ՊԵԿ-ը հորդում է զերծ մնալ հարկերից խուսափելուն միտված հանցավոր սխեմաներ ստեղծելու մտադրությունից
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում բացահայտվել են հարկերից խուսափելուն միտված հանցավոր սխեմաներ: Պարբերաբար ստացվող օպերատիվ տվյալների հիման վրա պարզվել է, որ տարբեր ֆիզիկական անձինք և որոշ կազմակերպությունների իրական կամ փաստացի շահառուներ հարկեր չվճարելու կամ կանխամտածված անվճարունակության հատկանիշներ ստեղծելու ուղղակի դիտավորությամբ՝ նախօրոք մշակում են հանցավոր մեխանիզմներ և փորձում իրացնել դրանք։
Այսպես, հանցավոր խմբավորումների մեջ ներգրավված և դերակատարություն ունեցող անձինք, հիմնականում սոցիալապես անապահով քաղաքացիների անուններով գրանցում են սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ կամ ուղղորդում տվյալ անձանց գրանցվել որպես անհատ ձեռնարկատերեր: Այնուհետև, նրանց անվամբ ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն են ներկրում տարբեր տեսակի ապրանքներ, չներկայացնելով հարկային հայտարարագրերը, խուսափում են հարկերի վճարումից: Մեկ այլ դեպքում էլ ներկայացնում են փաստաթղթեր՝ կրկին չկատարելով հարկային պարտավորությունները: ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել են մի շարք նմանատիպ քրեական գործեր, որոնց նախաքննությունը շարունակվում է ՊԵԿ քննչական վարչությունում։ Ընդ որում, օպերատիվ տվյալների վերլուծությունը վկայում է, որ նշված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունները կազմակերպվում են մի քանի հանցավոր խմբավորումների կողմից և գործում են նույն «ձեռագրով»։
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն ամենօրյա անզիջում պայքար է մղում նշված հանցավոր մեխանիզմների բացահայտման ու կանխարգելման ուղղությամբ և հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրության առևտրային կազմակերպություններ ստեղծելուց և որպես անհատ ձեռնարկատեր պետական գրանցում ստանալուց: Կոմիտեն միաժամանակ կազմակերպությունների իրական շահառուներին նախազգուշացնում է, որ հարկեր չվճարելու դիտավորությամբ նման հանցավոր մեխանիզմներ ստեղծելու դեպքում կենթարկվեն պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ։
Կարդացեք նաև
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին