Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում կիրառվում են ռեպրեսիվ և բռնի միջոցառումներ: «Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների կառավարությունները COVID-19 համավարակին արձագանքում են ռեպրեսիվ և բռնի միջոցառումներով, որոնք ոչ մի կերպ չեն համապատասխանում մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորություններին»,- ասվում է կազմակերպության զեկույցում:
Զեկույցն անդրադարձել է Ադրբեջանում, Ռուսաստանում, Ուզբեկստանում, Ղազախստանում, Բելառուսում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և քանի այլ երկրներում ստեղված իրավիճակին, Հայաստանի մասին հիշատակում չկա:
Ըստ զեկույցի հեղինակների՝ ԽՍՀՄ նախկին մի շարք երկրների կառավարություններ համավարակը դիտարկում են որպես քարտ-բլանշ՝ մարդու իրավունքները ոտնահարելու համար: Մասնավորապես, նշված է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի կառավարությունները պատասխանատվության են ենթարկել սոցիալական ցանցերի օգտատերերի, լրագրողների, բուժաշխատողների, որոնք թերություններ են մատնանշել իշխանությունների գործողություններում՝ ուղղված COVID-19-ի դեմ պայքարին, իսկ օրինակ` Ուզբեկստանն էլ հսկայական տուգանքներ է սահմանել այսպես կոչված կեղծ լուրերի տարածման համար:
Զեկույցի հեղինակները փաստում են, որ Ադրբեջանի իշխանությունները կորոնավիրուսի համավարակն օգտագործել են որպես պատրվակ՝ ընդդիմությանը ճնշելու համար: Ռուսական ԶԼՄ-ները ևս զերծ չեն մնացել ճնշումներից: Օրինակ՝ իշխանությունները «Նովայա գազետա» պարբերականին ստիպել են հեռացնել հոդվածը, որում Չեչնիայի իշխանությունները քննադատության էին ենթարկվել՝ հանրապետությունը մեկուսացնելու համար:
Կարդացեք նաև
Իսկ Բելառուսի, Տաջիկստանի և Թուրքմենստանի քաղաքական առաջնորդները կասկածի տակ են դրել համավարակի լրջությունը և քարոզել են ժողովրդական բժշկության միջոցների օգտագործումը, որոնց արդյունավետությունն ապացուցված չէ:
Մարտի վերջին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ մեկ բաժակ օղին, բաղնիք այցելելը և սպորտով զբաղվելը կոչնչացնեն ցանկացած վիրուս:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ