«Իմ տեղեկություններով՝ հարձակվողների թիվը եղել է մի քանի հարյուր, հետաքննությամբ կպարզվի, իսկ պատճառների պատասխանը կտա քննությունը»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ոստիկանության նախկին պաշտոնյա Արմեն Խաչատրյանը՝ խոսելով Գավառում հնչած կրակոցներից եւ դրանց հաջորդած՝ հիվանդանոցի վրա քաղաքացիների հարձակման դեպքից:
Լրագրողները շեշտեցին, որ ոստիկանությունը միայն այսօր է արձագանքել միջադեպի վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներին: Արմեն Խաչատրյանն այս առնչությամբ ասաց. «Ոստիկանության գործունեությունը պետք է լինի առավելագույնս թափանցիկ, համաձայն եմ, սակայն պետք է հաշվի առնել նաեւ գործի քննության շահերը եւ հետագա հանցավոր դրսեւորումները կանխելու միջոցառումները»:
Ըստ պատգամավորի՝ ոստիկանության լրատվական ծառայության պասիվությունը պայմանավորված է եղել նրանով, որ նոր կրքեր չբորբոքվեն, նոր զոհեր եւ վիրավորներ չլինեն, բախումներ տեղի չունենան. «Ոստիկանությունը նաեւ օպերատիվ-տակտիկական միջոցներ է ձեռնարկել լրատվական դաշտում: Գուցե պետք չէր այդքան լուսաբանել, թե ամբողջությամբ ինչ է կատարվել: Ամեն դեպքում, հիմա ունենք երկու զոհ, մի քանի վիրավոր, իսկ հիվանդանոց ներխուժումից հետո որեւէ մեկը չի սպանվել, հորդորում եմ ապատեղեկատվություն չտարածել»:
Ինչ վերաբերում է նկատառմանը, որ Գավառում ոստիկանական ուժերի եւ ոստիկանապետի ներկայությունը չի զսպել հասարակությանը, պատգամավորը նշեց. «Հասարակություն չէ, ամբոխ՝ հանցավոր մտադրություններ ունեցող: Իսկ ոստիկանապետի լինել-չլինելու հարցն այդքան կարեւոր չէ: Մեկ հոգի ավել-պակաս, գուցե եղանակ չփոխեր: Ուժերն անհամաչափ են եղել: Ոստիկանությունը պահպանել է հիվանդանոցը, սակայն ամբոխը մեծ է եղել, ոստիկանության ուժերը չեն բավականացրել: Ավելին՝ ձեռք բերված նոր տվյալներով ոստիկանությունն իր ուժերի չափով բավականին լուրջ միջոցառումներ է իրականացրել հիվանդանոցում, ինչի արդյունքում ավելի ծանր հետեւանքներ չեն եղել: Իսկ դրանք հնարավոր էին, կանխարգելվել են մի շարք այլ ծանր հանցագործություններ»:
Կարդացեք նաև
Կատարվածի համատեքստում ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հրաժարականի մասին տեսակետներին էլ Արմեն Խաչատրյանն այսպես արձագանքեց. «Հանցավորություն դրսեւորածները պետք է պատժվեն: Ոստիկանության գործողություններին էլ գնահատական կտրվի, բայց դա մեկ կամ երկու օրում չի արվում: Այս պահին կարող եմ հորդորել զորակցել ոստիկանությանը, որը գերծանրաբեռնված է աշխատում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ