Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդի փողից ինչո՞ւ չեք տալիս». Մարուքյանը Ջանջուղազյանին «սրամտող» անվանեց

Ապրիլ 29,2020 13:25

«Ինչո՞ւ կառավարությունը ՀՀ քաղաքացիների վերջին 2 տարվա խնայողություններից, որոնցում վստահաբար կա 100 միլիարդ դրամ փող, չի ուզում աջակցել քաղաքացիներին, որպեսզի նրանք վճարեն կոմունալները, սնունդ գնեն: Մոտ 5000 ընտանիք այս խնդրի առաջ է: Մենք փողի տեղը ցույց ենք տվել: Ժողովրդի փողից ինչո՞ւ չեք տրամադրում, կառավարությունը քննարկո՞ւմ է մեր այս առաջարկը»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին նման հարցադրումներ հղեց ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք՝ Մարուքյանը պնդում է, որ կորոնավիրուսի ճգնաժամով պայմանավորված՝ գանձապետական միասնական հաշվին առկա գումարի մի մասը պետք է բաշխվի քաղաքացիներին, կառավարությունն էլ համաձայն չէ, իսկ իշխանական պատգամավորները ԼՀԿ-ի առաջարկը պոպուլիստական են համարում:

Ատոմ Ջանջուղազյանն արձագանքեց. «Ձեր հետեւողականությունը ողջունելի է, բայց վստահ չեմ, որ դուք նպատակ եք հետապնդում պատասխանը ստանալու, որովհետեւ ստացել եք: Տպավորություն է, որ ձեզ հետաքրքրում է հարցի ձեւակերպման գործընթացը: Պատասխանը ձեզ հայտնի է, հավանաբար, համաձայն եք դրա հետ, բայց հարցը հնչեցնելու տեսանկյունից դա էական չէ: Համենայն դեպս, այդպիսի տպավորություն է: Ինչ վերաբերում է ձեր հիշատակած սոցիալապես անապահով խմբին, մենք աջակցության ծրագրեր ենք իրականացնում: Չհիմնավորված աջակցությունն ավելի վատ ազդեցություն ունի, հարցը միայն փողին չի վերաբերվում»:

Մարուքյանը չհամաձայնեց. «Մենք կոնկրետ հարցեր ենք տալիս, դուք սրամտում եք…դա հարցի պատասխան չի: Ի՞նչ է նշանակում, թե թիրախային չէ, եւ դա այն դեպքում, երբ վարչապետն է ասում, թե կարիքավորին չէք կարողանում տեղորոշել: Ես 470 000 թոշակառուի մասին եմ ասում»:

Ջանջուղազյանը նշեց. «Հարցերին արձագանքում են այնպես, ինչպես կարծում եմ, որ ճիշտ է: Ձեր հարցի պատասխանը հնչել է: Դուք պատասխանի ձեր վարկածն ունեք, եւ ձեզ դուր չի գալիս հնչած պատասխանը: Ես էլ եմ ասում, որ հասցեական ենք ուզում օժանդակել: Դուք ասում եք, որ կարիքավորների տեղը ցույց եք տալիս, մենք էլ շնորհակալ ենք, հաշվի ենք առնում, չքննարկվող առաջարկ չկա»:

«Իմ քայլի» պատգամավոր Միքայել Զոլյանն էլ իր հերթին Մարուքյանի նշյալ առաջարկը պոպուլիստական որակեց. «Դա շահարկում էր: Այն արված էր հատուկ նրա համար, որ մերժվի: Եթե Ջանջուղազյանն ասեր, որ ուզում են թոշակառուներին գումար տալ, պարոն Մարուքյանն այստեղ կասեր, թե ինչու չպետք է տալ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930