Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզո՞ւմ եք ամեն օր աշխատանքի գնալուց առաջ գանք Ազգային ժողով, հետո կամ գնանք գործի, կամ չգնանք». Ջանջուղազյանը՝ պատգամավորներին

Ապրիլ 29,2020 11:43

Կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի համար միջոցառումներ են իրականացվում ու կառավարությունը, ինչպես երեկ տեղեկացրել ենք, «Բյուջեի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով է հանդես եկել՝ ցանկանալով կառավարության որոշումներով, առանց ԱԺ-ի տարբեր ծրագրերի միջոցների տեղաբաշխումներ անել: Գործող օրենքով սահմանափակում կա, կառավարությունը դա կարող է անել մինչեւ 3 տոկոսի սահմաններում: Ու սրա հետ կապված՝ ընդդիմադիրները մտահոգություն ունեին, դժգոհում էին, որ սա ոտնձգություն է ԱԺ իրավասությունների նկատմամբ, ուզում են անսահման փող ծախսել՝ առանց ԱԺ-ին տեղյակ պահելու:

Այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանն առաջարկեց մտահոգությունները փարատելու համար 3 տոկոսը դարձնել 10 տոկոս:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ չհասկացվածություն կա: Իրենք չեն առաջարկում սահմանափակումները հանել, այլ պահպանելով դրանք՝ տնտեսությունն առաջ տանել. «Ընկալումը համարժեք չի եղել, մենք այդպիսի մտադրություն չենք ունեցել: Մենք առաջարկում ենք լրացուցիչ մուտքեր ներգրավել՝ չնախատեսված ծրագրեր ու միջոցառումներ հաստատելու հնարավորությունը ու նախագծում գրված է, թե մինչեւ ուր՝ մինչեւ 5 տոկոս կանխատեսվող փոփոխված ՀՆԱ մեծության, որը կազմում է 324 մլրդ դրամ: Սա վերաբերում է բացառապես համավարակի հակազդման միջոցառումներ նախատեսելուն»:

Նախարարը նաեւ ասաց. «Այն ռիսկը, որը երեկ այդպես փքված ներկայացվեց ընդդիմադիրների կողմից, պարզապես գերագնահատված է, այդպիսի ռիսկ չկա»:

«Իմ քայլի» պատգամավոր Եղիշե Սողոմոնյանն էլ ասաց, որ այդ 324 մլն-ը, որը հաշվել է կառավարությունը, կազմում է սահմանափակումների հաշվարկով 20 տոկոս, ուստի կարելի է նշել, որ այլ ծրագրերից վերաբաշխումների սահմանափակումը դարձնում ենք 20 տոկոս, ոչ թե 3, որովհետեւ հարցը շահարկվում է:

Իմքայլական Տիգրան Ուլիխանյանն էլ ասաց. «Մենք շահարկումներից խուսափելու համար կարիք չունենք տեքստեր փոխենք: Դուք էլ գիտեք, որ դա շահարկում է, դա անում են ոչ միայն ԱԺ ամբիոններից, այլ նաեւ հեռուստաեթերներում ու քաղաքացիները դա մեկնաբանում են, թե կառավարությունը ոնց ինչ ուզի՝ կանի: Մենք գիտենք, չէ՞, որ դա այդպես չէ, գիտենք, թե ինչ է գրված օրենքի փոփոխության տեքստում, մենք կարդացել ենք: Այստեղ նշված է, որ միմիայն կորոնավիրուսի հետ կապված ծախսերին է վերաբերում այս փոփոխությունը, այսինքն, սահմանափակում կա ու դա միջոցառումների բնույթով է պայմանավորված»: Ըստ Ուլիխանյանի, չնայած Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ տարընկալում է եղել հարցի, բայց իր կարծիքով ոչ մի տարընկալում չկա, լավ էլ հասկացել են. «Ուղղակի այդ մարդիկ էլ ինչո՞վ զբաղվեն, ժողովուրդ ջան, դա է հարցը: Մենք ինչքան էլ փորձենք այս ամեն ինչին անդրադառնանք, դա կեղծ ժամավաճառություն է»:

Համազասպ Դանիելյանն էլ արձագանքեց Ուլիխանյանին, որ եթե կարդացել եք ու գիտեք ինչ է գրված, նիստից հետո կարո՞ղ եք բացատրել, թե ինչու է նախագծի հիմնավորման մեջ 150 մլրդ գրված, բայց երբ քննարկում են, պարզվում է, որ դրա կրկնապատիկը` 324 մլրդ միջոցներ է տնօրինելու կառավարությունը ու այն եղանակով, որ չի ենթադրելու այնպիսի հիմնավորումներ, որոնք ցանկացած այլ հանրային միջոցների ծախսման ժամանակ ակնկալվում են:

Նախարարը բացատրեց, որ 150 մլրդ-ը նախատեսվում են կորոնավիրուսի հակազդման միջոցառումների համար, 324 մլրդ-ը նախատեսվում է բյուջեի դեֆիցիտի համար: Այդ դեֆիցիտը հետեւանք է ծախսերի:

Ուլիխանյանն ասաց, որ եթե թաքցնելու բան ունենային, թաքուն կանեին, չէին գա տեսախցիկների առաջ քննարկեին ու շատ լավ է, որ իրենք այսպես բաց քննարկում են: ԲՀԿ պատգամավոր Արթուր Գրիգորյանը դժգոհեց, որ հեչ լավ չի՝ պատգամավորներին գիշերը 12-ին ասում են, որ առավոտ 10-ին նիստ կա: Իմքայլական Արտակ Մանուկյանը բացատրեց, որ արտակարգ ռեժիմով են քննարկում, դրանից է, իսկ Արթուր Գրիգորյանը շարունակեց դժգոհել. «Ես պարտավոր չեմ համակարգչի առաջ գիշերել»:

Պատգամավորների առաջարկը՝ սահմանափակման տոկոսը մեծացնելու, Ջանջուղազյանի սրտով չէր: Արտակ Մանուկյանն ասաց, որ 10 կամ 20 տոկոս սահմանենք, որ դուք եւս մեկ անգամ գաք ԱԺ, առանց ԱԺ-ի չանեք: Նախարարը պատասխանեց. «Ուզո՞ւմ եք ամեն օր աշխատանքի գնալուց առաջ գանք Ազգային ժողով, հետո կամ գնանք գործի, կամ չգնանք: Հարցը դա չէ: Հարցը նրանում է, թե մենք ի՞նչ խնդիր ենք փորձում լուծել, այն խնդիրը, որը գոյություն չունի՞: Ուզում եք սա վերածվի խնդրի լուծման իմիտացիայի՞: Պետք է փորձենք լուծում գտնենք ոչ թե տոկոսի մասով, այլ՝ երեւույթի: Եթե ասում եք՝ կառավարությունը արձագանքող չի, եկեք բոլոր հարցերը թող ԱԺ-ն որոշի ու քննարկի: Բայց սա ուրիշ հարաբերություններ է ենթադրում կառավարության ու ԱԺ- ի ու ուրիշ կառուցակարգեր է ենթադրում»:

Համազասպ Դանիելյանն իր առաջարկը հետ վերցրեց: Նախագիծը ոնց կար, այդպես դրվեց քվեարկության ու հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ, բայց պայման դրվեց, որ ամիսը մեկ անգամ հանձնաժողովում կորոնավիրուսով պայմանավորված միջոցառումների մասին քննարկում կանեն հանձնաժողովում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930