Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարության. «где товарищ ленин?»

Ապրիլ 29,2020 12:55

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը հարցում է արել Երեւանի քաղաքապետարան՝ հետաքրքրվելով որտե՞ղ եւ ի՞նչ վիճակում են գտնվում բանվորի եւ Լենինի արձանները, դրանց պատվանդանները:

Արման Անտոնյան

Երեւանի քաղաքապետարանի Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնից նրան պատասխանել են՝ նշյալ արձանների գտնվելու վայրը ինչպես նաեւ նշված արձանների վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ:

«Ինձ համար սա պատասխան չէ ավագանու անդամին, առնվազն այն առումով, որ, եթե դու ինֆորմացիա չունես, գոնե պետք է ուղղորդես»,-ավագանու նիստից հետո քաղաքապետի հետ տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ ասաց Արման Անտոնյանը: Ի պատասխան, քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց՝ ես գիտեմ որտեղ է գտնվում Լենինը, բայց չգիտեմ որտեղ է գտնվում Լենինի արձանը:

Արման Անտոնյանը հարցրեց՝ ինչպե՞ս անենք, որ այս հարցուպատասխանները լինեն բովանդակային. «Եթե չունես ինֆորմացիա, ապա պետք է շատ քիչ ջանք թափել, ձեր ասած՝ էն ալարելու սկզբունքն է, չալարել, փորձել հասկանալ՝ ինչու, որովհետեւ այդ արձանները Երեւան քաղաքի հաշվեկշռում եղել են, եւ մենք այդ մասին պարտավոր ենք իմանալ»:

Հայկ Մարությանը դիմեց քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետին՝ պարո՛ն Կուբատյան, «где таварищ ленин» и таварищ банвор»:
«Պարո՛ն Անտոնյան, Եթե ձեզ նման բան են պատասխանել, ուրեմն քաղաքապետարանում այդ տեղեկատվությունն առկա չէ, քաղաքապետարանի արխիվներում նման բան չկա»,-ասաց Իոսիֆ Կուբատյանը:

Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանն էլ արձագանքեց. «Գործառույթով չեմ առնչվել արձանների տեղափոխման եւ պահպանության մասին տեղեկատվությանը, ինձնից ոչինչ չէր պահանջվում ասել իրականությունը»: Հայկ Մարությանի ճշտող հարցին՝ այսինքն՝ չգիտե՞ք որտեղ է Լենինի արձանը, Սեդոյանը պատասխանեց՝ իհարկե չգիտեմ:

Արման Անտոնյանն ասաց, որ փորձում են հարցին հումորով վերաբերվել, բայց համայնքային գույք է եւ դրանց մասին գոնե պետք է տեղեկություն իմանալ:

Հայկ Մարությանը հարցը վերահասցեավորեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին՝ ասելով՝ եթե ուզում եք իմանաք, ապա այդ հարցի պատասխանը կասի պարոն Արեյանը. «Կասի՝ գլուխն ուր են տարել, ոտքերն ուր են տարել, էն արանքի մասն ուր են տարել»: Արեյանը վստահեցրեց, որ մինչ հեղափոխությունը Լենինի արձանը եւ գլուխը Աբովյան 2-ի բակում է եղել, իսկ պատվանդանի քարերը տեղափոխվել են Երեւանի քաղաքապետարանի Արարատյան փողոցի վրա գտնվող շինբարեկարգման տարածք, որը հետագայում մասնավորեցվել է. «Լենինի պատվանդանի քարերը տեղափոխվել էին այդտեղ: Հիմա՝ մասնավորեցումից հետո ինչ վիճակում են այդ քարերը, չեմ կարող ասել»:

Ինչ վերաբերում է Բանվորի արձանին, ապա, ըստ Արեյանի, նա այդպիսի բարձր պատվանդան չուներ, փոքր պատվանդանի վրա մետաղով բարձրացող բարձր արձան էր. «Խորը հարգանք ունենալով բանվորի հանդեպ, բանվորի տեղը չգիտեմ»,-ասաց Կամո Արեյանը:

Հարցուպատասխանին միջամտեց Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը՝ նշելով, որ Բանվորի արձանը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում մասնավոր տնտեսվարողի տարածքում, բայց թե ինչ կարգավիճակում է՝ չի կարող ասել. «Ինքս չեմ տեսել, բայց ինձ պատասխանեցին, որ գտնվում է այդ վայրում, եթե տեղափոխման հարց կլինի՝ պատրաստ ենք աջակցել: Համենայնդեպս, գիտենք, որ չի կորել, չեն ջարդել»:

Արման Անտոնյանը նկատեց՝ հաջորդ անգամ հարցումներն այսպես բարձրաձայն եմ անելու:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լենինի արձանի լուսանկարը՝ http://thisweekinarmenianhistory.blogspot.com/-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930