Մեր երկրում տեղի ունենում չափազանց վտանգավոր երևույթներ, որոնք անմիջականորեն կապված են վարչապետի «սամասուդի» կոչերի, երկու տարվա ընթացքում գեներացված ագրեսիայի և ատելության մթնոլորտի հետ։
Վարչապետ Փաշինյանը իր լայվերում խոսում է մարդկանց տներից հանելու և «սամասուդ» անելու հնարավորության մասին, դրան հետևում է արտակարգ դրության պայմաններում Գավառում տեղի ունեցած ծանր հանցագործությունը և ոստիկանության ներկայությամբ իրականացված հաշվեհարդարը։
Սրա արմատները ագրեսիայի և թշնամանքի այն չափաբաժնի մեջ է, որը երկու տարի շարունակ եթերներից, լայվերից ներարկվում է մեր հասարակությանը։ Սա նաև քաղաքական դատավարությունների արդյունքում հասարակության բաժանումների երկարատև փուլի հետևանքն է։ Յուրաքանչյուր հաջորդ օր իր մեջ պարունակում է նոր «սամասուդի» հնարավորություն, հատկապես եթե հաշվի առնենք համավարակի ֆոնի վրա ձևավորվող տնտեսական լարվածությունը և սոցիալական խնդիրները։
Սա իրական սպառնալիք է ներքին կայունությանը՝ ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների ոտնահարման համատեքստում։
Կարդացեք նաև
Սա սպառնալիք է հանրային համերաշխությանը և փոխհանդուրժողականությանը։
Ուստի դիմում ենք միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչություններին, դիվանագիտական առաքելություններին, որպեսզի, հիմք ընդունելով ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրենց առաքելությունը, լուռ չհետևեն հասարակության պառակտման խորացմանն ուղղված գործընթացներին, պատշաճ գնահատական տան ատելության և ներքին թշնամանքի խորացմանն ուղղված քաղաքականությանը, փորձեն նպաստել օրինականության և հանրային համերաշխության վերականգնմանը։
«Իմ Ձայնը» նախագիծ