Լրահոս
Օրվա լրահոսը

«Խտրականության մասին խոսելը ՌԴ-ի կամ այլ երկրի նկատմամբ` ընդամենը շահարկումներ են, որոնց վրա կարելի է ուշադրություն չդարձնել». Տիգրան Հակոբյանի պատասխանը՝ դեսպանին

Ապրիլ 29,2020 15:17

Դեռ անցյալ տարվա հունվարի վերջին հեռակա բանավեճ սկսվեց Ռուսաստանի դեսպանատան եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի միջեւ: Վերջինս հանրային մուլտիպլեքսից օտարերկրյա հեռուստաալիքները բացառելու անհրաժեշտության մասին հայտարարություն էր արել՝ ասելով, որ դա պետք է անել՝ տեղեկատվական եւ լեզվական անվտանգության նկատառումներից ելնելով:

Դեսպանատունն էլ արձագանքել էր՝ ֆեյսբուքյան էջում գրելով, որ այդ կարծիքն անհեթեթություն է:

Այսօր Տիգրան Հակոբյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովում 2019-ի գործունեության տարեկան ամփոփումը ներկայացնելիս անդրադարձավ այդ հարցին:

Խոսելով մալուխային ցանցերի մասին՝ նա ասաց. «Հունվարին աղմուկ եղավ, ՌԴ դեսպանությունը դժգոհություն հայտնեց իմ տեսակետից, որ հանրային մուլտիպլեքսը պետք է ազատ լինի օտար հեռարձակողներից: Սակայն երբ նայում ենք ամբողջ կաբելային ցանցը, տեսնում ենք, որ 400 հեռուստահաղորդում ունենք կաբելային ցանցերում, 209-ը ՌԴ-ի հեռուստածրագրերն են՝ ռուսերեն լեզվով, 57-ը ԱՄՆ-ն է, որից 40-ը էլի ռուսերեն լեզվով են, ամերիկյան ալիքներն են, որ այստեղ ադապտացված են ու հեռարձակվում են ռուսերենով, 67 եվրոպական արտադրանք կա, որից 37-ը էլի ռուսերեն է՝ չհաշված իտալական մի քանի ալիք: Այս առումով ռուսերեն ծրագրերը կազմում են եթերի 81 տոկոսը, 15 տոկոսը հայերեն ու ընդամենը 4 տոկոսը այլ լեզուների: Եվ այստեղ խտրականության մասին խոսելը ՌԴ-ի կամ այլ երկրի նկատմամբ ընդամենը շահարկումներ են, որի վրա կարելի է ուշադրություն չդարձնել»:

Նա նաեւ ասաց, որ վերջին մեկ տարում հայերեն լեզվով արտադրանքն ավելացել է 13 տոկոսով, բայց սրա մեջ մտնում են անգամ հնդկական սերիալները, որոնք թարգմանված են հայերեն, այսինքն, պարտադիր չի, որ լինի հենց հայրենական արտադրության:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930