Այսօր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում հաղորդում ներկայացրեց 2019-ին կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ:
Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հասարակության ուշադրությունը հրավիրեց այն խնդրին, որ նիստին ներկա են մատների վրա հաշված պատգամավորներ. «Հիմա սփյուռքի ոլորտն է քննարկվում, հաշվում եմ, 7 պատգամավոր է ներկա: Սրանից առաջ ԿԳՄՍ նախարարության ոլորտների քննարկումն էր, առավելագույնը 8-9 պատգամավոր էր ներկա, դրանից առաջ էլ ՀՌՀ հաղորդումն էր, էլի նույնքան պատգամավոր էր: Երեկ ԱԺ-ում խոսք էր գնում ԱԺ վերահսկողական գործառույթների մասին, ասում էին՝ տանում եք մեզնից, պակասեցնում եք, ես էլ ասում էի՝ ժողովուրդ ջան, բյուջեի կատարողական կա, ծրագրի կատարողական կա: Դրա հիմնական նպատակն է, որ հաշվետու լինեն ԱԺ-ին ու պատգամավորները հնչեցնեն իրենց հարցերը:
Այն մարդիկ, որոնք երեկ ԱԺ ամբիոնից, տեսախցիկների առաջ մի բան էին ասում, չգիտեմ, երեւի այս տեսախցիկներն այնքան էլ հարմար դիրքում չեն կամ ավելի քիչ մարդ է դիտում, բայց երբ բանը հասնում է բուն գործ անելուն, իրապես հարցադրումներ անելուն, Արայիկ Հարությունյանի առաջ լուրջ խնդիրներ դնելուն, պատգամավոր չկա փաստորեն»:
Մխիթար Հայրապետյանն ասաց, որ երեկվա եւ վերջին մեկ տարվա քննարկումները շատ հաճախ ինքնանպատակ են եղել. «Դրա ապացույցը այսօրվա պատգամավորների քանակն է, ներկայությունն է: 100 տոկոս վստահ եմ, որ այդ խոսողները նույնիսկ այս հաշվետվությունները չեն կարդացել՝ այսչափ կարեւոր ոլորտներին վերաբերող: Որովհետեւ կարեւոր չի, թե այստեղ ինչ է գրած, կարեւոր է, թե ինչ փառահեղ ելույթներ իրենք կունենան ամբիոնից»:
Կարդացեք նաև
Մխիթարյանը հորդորեց հանրությանը տեսնել, թե ուր են ու ովքեր են վերահսկողություն իրականացնող պատգամավորները:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ