումներով, Հայաստանի վրայ մսխուած գումարները:

    Զուտ մարդասիրական օժանդակութիւնը, այլ նիւթ է: Հարկաւոր է սակայն զայն անջատել ազգային մղումներով, իղձերով եւ յոյսերով, եւ յատկապէս Հայ Դատի կապակցութեամբ գործնական ակնկալութիւններով, գաղափարական ներշնչումով՝ չափազանցեալ նիւթական ներդրումներէ:
    ……………………………………………………..
    Լրիւ վերլուծական յօդուածը՝
    Կեցցէ՛ հակայեղափոխական Սփիւռքը՝
    https://haytougchamlian.blog/կեցցէ-հակայեղափոխական-սփիւռքը/

    Մ. Հայդուկ Շամլեան, Քանատա

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930