Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք հրաշալի խուսափում եք բոլոր հարցերին ուղղակի պատասխանելուց». պատգամավորը՝ Ջանջուղազյանին

Ապրիլ 29,2020 12:20

«Իմ կարծիքով՝ այս օրինագծի խոցելիությունն այն է, որ կառավարությունն ուզում է նոր պարտք ներգրավել՝ առանց կոնկրետ գործողությունների ծրագիր ունենալու եւ առանց այդ մասին մեզ տեղեկացնելու: Գործադիրը դեռեւս չգիտի, թե ներգրավված միջոցներն ինչպես պետք է ծախսվեն: Այդ պարտքի ո՞ր մասն է ուղղվելու ենթակառուցվածքային կապիտալ ծախսերին, որովհետեւ համավարակի սկզբում վարչապետն ասում էր, որ հենց այդ նպատակին պետք է ուղղվեն ներգրավված միջոցները»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին ասաց անկուսակցական պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Հիշեցնենք, որ խորհրդարանը քննարկում է 2020թ.-ի բյուջեի նախագծում փոփոխությունները, որոնք ենթադրում են 150 միլիարդ դրամ արտաքին պարտքի ներգրավում՝ կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետեւանքների վերացման նպատակով:

Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց. «Մասամբ համաձայն չեմ ձեր ասածի հետ առ այն, որ սոցիալական խնդիրները պետք է ստորադասվեն, հատկապես երբ խոսքը վերաբերվում է արտակարգ դրությանը: Իրավունք չունենք միայնակ թողնել հանրության այն հատվածին, որն ունի օգնության կարիք: Թե որ չափով դա կարվի ներգրավվելիք պարտքի, դա այլ հարց է, բայց ճգնաժամի առանձնահատկությունն այն է, որ ներգրավված միջոցներն օգտագործելիս կիրառվում է սոցիալական աջակցությունը: 80 միլիարդ դրամը նախատեսվում է օգտագործել, եւ դա դժվար է ասոցացնել սոցիալական ուղղության հետ, իսկ 25 միլիարդ դրամով աջակցելու ենք տնտեսվարողներին, ուստի այս միջոցներն ավելի երկարաժամկետ խնդիրների լուծմանն են ուղղված»:

Բաբաջանյանն արձագանքեց. «Ձեր՝ հարցերից խուսանավելու ավելի լավ մոտեցման չեմ հանդիպել: Դուք հրաշալի խուսափում եք բոլոր հարցերին ուղղակի պատասխանելուց, բայց հստակ ասեք՝ ներգրավվելիք միջոցներից որքա՞նն է բաժին հասնելու ենթակառուցվածքային եւ կապիտալ ծախսերին, թե ընթացքում է որոշվելու՝ առանց նախնական պատկերացման»: Ջանջուղազյանն ասաց՝ «Ձեր գնահատականի հետ դժվար է համաձայնել», դահլիճում ծիծաղ լսվեց: Նախարարը շարունակեց. «Պատասխանը կախված է հարցի ձեւակերպումից: Երբ գործնականում դժվար է այսօր ճշգրիտ պատասխանը ձեւակերպել, ու նման գնահատական է հնչում, այնքան էլ արդարացված չէ դա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930