Լրահոս
Օրվա լրահոսը

Երկիրը դարձել է քաղաքական, տնտեսական և քրեական հրաձգարան

Ապրիլ 29,2020 16:36

Ես իմ կյանքում երկու անգամ եմ հաճույքով մասնակցել ընտրություններին, առաջին անգամ ոգևորված իմ ձայնը տվել եմ լուսահոգի Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի «Միասնություն» դաշինքին, սակայն ազգային երազանքն այդպես էլ ի կատար չածվեց, քանզի վերջիններիս կյանքը, այդ թվում նաև մեր ազգային հույզերը խափանվեցին ոճրագործի ձեռքով և դրան հետևեց գրեթե քսան տարվա հոգու մթագնում: Երբ Նիկոլ Փաշինյանի և նրա աջակիցների շնորհիվ 2018 թվականին տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը իմ, ինչպես նաև մեր հայրենակիցների մեծամասնության հոգում կարծես մի ճրագ վառվեց և մենք ոգեշնչված գնացինք և մեր ձայնը տվեցինք հենց Նիկոլ Փաշինյանին, ինչից կարծում եմ քաջատեղյակ են նաև «իմքայլականները»: Մենք վստահելով և ապավինելով նրա արդարամտությանը համոզված էինք, որ կատարում ենք հայրենիքի համար կարևորագույն ընտրություն, սակայն այսօր, ավաղ, ես պետք է արձանագրեմ, որ հիասթափված եմ ու լռել, զբաղվել ինքնախաբեությամբ չեմ ցանկանում:

Ցավալին այն չէ, որ Ն.Փաշինյանը սխալներ է գործում, սխալը մարդու համար է, ես ի տարբերություն շատերի, որպես Առաքելական եկեղեցու հետևորդ, քրիստոնյա հայ մարդ երբեք կուռքեր չեմ փնտրել, ցավալին այն է, որ վերջինս սխալներ գործելով՝ ոչ թե ընդունում է դրանք և փորձում է ուղղել, այլ արդարանում է և ստում:

Սխալները մատնանշողներն ակամայից թիրախավորվում են, ընդհուպ պիտակավորվելով որպես դավաճաններ կամ պաշտոնամոլներ: Նա չի ցանկանում կարծիքներ լսել, ընդունել սխալը և փորձել ուղղել դրանք, կարծես առաջնորդելով հեղափոխությունը բաց է թողել նրա հաղթանակի պահը, մոռացել է, որ այժմ ինքն է երկրի ղեկավարը և Սերվանտեսի հերոս Դոն Կիխոտի պես դեռ շարունակում է իր կռիվը հողմաղացի հետ՝ մշտապես շեղվելով իրական քաղաքական օրակարգից: Ղեկավարվում է ռուսական հայտնի ասացվածքով «ով ինձ հետ չէ, իմ դեմ է» և թավշյա հեղափոխությամբ իր իսկ ջանքերի շնորհիվ մեկ բռունցքի պես միավորված ազգի մեջ այսօր կարծես նպատակադրված ջրբաժաններ է անցկացնում՝ տարբեր սոցիալական խավերի և գաղափարական տեսակետներ ունեցող մարդկանց միմյանց դեմ առճակատման հանելով: Կեղծված Սահմանադրությամբ ուրիշի հագով կարված այն կոստյումը, որից զարհուրում էր դեռ երկու տարի առաջ, այսօր հագել է և մոռացել, թե ինչպիսի գարշահոտ է գալիս դրանից ու ինքն իրենով հիանում է:

Թող ասեն, որ ես Պողոս եմ: Այդ հպարտ հային բնորոշ անունից ես ինձ վատ չեմ զգում և ոչ թե թարախով լցված ուղակի խանդավառվում եմ այս խոսքերն արտասանելիս, այլ հուսահատված և հիասթափված փորձում եմ հնարավորինս մեղմ միտքս հասցնել հասցեատիրոջը, ասել ակնհայտ ճշմարտությունը, որն անտեսվում է՝ հեղափոխական իշխանությունն իր ճանապարհից շեղվել է:

Գնալով իշխանության մեջ շատանում են խնամի, ծանոթ, բարեկամները, ինչն իրենք իսկ նախկինում անընդունելի էին համարում: Իրենք զբաղված են պետական ռեկետով, քաղաքացիների գրպաններից գրպանահատության արդյունքում վերցրած գումարները պարգևավճարների տեսքով ստանում են՝ գրեթե ոչինչ չանելով: Մինչ օրս չի լուծվել Սահմանադրության հարցը, ինչն իմ կարծիքով պետք է վաղուց արդեն դրված լիներ հանրաքվեի՝ նախկինի հետ միասին, որպեսզի մենք՝ ՀՀ քաղաքացիներս որոշենք, թե ինչ երկրում ենք ցանկանում ապրել՝ կիսանախագահական, թե պառլամենտական:

Այո՛, այդ երկու սահմանադրություններն էլ հեռու են իդեալից, սակայն երկրի ուղղությանը պետք է որոշի քաղաքացին և ընտրելով այն տա իր համաձայնությունն այս կամ այն բարեփոխումներն իրականացնելուն: Դատաիրավական համակարգում միայն ծաղկաքաղ է արվել՝ շատ վիճելի կադրային նշանակումներով, որի արդյունքում էլ այն հայտնվել է փլուզման եզրին: Տնտեսական բարեփոխումները գտնվում են բարի ցանկությունների ոլորտում, իսկ խորհրդարանն ինչպես նախկինում «ճշտով» ապրող տղաների զրուցարան էր հիշեցնում, այնպես էլ շարունակում է գործել նույն կարգավիճակով:

Հոգնեցրել է ուժային կառույցների կողմից իրականացվող «բռնոցի-պպզոցի և բաց թողոցի» խաղը: Եվ ահա արդյունքում հայհոյախառը սպառնալիքներով լի քաղաքական գործիչների օնլայն պատերազմ, երկիրը դարձել է հրաձգարան և արդյունքում, իհարկե, Գավառի ցավալի դեպքերն են՝ անկախ նրանից, թե ով է մեղավոր, դա ահազանգ է, որ դուռը ջարդում են, իսկ տանը մարդ չկա: Ես դեռ չեմ անդրադառնում կորոնավիրուսի համաճարակի ներքո արդեն իսկ ֆինանսական կոլապսի առջև կանգնած ընտանիքներին:

Մի՞թե սա էին Ձեր խոստացած բարեփոխումները, եթե այդպես է, պարո՛ն Վարչապետ, ապա ես հավաստիացնում եմ, որ Դուք և ժողովուրդն իրար լավ չեք հասկացել: Այս անգամ խորհուրդ եմ տալիս, որ ոչ թե խոսեք, այլ լսեք ժողովրդի պատվիրաններին՝ միգուցե լուծվի այս թյուրիմացությունը: Դուք ասում էիք, որ մարդիկ խանութներից ՀԴՄ կտրոն պահանջեն և իհարկե է՝ ճիշտ էիք ասում, սակայն գիտեք ինչ է ասում հիմա ժողովուրդը՝ մենք վատամարդ եղանք մեր ծանոթ խանութներում, իսկ իրենք այդ փողերով պարգևավճարներ ստացան՝ միամիտ մոտեցում է, բայց համաձայնեք, որ շատ դիպուկ է:

Անխոս առկա է նաև դրական առաջընթաց, այն որ ես և ինձ նմանները այսօր առանց վախի կարող ենք արտահայտել մեր բողոքը, զինվորները կուշտ փորով հաց են ուտում, արդար ընտրություններ են անցկացվել: Բայց համաձայնեք, որ հունվար ամսին 13 անմեղ զինծառայողների ինքնասպանությունները և դժբախտ պատահարների արդյունքում մահերը, Կովիդ 19-ի արդյունքում աշխատանքից զրկված, իրական օգնության կարիք ունեցող և աջակցություն չստացած ընտանիքների առկայությունը, դատաիրավական համակարգում տիրող իրավիճակը, Գավառի վերջին ցավալի իրադարձությունները, կներեք, սակայն այլ կերպ, քան ահաբեկչություն որակել չեմ կարող: Սրանք բղավում են աններելի բացթողումների մասին:

Այսօր դեռևս ժողովուրդը չի ասում հեռացեք, նա խնդրում է Ձեզ կրկին դեմքով պտտվել դեպի հանրությունը, կատարել Ձեր իսկ բարձրաձայնած իրական բարեփոխումները և չառաջնորդվել նախկինների երկակի ստանդարտներով: Այլապես թավշյա հեղափոխությունն իր հետագա զարգացումներով արդեն մեծն Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթն է հիշեցնում և հավատացեք ինձ, եթե ոչինչ չփոխենք մի օր էլ գայլերը կգան և բոլորիս կհոշոտեն:

Հ.Գ. Բա ասում էիք մենք ենք տերը մեր երկրի, թե՞ դա ոչ թե մեր, այլ Ձեր մասին էր:

 

Ժիրայր ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930