«Այն բառապաշարով, որով վարչապետը խոսում է այդ թեմայով, հարիր չէ իր պաշտոնին»,- հարցին ՝ ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրատվամիջոցների՝ նախկինում իշխանություններից գումար ստանալու մասին հայտարարություններն ու մեղադրանքները, «Մեդիա կենտրոն»-ի՝ տեսակապի միջոցով կկազմակերպած ասուլիսին այսպես պատասխանեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր. «Լրատվական դաշտն ինչպե՞ս է կառավարվել: Լրատվամիջոցների 99%-ը եւ լրագրողների 70%-ն իշխանություններից փող են ստացել»:
Աշոտ Մելիքյանը շարունակեց՝ այնուամենայնիվ, բառապաշարը պետք է վերանայվի: Խոսելով հայտարարության ընթացքում վարչապետի ներկայացրած տոկոսների մասին՝ Աշոտ Մելիքյանն ասաց. «Ինչ վերաբերվում է բերված տոկոսներին՝ ավելի քան համոզված եմ, որ դա բանավոր խոսքի մաս է կազմել, և ճշգրիտ տոկոսների մասին չէ խոսքը՝ աչքաչափով բերած թվեր են, որոնք անպայման չէ, որ համապատասխանեն իրականությանը: Մյուս կողմից՝ երևույթը նույնպես բավականին հայտնի է: Հայտնի է, որ բազմաթիվ լրատվամիջոցներ ֆինանսավորում են ստացել նախորդ իշխանության ժամանակ տարբեր պետական ատյաններից. դրանք եղել են և′ ձևական բնույթի՝ ինչ որ պայմանագրերի հիման վրա, և′ ուղիղ ֆինանսավորում: Հայտնի չէ, թե որոնք են չափանիշները, որ պետական մարմինը հենց այդ ԶԼՄ-ին է ֆինանսավորել: Հրապարակումներ են եղել, որ նույնիսկ սփյուռքի նախարարությունը, մշակույթի նախարարությունն է նման ֆինանսավորում իրականացրել, Երևանի քաղաքապետարանը: Հեղափոխությունից հետո այդ ամենն ի հայտ եկավ»:
Աշոտ Մելիքյանի ձևակերպմամբ՝ այդ ամենը մեծ գաղտնիք չէ, և հասկանալի է, որ լրատվամիջոցը, որը գումար է ստացել պետական մարմնից, չի կարող քննադատել նրա աշխատանքը:
Կարդացեք նաև
Ամփոփելով պատասխանը՝ ԽԱՊԿ նախագահն ասաց. «Կարծում եմ` երևույթը, ինչի մասին խոսել է վարչապետը, շատերին է հայտնի: Իհարկե, խոսակցություններ էին գնում այդ ֆինանսավորումների մասին: Այնուամենայնիվ, բարձրաստիճան պաշտոնյան, երբ խոսում է այդպիսի փաստերի, երևույթների մասին և ինչ-որ տվյալներ բերում, դրանք պետք է ճշգրտված լինեն, որպեսզի թացը չորի հետ չխառնվի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ