Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար. «Բացառվում է՝ կազմակերպությունը համապատասխանի միջոցառումներից մեկի չափանիշներին եւ մերժվի»

Ապրիլ 29,2020 17:24

Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները չեզոքացնող կառավարության տնտեսական միջոցառումներից օգտվելու հայտերի 60%-ը բավարարվել է։ Այս մասին այսօր կառավարության մամուլի սրահում ասուլիսին ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Ըստ նախարարի՝ աջակցություն ստանալու հայտերի 40 %-էլ մերժվել է, քանի որ այդ բիզնեսների ոլորտը չի համարվել կորոնավիրուսի հետեւանքով տուժած:

Խաչատրյանը վստահեցրեց՝ 1-ին միջոցառման մեկնարկից մեկ ամսում աջակցությունից օգտվել են 284 կազմակերպություններ, աջակցության ծավալը կազմել է 24,6 միլիարդ դրամ, սրանք այն կազմակերպություններն են, որոնք ունեցել են բարվոք վարկային եւ հարկային պատմություն եւ օգտվել են կառավարության համաֆինանսավորման ծրագրից:

Նախարարի ներկայացմամբ՝ համաֆինանսավորման եղանակով գյուղվարկեր են տրամադրվում 2-րդ միջոցառմամբ, շահառու անձանց եւ կազմակերպությունների թիվը 6000-ից ավելի է, 5500-ը դիմել են մինչեւ 1 միլիոն դրամի վարկավորման համար։

3-րդ միջոցառմամբ էլ վարկեր են տրամադրվում ՓՄՁ-ներին, ըստ նախարարի, շահառուները 549 կազմակերպություններ են, տրամադրվել է 6,3 միլիարդ դրամի վարկեր: Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները չեզոքացնող 5-րդ միջոցառման շրջանակում էլ տրամադրվել է 1,9 միլիարդ դրամի աջակցություն:

Ժամկետանց հարկային պարտավորություններ ունեցող տնտեսվարողների համար կառավարությունը որոշում է նախապատրաստել, Խաչատրյանն ասաց, որ այն ուժի մեջ կմտնի այսօր կամ վաղը: Այն վերաբերելու է այն ընկերություններին, որոնք 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ունեցել են շատ չնչին գումարով ժամկետանց հարկային պարտավորություն եւ չեն կարողացել օգտվել որեւէ ծրագրից. «Այդ որոշման ուժի մեջ մտնելուց հետո նրանք կարող են որակվել որպես կառավարության աջակցության շահառուներ»:

Նախարարը վստահեցրեց՝ բացառվում է՝ կազմակերպությունը համապատասխանի միջոցառումներից մեկի չափանիշներին եւ մերժվի.«Եթե կազմակերպությունները դիմել են 2-րդ կամ 3-րդ միջոցառման համար, ապա հայտերն ուսումնասիրում են առեւտրային բանկերը եւ ընկերությանը կարող է թվալ, թե իրենք չափորոշիչների սահմաններում են, սակայն առեւտրային բանկը ուսումնասիրի եւ գա այն եզրակացության, որ հայտը ռիսկեր է պարունակում եւ չբավարարի վարկային հայտը: Բանկային համակարգն ընտրվել է հենց դրա համար, որպեսզի ֆիլտր հանդիսանա առավել բարեխիղճ կազմակերպությունների համար»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930