Այսօր Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը զեկույցով հանդես եկավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովում: Նա ներկայացրեց 2019-ի գործունեության տարեկան ամփոփումը՝ հայտարարելով, որ 2018-ին իշխանության եկած քաղաքական ուժը հռչակեց, որ մամուլը ազատ է լինելու եւ պարտավորվեց չմիջամտել ԶԼՄ-ների գործունեությանը. «Ես պետք է ամենայն վստահությամբ ասեմ, որ 2019-ին իսկապես այդպիսի դեպք չենք արձանագրել: Իշխանությունը պահպանել է իր հռչակած սկզբունքները՝ հանձնաժողովին որեւէ անգամ որեւէ հանձնարարական չի եղել ու հանձնաժողովից դուրս որեւէ որոշում չի կայացրել ու հանձնաժողովն այդ որոշման առջեւ չի կանգնել: Այս առումով մեծ աճ է արձանագրվել ու դա տեսնում են միջազգային դիտորդները, դրա մասին խոսում են նաեւ տեղական մեդիափորձագետները»:
Տիգրան Հակոբյանը խոսեց օրենքի անկատարության ու փոփոխության անհրաժեշտության մասին. «Հանձնաժողովը չի կարողանում կատարել իր վրա դրված լիազորությունները: Դրանով են պայմանավորված ե՛ւ բազմաթիվ բողոքները՝ կապված Հայաստանի տեղեկատվության անվտանգության հետ, ե՛ւ լեզվական անվտանգության հետ: Եթերը լցնում են աղբով, հեռուստա եւ ռադիոեթերն օգտագործում են ոչ թե հանրային ու պետական շահը պահպանելու համար, այլ առանձին քաղաքական ուժերի, խմբավորումների, ֆինանսատնտեսական մարդկանց շահերը պահպանելու համար: ԶԼՄ-ների ազատությունը եւ անկախությունը իշխանությունների կողմից չի արտացոլում իրենց իրական ազատությունը»:
Ըստ Տիգրան Հակոբյանի, ազատ լինելով իշխանությունների կողմից՝ նրանք գտնվում են իրենց հիմնադիրների կարգավորման տակ, ինչը նոր օրենքը քիչ թե շատ կնվազեցնի:
Տիգրան Հակոբյանն ասաց, որ ռադիոտիրույթում հասարակական-քաղաքական հաղորդումների ծավալը մեծացել է, դա պայմանավորված է եւ մարդկանց հետաքրքրություններով՝ վերջին քաղաքական իրադարձությունների հետ կապված, բայց նաեւ պայմանավորված է որոշ ռադիոընկերությունների սեփականատերերի փոփոխմամբ. «Նոր սեփականատերերը որոշել են, որ այդ ռադիոընկերությունները աշխատեցնելու են ոչ միայն որպես զվարճանքի միջոց, այլ որոշ քաղաքական եւ ֆինանսական խնդիրներ լուծելու համար: ԶԼՄ-ների ցայտուն օրինակներից մեկն այն է, որ 2019-ին Հայաստանում կատարվել է սեփականատերերի փոփոխություն մի շարք հեռուստա եւ ռադիոընկերությունների եւ հանձնաժողովը սեփականատերերի մեջ որեւէ մասնակցություն չի ունեցել: Իսկ մինչեւ 2018-ը նույնիսկ 1 տոկոս բաժնեմասի վաճառքը պետք է համաձայնեցված լիներ նախագահի նստավայրի հետ, շատերդ գիտեք: Այսօր առքուվաճառքն ազատականացված է, որպես ցանկացած բիզնես ու մենք այդ մասին իմանում ենք միայն այն ժամանակ, երբ ռեգիստրում տնօրենի փոփոխություն է լինում»:
Կարդացեք նաև
Տիգրան Հակոբյանն ընդգծեց նաեւ, որ 2019-ին 5 հեռուստաընկերություն դատարան է դիմել՝ հանձնաժողովի վարույթները բողոքարկելու, մինչդեռ նախորդ տարիներին որեւէ մեկն իրեն իրավունք չէր վերապահի նման բան անել: Միայն մի դեպք է եղել նախկինում՝ «Կենտրոնի» հետ կապված. «Սա փայլուն օրինակ է: Այնտեղ, որտեղ աշխատում է դատարանը, նշանակում է խոհանոցային պարտադրանք չկա եւ ոլորտն ազատականացված է»:
2019-ին 18 հեռուստառադիոընկերություն տուգանվել է: Հանձնաժողովի նախագահն ասաց, որ 2011-ից, երբ հանրային մուլտիպլեքսում սկսեցին գործել հեռարձակողները, մինչեւ 2018-ը 13 վարչական վարույթ է եղել, այսինքն, մեկ տարվա ընթացքում ավելի շատ են տուգանվել, քան նախորդ իշխանության օրոք 7 տարվա ընթացքում: Տիգրան Հակոբյանը բացատրեց, որ դահիճի նման դարանակալած չեն սպասում, որ պատժեն, պարզապես դիրքորոշումը խստացրել են: Անցյալ տարի մի հեռուստաընկերություն 500 հազար դրամով տուգանվել է՝ եթերում բռնության, սարսափ տեսարան ցուցադրելու համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ