Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեռքերդ հեռու մամուլի ազատությունից. Եվրոպայում ԶԼՄ-ների վրա հարձակումները չպետք է դառնան սովորույթ. զեկույց

Ապրիլ 29,2020 13:55

Հրապարակվել է Եվրոպայի խորհրդի գործընկեր կազմակերպությունների տարեկան զեկույցը՝ լրագրության պաշտպանության և լրագրողների անվտանգության թեմայով: Զեկույցի համաձայն՝ 2019թ. Եվրոպան դարձել է լարված և հաճախ վերածվել մարտադաշտի՝ մամուլի և խոսքի ազատության համար: Եվրոպայի Խորհրդի՝ Լրագրության պաշտպանության և լրագրողների անվտանգության հարթակում գրանցվել է լրատվամիջոցների ազատությանը սպառնացող 142 դեպք, այդ թվում՝ ֆիզիկական հարձակումներ լրագրողների վրա, ձերբակալություններ, հետապնդումներ, սպանության համար անպատժելիության երկու դեպք: Զեկույցի հեղինակները փաստում են՝ այս ամենը վկայում է լրագրողներին ահաբեկելու փորձի աճի մասին, որի նպատակն է ստիպել նրանց լռել, ուստի ԵԽ-ն անդամ պետություններին կոչ է անում հրատապ միջոցներ ձեռնարկել՝ ժողովրդավարական համայնքներում մամուլի ազատության կարևորագույն դերը պահելու համար:

Տարվա ընթացքում ԵԽ անդամ երկրներում սպանվել է երկու լրագրող՝ Լիրա Մակկին, Հյուսիսային Իռլանդիայում աղանդավորական ցույցի լուսաբանման ժամանակ, և Վադիմ Կոմարովը, որը մահացել է Ուկրաինայում ահաբեկչության ժամանակ ստացած լուրջ վնասվածքների հետևանքով: Լրատվամիջոցները, լրագրողները տարատեսակ ճնշումների են ենթարկվել ԵԽ անդամ մի շարք երկրներում, այդ թվում՝ Ալբանիայում, Բուլղարիայում, Ֆրանսիայում, Սերբիայում, Հունգարիայում, Լեհաստանում, Մալթայում: Զեկույցում Հայաստանի մասին հիշատակում չկա:

Ըստ զեկույցի՝ մտահոգիչ է իրավիճակը նաև Թուրքիայում, Ադրբեջանում, Ռուսաստանում և վերջինիս վերահսկողության ներքո գտնվող Ղրիմում. 2019թ. վերջի դրությամբ՝ այս երկրներում 105 լրագրող գտնվել է ճաղերի հետևում: Նշվում է, որ տարիների շարունակ Ադրբեջանը ձերբակալությունների միջոցով փորձում է լռեցնել քննադատ լրագրողներին: Բացի այդ՝ երկրի իշխանությունները շարունակել են վերահսկել մեդիայի ոլորտը օրենսդրության, սեփական լրատվամիջոցների և անուղղակի վերահսկողության միջոցով: Անկախ լրատվամիջոցների մեծ մասը ստիպված է եղել փակվել կամ լքել երկիրը, իսկ այն լրատվամիջոցները, որոնք շարունակում են գործել, ենթարկվում են տարատեսակ ճնշումների, ահաբեկումների: Ադրբեջանական իշխանությունները հետապնդում են և սպառնում անգամ արտասահմանում ապաստան ստացած լրագրողներին, փաստում են զեկույցի հեղինակները և հավելում, որ 2019թ. Հարթակը ստացել է 7 ահազանգ Ադրբեջանի վերաբերյալ, որոնց երկրի իշխանությունները չեն արձագանքել:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա 2019թ. Հարթակը ստացել է 17 մտահոգիչ ահազանգ երկրի վերաբերյալ, Ռուսաստանի իշխանությունները ևս չեն արձագանքել: Գործընկեր կազմակերպությունները կրկին Ռուսաստանին կոչ են անում ակտիվ համագործակցել Հարթակի հետ և արձագանքել ահազանգերին: Զեկույցում նշվում է, որ անցած տարի անկախ լրագրողները և բլոգերները շարունակել են ենթարկվել հետապնդումների, տարատեսակ ճնշումների, ահաբեկումների: Բացի այդ՝ փորձ է արվել սահմանափակել տեղեկատվության հասանելիությունը, ինչպես համացանցում, այնպես էլ մի շարք սահմանափակող օրենքների միջոցով: Ռուսաստանի իշխանությունները շարունակել են նաև ուժի կիրառմամբ ցրել խաղաղ ցույցեր, փորձել են գրաքննության ենթարկել լրագրողների, բլոգերների, ռեպորտաժները զանգվածային հավաքների մասին:

Հարթակի տվյալների համաձայն՝ Թուրքիայում ձերբակալված լրագրողների թիվը 2019թ. 110-ից դարձել է 91, չնայած այս հանգամանքին՝ մամուլի համար միջավայրը շարունակում է մնալ ծայրահեղ ռեպրեսիվ: Թուրքիայի իշխանությունները և դատարանները քննադատական լրագրությունը շարունակում են համարել հանցավոր ահաբեկչական գործունեություն: Այս մոդելը փաստացիորեն չի կարող վիճարկվել, քանի որ դատարանները քաղաքականացված են: Գործընկեր կազմակերպությունները պաշտոնական Անկարային կոչ են անում անհրաժեշտ ուղղումներ մտցնել երկրի հակաահաբեկչական օրենսդրության մեջ կամ չեղարկել այն, ինչպես նաև ապահովել դատական համակարգի անկախությունը: 2019թ. Թուրքիայի կառավարությունը զգալի ջանքեր է գործադրել, որպեսզի միջազգային գործընկերներին համոզի, որ լուրջ բարեփոխումներ է իրականացնում դատական համակարգում, ընդգծում են զեկույցի հեղինակները և փաստում, որ երկրում լրագրողները տուժում են օրենքի գերակայության սկզբունքների, արդար դատական քննության բացակայության պատճառով:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930