Հայաստանի նման փոքր երկրում, ուր կարելի էր շատ արագ իրականացնել ի սկզբանե մատնանշված քայլերը, իշխանափոխությունից հետո այլ պատկեր ստեղծվեց։ Այս կարծիքին է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, որը, հետհայացք նետելով անցած երկու տարիների կառավարման խնդիրներին ու արդյունքներին, «Փաստի» հետ զրույցում նշեց, որ գլոբալ խոստումներն անկատար մնացին։ «Շատ խոստումներ, որոնք իսկապես վերաբերում էին հասարակության լայն շերտերի շահերին, և կողջունվեին նույն հասարակության կողմից, այդպես էլ խոստումների մակարդակում մնացին։ Իսկ այսօր արդեն այդ խոստումների մասին իշխանության ղեկավարը շատ դեպքերում «մոռանում է»։
Գագիկ Համբարյանը շեշտեց՝ հայաստանյան հասարակության համար այսօր քիչ թե շատ բացահայտվել է հեղափոխության քողի տակ իշխանափոխություն իրականացնելու խնդիրը. «Ն. Փաշինյանը շարունակում է պոպուլյար մնալ մասնավորապես «լոսանջելեսներում», «տորոնտոներում», «փարիզներում» գտնվող մեր այն համերկրացիների համար, որոնք իրենց հայրենիքը սիրում են հեռվից, գովում են հեռվից, բայց երկու տարում անգամ ծրագիր չեն մշակել, չեն մտածել այնտեղ կուտակած կապիտալը հարազատ երկրում ներդնելու համար»։
Քաղաքագետը շեշտեց, որ որևէ բնագավառում գլոբալ առումով մեծ փոփոխություններ չի նկատել։ Ըստ նրա, բացառություն են բանակի սննդի ապահովման ծրագիրն ու ճանապարհաշինությունը, որոնք լոկալ փոփոխություններ է համարում։ Համբարյանի խոսքով, ճգնաժամային իրավիճակն ավելի ցայտուն դարձրեց խնդիրները։ «Նույն ճգնաժամային կառավարման մեթոդները բացարձակ որևէ արդյունք չեն տալիս։ Հաշվի առնելով մեր հարևան երկրի՝ Վրաստանի օրինակը, կարելի է ասել, որ մեր կառավարության քայլերն ընդամենը իմիտացիա են. փորձում են ցույց տալ, որ քայլեր են ձեռնարկում, բայց դրանք իմիտացիայի դաշտում են։ Այս ճգնաժամային իրավիճակի հենց սկզբից մեր իշխանությունները ցույց տվեցին, որ իրենք բացարձակ որևէ աղերս չունեն ճգնաժամային կառավարման հետ։ Ստացվում է՝ իրենք իրենց սխալների հաշվին ու իրենց աշխատանքի ընթացքում նոր փորձ են ձեռք բերում, այնինչ ՀՀ-ն լաբորատոր նապաստակ չէ։ Չէ՞ որ կար միջազգային փորձը, ՀՀ-ի նման երկրների փորձը՝ ի դեմս հարևան Վրաստանի, որը դոնոր պետությունների հետ արդեն իսկ հետճգնաժամային տնտեսական ծրագրեր է մշակել, որտեղ ներգրավված է 1,5-3 մլրդ ԱՄՆ դոլար։ Մեծ հաշվով, կան բազմաթիվ օրինակներ, որոնք ապացուցում են մեր իշխանությունների՝ ճգնաժամային կառավարման հետ առնչություն չունենալու, ինչպես նաև ճկուն և արագ քայլեր ձեռնարկելու ունակության բացակայության մասին։ Ընդամենը խոստումներ, հուզառատ, բարձր տոնայնությամբ հաթաթաներ ու հայտարարություններ ենք լսում՝ ուրիշ ոչինչ»,-ընդգծեց մեր զրուցակիցը։
Քաղաքագետը շեշտեց, որ վարչապետի մակարդակով երկրորդական, երրորդական ու անգամ տասներորդական հարցերն առավել մեծ ուշադրության են արժանանում, իսկ առաջնահերթ հարցերը հաճախ անարձագանք են մնում։
Կարդացեք նաև
«Ն. Փաշինյանը ուզում է ավելին, քան նախորդները։ Խոսքը բոլոր՝ թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր, թե՛ դատական իշխանությունները ամբողջությամբ ենթարկեցնելու մասին է, ինչը, ի դեպ, Ն. Փաշինյանը չի էլ թաքցնում։ Եվ այս ճանապարհին օգտվում է հասարակության քաղաքականապես ոչ գրագետ լինելու հանգամանքից, ինչի հետևանքով մենք ականատես ենք լինում մի պատկերի, երբ, օրինակ՝ հանրաքվեի տրամաբանության մեջ ոչ մի խոսք չկար այն մասին, թե, ի վերջո, գործող իշխանություններին ինչու է պետք Սահմանադրական դատարանի վերաբերյալ փոփոխությունը»,-հավելեց քաղաքագետը։
Ամփոփելով՝ Համբարյանը շեշտեց. «Իրականում գործ ունենք սեփական ձախողումներն ուղիղ եթերների ժամանակ կեղծ օրակարգերի մեջ թաքցնելու փորձի հետ։ Փորձ է արվում հասարակության մոտ դեռ որոշ չափով պահպանված ռեյտինգի միջոցով զսպել ժողովրդի դժգոհությունը։ Այլ տարբերակ չկա, ոչ մի հարցի վերաբերյալ բացատրություններ չեն հնչում։ Հարցերը մեկնաբանվում են այն կտրվածքով, որով ձեռնտու է, իսկ հարցերը, որոնք պատասխաններ չունեն, անտեսվում են։ Փաշինյանի թիմակիցներից ոմանք, որոնք ընդամենը երկու տարի առաջ 150 -200 դրամ աշխատավարձ էին ստանում, իսկ հիմա «կարագի կարասում» են, կտրվել են իրականությունից։ Այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանը լավ գիտակցում, պատկերացնում է իրական վիճակը, ու «չկա անդրադարձ, չկա խնդիր» տրամաբանության մեջ փորձում է դրանք պարզապես չտեսնելու տալ։ Սա է պատճառը, որ մենք շատ դեպքերում ընդամենը շոուներ ենք տեսնում»։
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: