«Մենք մտածեցինք, որ հեռուստառադիոեթերն ազատ լինի, բայց դա բերում է որոշակի ամենաթողության ու մենք, կոպիտ ասած, ընկնում ենք երկու քարի արանքը՝ մի կողմից կարգավորել ոլորտը, մյուս կողմից այնքան չկարգավորել, որ ազատությունը սահմանափակվի»,- այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ քննարկվում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2019-ի գործունեության տարեկան ամփոփումը:
Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ որպես սպառող երբ միացնում են հեռուստացույցը, տեսնում են անորակ սերիալներ, ոչ նորմատիվային բառապաշար, կրթական բովանդակային, մշակութային հաղորդումների բացակայություն հատկապես այն ժամերին, երբ մարդիկ նայում են. «Սրան զուգահեռ մեզ մարդիկ ասում են՝ երկու տարվա ընթացքում ինչքանո՞վ եք մաքրել եթերը, որովհետեւ նույն սերիալները երկու տարվա ընթացքում ցուցադրվում են: Մյուս կողմից, երբ ասում են՝ հեռուստաընկերությունները վաճառում են ու պետությունը չի խառնվում, գրոտեսկային օրինակ բերեմ, ենթադրենք, նացիստական ուժ է եկել ու որոշել է հեռուստաընկերությունն առնի ու թաքնված իր ծրագիրն է իրականացնում, քարոզում է բաներ, որոնք երկրին, պետությանը վնասում են, մենք ո՞նց ենք դա վերահսկելու, տուգանելո՞վ: Եթե տուգանելով, պետք է լինի խիստ, իսկ փակելը հանգեցնում է նրան, որ մամուլի ազատությունն է սահմանափակվում: Երկու քարի արանքում ենք»:
Ի պատասխան՝ Տիգրան Հակոբյանն ասաց, որ մաքրել եթերը ծայրահեղական մոտեցում է. «Ո՞նց մաքրենք, ինչի՞ց մաքրենք, ո՞րն է քարոզը, ինձ տվեք սահմանումը: Ամեն մեկը քարոզը մի բան է հասկանում: Մեկը մարդու իրավունքների պաշտպանությունը սեռական փոքրամասնությունների քարոզ ու անբարոյական բան է համարում, մյուսը համարում է մարդու իրավունքների պաշտպանություն: Ինչի՞ց ենք մաքրում՝ մեկի՞ց, մյուսի՞ց, երրորդի՞ց, հնդկակա՞ն սերիալից, թե՞ հայկական սերիալից»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ ճաշակի չափանիշներ չկան, եթե Հայաստանում կան մարդիկ, որ սիրում են այս կամ այն երգչի համերգները, հեռուստաընկերությունները պարտավոր են բավարարել մարդկանց: Կարող են սահմանել մանկական հաղորդումների, կրթական հաղորդումների համար սահմանափակումներ, ինչը կփորձեն դնել, որպեսզի եթերի որակը բարձրացնեն, բայց կոմերցիոն հեռուստաընկերություններից պահանջել այն որակը, որը տեսնում ենք Հանրային հեռուստաընկերությունում՝ հնարավոր չէ ամբողջ աշխարհում:
Հովհաննիսյանը պարզաբանեց, թե ինչ նկատի ունի, երբ ասում են՝ եթերը մաքրեք. «Օրինակ, սերիալի մեջ ասում են՝ մկրատով բերանը ճղեմ, դուք էլ եք նկատել ու տուգանել եք կարծեմ դրա համար: Նմանատիպ երեւույթների բացառման մասին է խոսքը»: Տիգրան Հակոբյանը արձագանքեց. «Այո, տուգանել ենք եւ դատերի մեջ ենք»:
Հիշեցնենք, որ խոսքը «Արմենիա» հեռուստաալիքի «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի մասին է, որտեղ տղամարդը փորձում էր մկրատով կտրել կնոջ քիթը: Բարձրացրած աղմուկից հետո հեռուստաընկերությունը ջնջել է տեսանյութը յութուբյան իր ալիքից:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ