«Դըմփ, դըմփ, հո՛ւ»-ն հենց այնպես չէր մտածված
Թեկուզ և Ջորջ Օրուելի «Նորալեզվի հիմնական նպատակը՝ մտքի ծավալների նեղացումն է» միտքը ակտուալ է ժամանակակից աշխարհում, այնուամենայնիվ նախընտրելի և պարտադիր է օրենսդիր մարմնում հնչեցնել կենդանի խոսք` բովանդակային առումով հստակ ասելիքով: Միևնույն ժամանակ պարտադիր է գրական բառամթերքի գործածումն ու խոսքի մշակույթի դրսևորումը, անշուշտ, հիշելով, որ խոսքային լավագույն ավանդույթներ և մշակույթ ունեցող ժողովուրդ ենք, և որպես ժողովրդի ընտրյալներ, պարտավորված եք լեզվի բառամթերքի լավագույն շերտերն օգտագործել: Այստեղ կարևորվում և առանցքային նշանակություն է ձեռք բերում խորհրդարանի և քաղաքացիական հասարակության միջև ձևավորված երկխոսությունը, որի կայացվածության աստիճանից բխում է խորհրդարանական մշակույթը:
Այսպես կոչված, հեղափոխության և նրա լիդերի «դաստիարակած» քաղաքացիական հասարակությունը վերջին տարիներին տեսել է ստախոսություն, կեղծիք, խաբեություն, մանր քաղաքական ժուլիկություն, ավանտյուրա, քաղաքական ընդդիմախոսներին հայհոյանք, հոգեբանական և տեղեկատվական տեռոր և այլն: Հետևաբար` այդ քաղաքացիական հասարակության ընտրած խորհրդարանն էլ պետք է լինի այդ ամենի խտացված դրսևորումը: Ոչ մի զարմանալու բան չկա: Ունենք էյֆորիկ տրամադրությունների հիման վրա, քաղաքացիների մոտ 30%-ի կողմից, ամբոխավարական եղանակով ձևավորված մեծամասնություն` առանց քաղաքական կենսագրության ու պատկերացումների:
«Տներից հանել սամասուդ անել, սատկացնել», «թաթիկներն ու գլուխները կկտրենք», «վնգստում են», «ու՞մ շունն ա», «շնաբարո դուրսպրծուկ», «լավատեսություն ծծող», «տրյապկա», «մոմ ծախեք», «մնացուկներ», «լափել են», «թափթփուկներ», «փռելու ենք ասֆալտին», «այբբենարանը պետք է աղբանոց նետվի», «պատերով ենք տալու», «ոչ մի ձուկ, ոչ մի մուկ չի պլստալու», իշխանական ֆեյքերի հայհոյանքներ և այլն: Սա է ձեր սերմանած քաղաքական մշակույթը: Սա այն է, ինչն արդեն երկու տարի է մտել է մեր տեսադաշտ, ու դուրս չի գալիս: Օրեցօր ավելի ու ավելի կատարելագործված տեսք ստանալով, հասնում է սեռական բնույթի հայհոյանքների՝ այն ինչ երեկ տեսանք խորհրդարանում: Շնորհավորում եմ ձեզ, Ռուբիկոնն արդեն անցել եք:
Կարդացեք նաև
Սակայն տիեզերքն ունի պատճառի և հետևանքի օրենքը, որի համաձայն այս ամենը վերադառնալու պարտադիր հատկություն ունի: Եվ պատահական չէ, որ սոցցանցերում արդեն զանգվածային հայհոյանքների, սուր քննադատության ու դժգոհությունների են արժանանում հենց գործող իշխանությունները: Իսկ ինչո՞ւ է այդպես, և ինչո՞ւ են թվացյալ մեծ լեգիտիմություն ունեցող իշխանություններն արժանանում նման վերաբերմունքի: Ո՞ւր կորան այն մեծ ակնկալիքներն ու հույսերը:
Պատճառները պարզ են: Միշտ պետք է հիշել, որ խորհրդարանական մշակույթն անմիջական կերպով կախված է ընտրական ինստիտուտի նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքից։ Որքան ցածր է ընտրություններին գիտակցաբար մասնակցող քաղաքացիների տոկոսը, այնքան ցածր է խորհրդարանական մշակույթի մակարդակը։ Եթե իշխանափոխության պատճառներն ու ընթացքն ինձ համար որոշ առումով հասկանալի են, ապա որևէ մեկն ինձ չի կարող ապացուցել, որ 2018թ. ընտրությունները տեղի են ունեցել մարդկանց գիտակից ընտրության միջոցով՝ մտածված ու հավասարակշռված: Դըմփ, դըմփ հուն հենց այնպես չէր մտածված:
Մարդն, իհարկե, ընդունակ է սխալներ անելու, դա ինչ-որ տեղ նույնիսկ անխուսափելի է: Չմտածված, էմոցիոնալ, էյֆորիկ, պահի տակ, տաք գլխով կայացված ցանկացած քայլ կամ որոշում, որպես կանոն, բերում է հիասթափության: 2018թ. դեկտեմբերի 9-ի ընտրություններում իրենց որոշման պատճառով շատերն այսօր սկսել են հայհոյել, փոշմանել, տարակուսել, ափսոսել, հիասթափվել ու դժգոհել: Մնում է հուսալ, որ քաղաքականության այս դաժան կատակն այլևս չի մոռացվելու ու չի կրկնվելու:
P.S. #Ապաշնորհկառավարում, #անբարտավանկեցվածք, #սոցիալականկոլլապս, #տնտեսականճգնաժամ, #քաղաքականաճպարարություն, #արագբացահայտվողխաբեություններ, #արտաքինմարտահրավերներ, #իրավիճակինոչադեկվատքայլեր, #արժեքներիոտնահարում, #դատարկաբանություն… Սրանք այն հեշթեգերն են, որոնք արդեն վերաբերում են գործող իշխանություններին: