Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեկ համարս անզգուշաբար հնչեցրել եմ ԱԺ ամբիոնից, մինչեւ այսօր 85 հատ զանգ եմ ստացել, բա եթե ինձ են այդքան զանգում, տեսչական մարմնին ինչքա՜ն են զանգելու». Բաբկեն Թունյան

Ապրիլ 29,2020 13:15

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանն այսօր ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Աշխատանքային օրենսգրքում» եւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը:

Նախագծի առաջին ընթերցման ժամանակ կառավարությունը զուտ սահմանել էր հեռավար աշխատանքի հնարավորությունը, որի դեպքում աշխատավարձը կվճարվի ամբողջությամբ: Իսկ երկրորդ ընթերցմամբ կառավարությունը աշխատանքային իրավունքների նկատմամբ առաջարկում է վերահսկողական գործառույթ տալ տեսչական մարմնին, որը կարող է ստուգել անգամ չգրանցված աշխատողներին:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ նախագիծը պետք է բալանսավորված լինի, որ գործատուների շահերն էլ պաշտպանվեն, ոչ թե մենակ աշխատողների: Ըստ Թունյանի, տեսչական մարմնին շատ գործառույթներ են վերապահվում ու չի կարողանալու իր ռեսուրսներով, օրինակ, չգրանցված աշխատողներին բացահայտի: Նա ասաց, որ ՊԵԿ գործառույթների մեջ են մտնում, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ երկուսի լիազորությունները տարանջատված են, ՊԵԿ-ը չի կարող տալ գործատուին պարտադիր հանձնարարական՝ տվյալ աշխատողի հետ կնքել պարտադիր պայմանագիր, ինչը կարող է անել Աշխատանքի տեսչությունը: Բաբկեն Թունյանն ասաց. «Տեսչական մարմինն այսօր ռեսուրսի խնդիր ունի, հիմա բերել եք էլի մի շատ կարեւոր ֆունկցիա վերագրում եք տեսչական մարմնին: Հայաստանում մոտ 80 հազար գրանցված տնտեսվարող կա, տեսչական մարմինը ո՞նց կարող է նրանց վերահսկել: Կորոնավիրուսի հետեւանքով, երբ մենք միակողմանի ենք դիտարկում աշխատողների իրավունքները ու գործատուներին երկրորդ պլան ենք մղում, ճիշտ չի: Երբ որ ստիպում ենք գործատուին ինչ-որ բաներ անել, մի հատ էլ խստացնում ենք, վերահսկողական ֆունկցիա ենք նշանակում, պիտի մի հատ նայենք՝ այդ գործատուներն այսօր ի՞նչ վիճակում են: Գործատուին կարող է ավելի ձեռնտու լինի աշխատատեղը փակի ու գնա տուն»:

Բաբկեն Թունյանն ընդգծեց, որ նախագծի հիմնական նպատակը կորոնավիրուսն է ու աշխատողների խնդիրը, չգրանցված աշխատողների հարց ի՞նչ կապ ունի, որ բերել, մտցրել են այս նախագծի մեջ. «Ինձ համար անհասկանալի է: Այս նախագիծը պետք է բերվեր այն պահին, երբ հայտարարվեց արտակարգ դրություն: Երկու շաբաթից արտակարգ դրությունը վերանալու է, միայն մի դրույթն է ունենալու հետադարձ ուժ»:

Ուդումյանը պատասխանեց, որ նույնիսկ եթե երկու շաբաթ է մնում, անհրաժեշտ է հարցը կարգավորել: Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ այս նախագիծը հետ տալը անթույլատրելի է, գործատուին սրանով ասում են, որ եթե դու չես կարողանում քո աշխատանքը հեռավար կազմակերպես, որի դեպքում աշխատավարձը պետք է աշխատողին ամբողջությամբ վճարես, լուծում կունենաս՝ եթե ֆորսմաժորի ժամանակ աշխատողն ունի չօգտագործած արձակուրդ, նրան տրամադրիր չօգտագործած արձակուրդը: Ըստ Տիգրանյանի, տեսչական մարմինը, չունենալով աշխատակազմ, պայմանագրի առկայությունը կարող է ստուգել:

Թունյանն էլ պատասխանեց. «Ձեր փաստարկները միանշանակ չեն: Եթե միաժամանակ 2000 ահազանգ ստացան, ի՞նչ են անելու: Երկու ամիս առաջ ուրիշ վիճակ էր, հիմա ուրիշ վիճակ է: Երեկ համարս անզգուշաբար հնչեցրել եմ ԱԺ ամբիոնից, մինչեւ այսօր 85 հատ զանգ եմ ստացել: Բա եթե ինձ են այդքան զանգում, տեսչական մարմնին ինչքա՜ն են զանգելու: Եթե 10 ահազանգից 5-ի հետեւից գնաց, 5-ի հետեւից չգնաց, խնդիր է առաջանալու»:

Ինչ վերաբերում է չգրանցված աշխատողներին ստուգելուն, Թունյանն ասաց, որ կարող է պանդորայի արկղը բացեն ու տակից դուրս չգան:

Ի վերջո` որոշեցին, որ նախագծում ամրագրեն՝ եթե չգրանցված աշխատողը գրավոր դիմում գրի տեսչական մարմնին, այդ հարցով կզբաղվեն: Գործող օրենքով, երբ աշխատողները դիմում էին աշխատանքի տեսչական մարմնին, ասում էին՝ մենք լիազորություն չունենք: Հիմա գոնե գրավոր դիմումի առկայության դեպքում կարող ն խնդրով զբաղվել: Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930