Լրահոս
Օրվա լրահոսը

Մանրամասներ Արթուր Դանիելյանի եւ Ալեն Սիմոնյանի ձեռնամարտից. ըստ Ալեն Սիմոնյանի՝ «Արթուր Դանիելյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել»

Ապրիլ 29,2020 18:33

«Արթուրի գործողությունները եղել են ինքնապաշտպանությունից ելնելով»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ադեկվատ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը:

Քիչ առաջ նա գրառում էր կատարել այն մասին, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Արթուր Դանիելյանի վրա: ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Ալեն Սիմոնյանն է հարձակման ենթարկվել:

Կոնստանտին Տեր-Նակալյանն ասաց, որ միջադեպը եղել է փողոցում: Թե ո՞ր փողոցում, դեռ չգիտեն. «Ես Արթուրի հետ շատ կարճ եմ խոսել: Հիմա գնում եմ հիվանդանոց»: Թե ի՞նչ վնասվածքներ է ստացել Արթուր Դանիելյանը, մեր զրուցակիցը նույնպես չգիտեր: Բայց տեղեկություններ ունի, որ ոստիկանությունն արդեն փակել է հիվանդանոցի ընդունարանը`սահմանափակելով նաեւ Արթուր Դանիելյանի մոտ ելումուտը:

Ի դեպ, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ Ալեն Սիմոնյանը միայնակ չի եղել: Նրա հետ եղել է նաեւ «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

Միջադեպը, ըստ մեր զրուցակցի, եղել է այսպես. «Ես գիտեմ այսպես`Արթուրն ու Ալենը պատահական իրար փողոցում տեսել են, Ալենը բարեւել է, Արթուրը բարեւել է, ինչից հետո Ալենը նախահարձակ լինելով`խփել է Արթուրի քթին»: Հարցին`առանց որեւէ բան ասելո՞ւ, թե՞ ինչ-որ բան է բղավել կամ ինչ-որ բանի հետ անհամաձայնություն է հայտնել, Կոնստանտին Տեր-Նակալյանը պատասխանեց. «Ես Արթուրին ցիտեցի բառացի`ինչ, որ ինձ ասել է Արթուր Դանիելյանը: Ես տեղում չեմ եղել, Արթուրը միայնակ է եղել»:

Կոնստանտին Տեր-Նակալյանը կասկածներ ունի, որ այս պատրվակով իշխանությունները ցանկանում են քրեական գործ հարուցել Արթուր Դանիելյանի նկատմամբ եւ նրան մեկուսացնել իր թիմակիցներից: Արթուր Դանիելյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանին թույլ են տվել տեսակցել նրա հետ:

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատությանը» պատմել է, որ «Ադեկվադի» հիմնադիրներից Արթուր Դանիելյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել:

«Դանիելյան Արթուրն էր իրա հետի երկու ադեկվատների հետ, ամենայն հավանականությամբ՝ էն մեկին ճանաչում եմ դեմքով: Զբոսնելուց սեռական բնույթի հայհոյանք հնչեցրեց, որին ի պատասխան ծեծկռտուք սկսվեց, որի հետևանքով ամենայն հավանականությամբ իր քիթն է վնասվել, իմ՝ քիմքի մասը», – ասել է Սիմոնյանը: «Ազատության» հարցին՝ այսինքն Արթուր Դանիելյանը և էլի մի քանի հոգի հարձակվե՞լ են իր վրա, Սիմոնյանը պատասխանեց. «Այո, երեքով էին, ճիշտ է՝ երկուսը փորձում էին կանգնեցնել, բայց այնուամենայնիվ»: ԱԺ փոխնախագահը նշել է նաև, որ դիմել է ոստիկանություն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930