Երեկ խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկվեց եւ ընդունվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նախագծում նշված էր, որ արտակարգ դրության պայմաններում անձնական ազատության իրավունքը կարող է սահմանափակվել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր կարգադրությամբ:
Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները դեմ են բանավոր տարբերակով անձին կարգադրելու ու տեղաշարժը սահմանափակելուն:
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում Ռաֆիկ Գրիգորյանը (լուսանկարում) թվարկեց այն եվրոպական երկրները, որտեղ կա բանավոր կարգադրությամբ այդ իրավունքի սահմանափակման դրույթ, եթե խոսքը վերաբերվում է վարակիչ հիվանդությունը կանխելուն: Նա ասաց, որ բանավոր կարգադրությունը եթե հանեն, պրակտիկորեն անհնար է լինելու, ուստի այդ առաջարկն ընդունում են մասամբ՝ սահմանելով, որ կարգադրությունը պետք է լինի գրավոր՝ բացառությամբ որոշ դեպքերի, եթե հնարավոր չէ գրավոր իրականացնել:
Կարդացեք նաև
«Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ հավելեց, որ ցանկացած ֆիզիկական եւ իրավաբանական անձ արտակարգ դրության ժամանակ կայացած բանավոր, գրավոր ակտերը կարող է բողոքարկել դատարանում:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն առաջարկեց, որ պարետ նշանակվի ոչ թե անպայման վարչապետը կամ փոխվարչապետը, այլ կառավարության որոշմամբ լինի, կարող է կառավարության այլ անդամ ավելի գիտակ է ճգնաժամների կառավարումից:
Նախագիծը դրվեց քվեարկության, քանի որ «Լուսավոր Հայաստանի» առաջարկներն ամբողջությամբ չընդունվեցին, Տարոն Սիմոնյանը դեմ քվեարկեց, բայց դա միակ դեմն էր, նախագիծը դրական եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ