Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Միլիտոնյանը՝ ՀԱԳ գրականության հանրահռչակման բաժնի պետի հայհոյախառն գրառումների մասին

Ապրիլ 29,2020 15:42

Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը տարակուսանք հայտնեց, որ Հայաստանի ազգային գրադարանի (ՀԱԳ) գրականության հանրահռչակման բաժնի ղեկավար Մարգարետ Ասլանյանը, որն ի պաշտոնե պետք է զբաղված լիներ գրականության հանրահռչակմամբ՝ ոչ կոռեկտ արտահայտություններ է արել գրողների ու գրականագետների վերաբերյալ ՝ որակելով «հետույքից հետույք ճախրող», «սապլյակ», «աղբազանգված արարածներ», որոնց վրա անգամ թքելն է ափսոս, նրանցից ոմանց անվանական է նշավակել:

«Ինձ համար անհասկանալի էր այդ ամենը: Մեկը մի քանի ոտանավորներ էր դրել՝ այդ թվում Հենրիկ Սեւանից, մյուսներից, ու այդ կինն էլ տակը ինչ-որ բաներ էր գրել, եւ ոչ թե բանաստեղծության մասին էր գրել, այլ անձնական վիրավորանքներ էր գրել կոնկրետ իմ հասցեին: Մինչդեռ ես նրան ոչ տեսել եմ, ոչ լսել, ոչ էլ իր գոյության մասին տեղյակ եղել: Թե ինչու նման հարձակողական բնույթի վիրավորանքներ հնչեցրել, տեղյակ չեմ: Նաեւ ինձ արտագաղթի մղելու կոչ էր արել, որ թողնեմ գնամ Հայաստանից, բայց հիմա թռիչքներ չկան, ո՞նց արտագաղթեմ»,-հեգնելով ասաց Հայաստանի գրողների միության նախագահը:

Մեր հարցին՝ պետական հաստատությունում աշխատող, գրականության հանրահռչակմամբ ի պաշտոնե զբաղվելու գործառույթ ունեցողն իր կարծիքով իրավունք ունի՞ հայհոյելու գրողներին, Էդվարդ Միլիտոնյանը պատասխանեց. «Ինքն է գծել իր իրավունքի սահմանը: Վիրավորանքներով խոսելը մարդու կրթական մակարդակն է ներկայացնում: Եթե գրականությունից են խոսում, պետք է վերլուծեն գրականությունը, ոչ թե անհատների մասին իրենց մտքով ինչ անցնի` գրեն: Եթե գրականագիտություն է, գիտություն է, այդտեղ մեկնաբանություն է պետք՝ որեւէ հարցի վերաբերյալ, իսկ եթե մարդը դա չի կարողանում անել, մնում են անձնական վիրավորանքները եւ մանկական հրճվանքը, որ եւս մի քանի հոգու վիրավորեցի:

Շուկշինը մի լավ պատմվածք ունի՝ «Շշպռեց»-ը, գավառական մի մարդու մասին, որ ով գալիս է գյուղ, գիտնական լինի, թե ինչ` շշպռի, որ ինքը դրանցից խելոք է, լավն է… Այս հոգեբանությունը կա: Զարմանում ես, թե մարդիկ ինչ ինքնավստահությամբ են վիրավորում մյուսներին, արժանավոր, անարժան…Ի՞նչ են ուզում ասել դրանով, ինչի՞ համար է դա: Ինչի՞ վրա ենք ուրախանում: Ո՞նց կարող է մարդն իրեն գրական համույթի միավոր համարել, որը գրականությունը թողած անցել է վիրավորանքների…Այս մաղձը, վիրավորանքը, ինչ մի սատանայական, վհուկային վայելք են պատճառում: Նպատակն այն է՝ հայտնի է, դրա համա՞ր ոտնատակ տվինք… Հայտնի են, որովհետեւ որոշակի գործ են արել…Եվ եթե որոշները մտածում են՝ ոտքով խփեցին-գցեցին հայտնի մարդկանց, իրենց տեղում են լինելու, դա ծիծաղելի հաշվարկ է:

Ես այդ ամենին նայում եմ հումորով, որովհետեւ նույն բանը կա եւ Գերմանիայում, եւ Ռուսաստանում, եւ մնացած երկրներում…Համացանցային ինքնահաստատման կիրքը շատ տարածված է: Բայց եթե մարդը պետք է գրականություն հանրահռչակի, պետք է այդ գործով զբաղվի, ոչ թե վիրավորելով: Եթե մի ոտանավոր կարող է վերլուծել, ավելի լավ է դա վերլուծի, որ հասկանալի լինի…

Ցավոք, այս ամենն այնքան տարածված է, որ հոգեբանական մի մեծ անդունդ է գոյացել՝ ում բռնեն, գցեն այդ անդունդը: Եվ սա այն դեպքում, երբ փոքր երկիր ենք ու գիտենք, թե ով ով է, ինչ է արել իր կյանքում, գործունեությամբ: Այդ ամենը պետք է մարդկանց պարկեշտության մղի»:

Հավելենք, որ Մարգարետ Ասլանյանն արդեն ֆեյսբուքի իր էջից հեռացրել է իր գրառումները, որոնք հարուցել էին գրական համայնքի մարդկանց զայրույթը: Տիկին Ասլանյանի հետ կապվել չկարողացանք, բայց պատրաստ ենք լսել նաեւ նրա մեկնաբանությունը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սուսաննա says:

    Միլիտոնյան ջան, աղջիկը երևի ինքնհաստատման խնդիր ունի, տեսնում ենք իր մակարդակը, կրթական ցենզը, ում հետ է տալիս առնում: Ուղղակի տհաճ է կնոջ բերանից լսել այդպիսի զզվելի խոսքեր, վիրավորանքներ, ագրեսիա:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930