Այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում հաղորդում ներկայացրեց 2019-ին կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ:
Նա ասաց, որ դպրոցների բեռնաթափման առումով լուրջ հաջողությունների են հասել, գերծանրաբեռնված դպրոցների թիվը կրճատվել է 50-60 տոկոսով, իսկ թերբեռնված դպրոցների թիվը՝ 50 տոկոսով. «Այսինքն, մենք նախկին օլիգարխ դպրոցներին, որոնք որոշակի քաղաքական հովանավորչություն էլ էին ունենում կամ լիցենզիաների սահմանն անցնում էին, զրկեցինք այդ հնարավորությունից: Ընդունելությունը կատարվում է իրենց լիցենզիայի սահմանում, ու մյուս դպրոցներին շանս տվեցինք: Օլիգարխ դպրոցներն առաջ ներգրավում էին երեխաներին իրենց հնարավորություններով, հիմա դա չեն կարողանում անել»:
Նախարարն ասաց, որ մոդուլային եւ տիպային դպրոցներ են կառուցում, կաշխատեն նաեւ մոդուլային մարզադահլիճներ ունենալ:
«Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ տոմսեր են տալիս երեխաներին, բայց մարզերում, երբ երեխաներն ուզում են մասնակցել, մեծ ծախսեր պետք է կատարեն: Նա ասաց, որ նախկին նախարարին առաջարկել էին, որ Տիկնիկային թատրոնը կամ այլ մշակութային հաստատություններ պետք է իրենք գնան Մովսես կամ Բարեկամավան գյուղ, որ հասանելիություն լինի, և հարցրեց՝ կարո՞ղ է նման կարգավորում մտցնեն:
Կարդացեք նաև
Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ աբոնեմենտային ծրագիրն իրենց լավագույն ներդրումներից է, որովհետեւ արժեքային այլ համակարգ ու միջավայր է ստեղծում աշակերտների համար: Նա ասաց, որ կազմակերպել են, որ ՊՈԱԿ-ներն ու ՀՈԱԿ-ները տուրեր իրականացնեն մարզեր՝ տոմսարկղերներից տոմսերը սպառելու համար: Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ եթե հավելյալ ֆինանսավորում չտրվի ճանապարհածախսի համար, իրենք չեն գնա:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ