ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանից երեկ հետաքրքրվեցինք, թե ինչ փաստաթղթի մասին է, ի վերջո, խոսել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, կա՞ սեղանին ղարաբաղյան խնդիրը փուլային տարբերակով կարգավորելու որեւէ փաստաթուղթ, թե՞ ոչ, ինչի մասին հիշատակել էր Լավրովը ապրիլի 21-ի տեսակոնֆերանսի ժամանակ:
«Նախ կարծում եմ՝ մեր արտգործնախարարությունը նախարարի մակարդակով հստակ արձագանքել է այդ հայտարարությանը՝ չկա փաստաթուղթ, ավելին՝ այդ տարբերակը, որին անդրադարձել էր ՌԴ արտգործնախարարը՝ փուլային կոչվող տարբերակը, մեզ համար ընդունելի չէ: Եվ այս պահի դրությամբ որեւէ փաստաթուղթ սեղանին չկա: Եթե լինի այդպիսի փաստաթուղթ, պատկան մարմինները՝ հանձին Փաշինյանի եւ արտգործնախարարի, որոնք անմիջական բանակցողներն են, չեն զլանա դա հանրությանը ներկայացնել, եւ որեւէ բան թաքցնելու միտում չկա: Ես Ձեզ ավելին կասեմ․ եթե լիներ փաստաթուղթ, իսկապես, եւ փորձեինք դա գտնել այլ աղբյուրների միջոցով, ապա դիտարկեք համանախագահների՝ առնվազն վերջին մեկ-մեկուկես տարվա բոլոր համատեղ հայտարարությունները, որտեղ արձանագրվում է այն, ինչի մասին մենք խոսում ենք»,- ասաց Տաթեւիկ Հայրապետյանը:
– Եթե բանակցային սեղանին փաստաթուղթ չկա՝ ըստ հայկական կողմի, ինչո՞ւ է, այդ դեպքում, ռուսական կողմն ասում, որ կա:
– Պատճառները տարբեր կարող են լինել՝ նման հայտարարության հետ կապված, ընդհանուր առմամբ՝ ես կարծում եմ, որ Լավրովը խոսել է տարբեր լուծումների մասին եւ թե ինչու այդ հայտարարությունն արեց, ես չեմ մեկնաբանի, որովհետեւ դա ՌԴ արտգործնախարարի հայտարարությունն է:
Կարդացեք նաև
– Իսկ կարիք չկա՞, որ մեր կողմից հարցում արվի ռուսական կողմին՝ հասկանալու, թե ինչու է նման հայտարարություն արել մեր ռազմավարական դաշնակիցը, որպեսզի թյուրըմբռնում չառաջանա, քանզի այս դեպքում հարց է առաջանում՝ ո՞վ է ստում՝ Լավրո՞վը, թե՞ մենք:
– Ես կարծում եմ, որ մեր խոսքին կասկածելու որեւէ հիմք չկա, իսկ թե ինչու արվեց նման հայտարարություն, ես վստահ եմ, որ դիվանագիտական տարբեր խողովակներով դրա հետ կապված, իհարկե, կլինեն նաեւ համապատասխան հանձնարարականներ: Պարտադիր չէ, որ ամեն ինչ լինի հանրային:
– Հիմա Դուք վստահեցնում եք, որ այս պահին որեւէ փաստաթղթի մասին խոսք չկա, եւ ղարաբաղյան խնդրի կարգավորման որեւէ տարբերակ չունե՞նք:
– Մենք այս պահի դրությամբ որեւէ փաստաթղթային տարբերակ չունենք, մենք հիմնականում խոսել ենք տարբեր հումանիտար միջոցառումների մասին, Դուք նաեւ ականատես եք եղել դրանց իրագործմանը՝ սահմանային միջադեպերի որոշակի նվազեցում, լրագրողների փոխայցեր եւ այլն, եւ, իհարկե, Փաշինյանը դրա մասին բազմիցս ասել է, եթե մեզ առաջարկվի որեւէ լուծում, որը մենք քիչ թե շատ հնարավոր կհամարենք, մենք կբերենք եւ դա կներկայացնենք ժողովրդին: Ուղղակի մի պարզ բան ասեմ՝ պետք է հասկանալ, որ ղարաբաղյան հարցի լուծումը երկրի ղեկավարների համար չէ, դա այստեղ ապրող ժողովուրդների համար է: Եվ եթե դա ժողովուրդների համար ընդունելի եւ ընկալելի չլինի, ինչ փաստաթուղթ էլ լինի սեղանին, դառնում է ուղղակի իմաստազուրկ:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: